Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն հոկտեմբերի 26-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպերշիկին: Քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:
«Մինսկի խմբի համանախագահներն անընդհատ այցելում են մեր տարածաշրջան, բայց չեմ կարծում, որ առաջիկայում լուրջ առաջխաղացում լինի, քանի որ այդ ձևական հանդիպումները պարզապես բանակցային գործընթացի շարունակությունն են ցույց տալիս»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով՝ նմանատիպ կոնֆլիկտները շատ արագ չեն կարող լուծվել, առավել ևս եթե դա քառորդ դար է տևում.
«Հասարակություններն ունեն իրարամերժ մոտեցումներ, դրա հետ մեկտեղ՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը նավթագազային եկամուտներից կորցրել էր իրականության զգացողությունը: Նախորդ տարիներին արված իր հայտարարությունների արդյունքում ինքն է ընկել ծուղակը: Ուստի, այս ամենից հետո շփման գծում իրավիճակը կայունացնելու համար Ադրբեջանն ի վիճակի չէ գնալ որևէ զիջումների»,-նկատեց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է սահմանում առկա լարվածությանը՝ Սերգեյ Մինասյանը նշեց, որ Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններից հետո, եթե կլինեն ինչ-որ զարգացումներ, գուցե սահմանը կրկին լարվի:
Անի Կարապետյան