▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահա, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին խնդրեց վերադառնալ.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրությունների քրոզարշավը նոր-նոր է սկսում հունի մեջ մտնել, բայց արդեն բազմաթիվ սոցիոլոգիական հարցումներ են հրապարակվել, թե որ կուսակցությունն ու դաշինքը որքան շանս ունեն:

Հայաստանում նախընտրական շրջանում անցկացվող այդ հարցումները, որպես կանոն, հավատ չեն ներշնչում, համարվում են ընտրակեղծարար իշխանությունների տրամադրությունների ինդիկատոր:

Այս ընթացքում ամենատարբեր կազմակերպությունների հրապարակված  հարցումների արդյունքներով առաջին եռյակն անփոփոխ է`«Ծառուկյան» դաշինք, ՀՀԿ, «Ելք» դաշինք:

Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) տնօրեն Վալերի Ֆյոդորովը երեկ ասուլիսում ներկայացրել էր, ըստ իրենց ուսումնասիրությունների, ինչպիսին կլիներ ընտրությունների պատկերը, եթե դրանք կայանային առաջիկա կիրակի: Ըստ այդմ`«Ծառուկյան» դաշինքը կստանար 26,4  տոկոս ձայն, ՀՀԿ-ն` 22,8 տոկոս, «Ելք» դաշինքը`4.3 տոկոս:

«Ազատության» եթերում Փաշինյանն ասաց, որ նույն կենտրոնի իր աղբյուրների նշած թիվը առնվազն երեք անգամ մեծ է հրապարակվածից: Այսինքն «Ելք» դաշինքը այս պահին 14 տոկոս ձայն ունի: 

Առաջին հայացքից, տարօրինակ է, որ սոցիոլոգիական հարցումների հրապարակային արդյունքներով առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է, եւ ոչ` ՀՀԿ-ն: Սակայն, Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, ինչպես առիթ ունեցել ենք գրելու, ուղղակիորեն կապված էր Հայաստանի քաղաքական կյանք վարչապետ Կարեն Կարապետյանի մուտքով: Ծառուկյանը պետք է իշխանությունների ձեռքում գործիք դառնար Կարեն Կարապետյանին զսպելու, նրա հնարավոր քաղաքական ծրագրերն ու հավակնությունները հակակշռելու համար: Կոնկրետ այս փուլում Ծառուկյանի միջոցով Կարեն Կարապետյանին թույլ չի տրվում շատ ոգեւորվել իր 80 տոկոս վարկանիշով:

Կարապետյանին «ռամկաների» մեջ պահելն իհարկե կարեւոր է, բայց նախընտրական շրջանում նման թվեր հրապարակելը կարող էր նաեւ ռիսկային լինել: Ամեն դեպքում քաղաքական ուժը, տեսնելով, որ առաջատար դիրքերում է, կարող է ձգտել քվեարկության արդյունքներով նույնպես գրավել այդ դիրքը եւ հաջորդ իշխանությունը ձեւավորել:  

Հնարավոր է, բայց ոչ Ծառուկյանի դեպքում: Ծառուկյանին հիմա կտտանքների էլ ենթարկեն Սերժ Սարգսյանի դեմ դուրս չի գա: Եվ դա լավագույնս երեւաց Լոռվա մարզում այսօրվա նախընտրական հանրահավաքի դրվագով, երբ քաղաքացիներից մեկը քիչ էր մնում Սերժ Սարգսյանին քննադատեր, բայց Ծառուկյանը ժամանակին կանխեց:  

Փորձենք այնուամենայնիվ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե Գագիկ Ծառուկյանը այս ընտրություններից առաջ չվերադառնար քաղաքականություն: Շատ բան չէ,  ընդամենը  «Ելք» դաշինքը քարոզարշավի սկզբում կհայտնվեր երկրորդ տեղում` մինչեւ քարոզչության ավարտը առաջին հորիզոնականը գրավելու ռեալ հեռանկարով: Ճիշտ է, այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին խնդրեց մոռանալ ամեն ինչ եւ վերադառնալ, «Ելք» դաշինք գոյություն չուներ: Բայց կային դաշինքի լիդերները, կար Ռոբերտ Քոչարյանը, Կարեն Կարապետյանը, պաշտոնից նոր հեռացած պաշտպանության նախարարը: Ու չէր բացառվում, որ նրանցից որեւէ մեկը պարտիան հաջող կխաղար եւ հաղթանակի շանսեր կստանար, ինչպես փաստորեն եղավ «Ելք»-ի դեպքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին