Էներգակիրների գնի անկումը տնտեսական լուրջ խնդիրներ է հարուցել նավթային պաշարներով հարուստ երկրների համար: Ադրբեջանը, որի տնտեսության մոտ 95 տոկոսը հիմնված է նավթի, գազի և նավթամթերքների արտահանման վրա, կրում է տնտեսական ճգնաժամի ազդեցությունը:
Ադրբեջանի ԿԲ-ի հրապարակած զեկույցի համաձայն` այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրումների ծավալն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 34,2 տոկոսով: Ներդրումների ծավալը գյուղանտեսության բնագավառում նվազել է 74,1 տոկոսով, արդյունաբերության մեջ` 12,8 տոկոսով, տեղեկատվության և կապի ոլորտում` 87,6 տոկոսով, շինարարության մեջ` 48,3 տոկոսով, զբոսաշրջիկների տեղավորման և հասարակական սպասարկման հատվածում` 83,3 տոկոսով, առևտրում` 89,5 տոկոսով: Բյուջետային ներդրումների ծավալը կրճատվել է մոտ 5 անգամ, իսկ արտաբյուջետային ներդրումների ծավալը` մոտ 45 անգամ: Ադրբեջանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում անկում է գրանցվել, ու սպասվում է, որ այս իրավիճակը դեռ կպահպանվի:
Տնտեսական այսպիսի դժվարությունների ֆոնին Իլհամ Ալիևը փորձում է լարել իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հանրությանը շեղել երկրի ներքին խնդիրներից ու երկրի բնակչության հուզող գլխավոր խնդիրը դարձնել ղարաբաղյան հիմնախնդիրը: Հարց է առաջանում, թե ինչո՞վ պետք է արդարացներ ադրբեջանական ղեկավարությունը միլիարդավոր դոլարների հասնող զենքերի ձեռքբերումը, այն դեպքում, երբ տնտեսական գահավիժումը արդեն իսկ իրողություն է: Չէ, որ այդ միլիարդավոր դոլարները կարող էին ուղղվել տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման և դիվերսիֆիկացման համար:
Մյուս կողմից, Ադրբեջանի համար տեսանելի են, որ ղարաբաղյան կողմի նկատմամբ նորանոր սադրանքների գնալու և իրավիճակը էսկալացիայի տանելու պայմաններում, այդ երկրի տնտեսական վիճակը ոչ միայն չի բարելավվի, այլև կմեծանա կրախի առաջ կանգնելու հավանականությունը, քանի որ ադրբեջանական նավթահորերը և խողովակաշարարերը կդառնան հայկական ուժերի համար հիմնական թիրախը` զրկելով ադրբեջանական տնտեսությանը սնուցող զարկերակից: Այսպիսի իրադրության պայմաններում Ադրբեջանը հակված է զերծ մնալ լայնամասշտաբ պատերազմական գործողություններից, սակայն շարունակել լարվածությունը ղարաբաղա-արդրբեջանական շփման գծում, խախտել հրադադարը և նույնիսկ դիմել «բլիցկրիգների» գնալու մարտավարության:
Այսպիսով, կարող ենք նշել, որ տնտեսական անկման պայմաններում Ադրբեջանը ագրեսիվ քաղաքականություն է որդեգրել, որին հակազդելու համար հայկական կողմը ոչ միայն պետք է հզորացնի իր ռազմական ներուժը, այլև անցնի խնայողական ռեժիմի, տնտեսվարման օպտիմալ տարբերակների, զարկ տա տնտեսության զարգացմանը, ինչի համար վերջին շրջանում արդեն իսկ հող է նախապատրաստվում: