ՀՀ տրանսպորտային պետական տեսչությունը պատշաճ վերահսկողություն չի իրականացնում ուղևորափոխադրումների վերաբերյալ ՀՀ օրենսդրության նկատմամբ (մասնավորապես, Ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքի նկատմամբ)։ Այսպես, լրիվ օրինական հիմունքներով երթուղին շահագործող կազմակերպությունը (ինչի իրավունքը ձեռք է բերել մրցույթի արդյունքում) կրում է վնասներ, քանի որ տվյալ երթուղում աշխատում են, այսպես կոչված, «սպիտակ պետհամարնիշներով» ավտոտրանսպորտային միջոցներ։ Այսինքն` տեսչության անգործության հետևանքով պատճառվում է վնաս երթուղին օրինական հիմունքներով շահագործող տնտեսվարողին, որն օրենքով սահմանված կարգով հաղթել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից անցկացված մրցույթում, ունի համապատասխան գործունեության թույլտվություն (լիցենզիա) և օրենքով սահմանված կարգով մուծում է հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ։ Տեսագրության մեջ և նկարներում առկա են նշյալ առանց լիցենզիայի գործող, այսպես կոչվող, «սպիտակ պետհամարանիշերով» որոշ փոխադրողներ (այդպիսիք ավելին են ցուցադրվածներից): Այս իրավիճակն է տիրում Արմավիր-Երևան, Երևան-Արմավիր երթուղում։
Տեղեկությունն ու կադրերը՝ Հայերի համար ֆեյսբուքյան էջից
Asekose.am-ը պատրաստ է պարզաբանման համար հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին: