Asekose.am-ը զրուցել է քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի հետ Ադրբեջանի կողմից սպասվող զորավարժությունների անցկացման, դրա նպատակի և հնարավոր հետևանքների մասին:
-Հայտնի է, որ Ադրբեջանի կողմից սպասվող զորավարժություններում ներգրավվել են 60.000 զինծառայող, 700 հրթիռահրետանային կայանք, 150 միավոր տանկ եւ այլ զրահատեխնիկա, ինչպես նաեւ շուրջ հինգ տասնյակ մարտական ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Զորավարժությունների անցկացումը Վիեննայի փաստաթղթի ակնհայտ խախտում է, քանի որ առկա է երկկողմ հստակ պարտավորություն, որ եթե կողմերից մեկը ավելի քան 9 հազարանոց զորքի մասնակցությամբ զորավարժություններ է պլանավորում, դրա մասին պարտավոր է նախապես տեղեկացնել քառասուներկու օր առաջ: Ձեր կարծիքով` ինչի՞ մասին է վկայում նմանատիպ պահվածքը:
-Իսկ Ադրբեջանը ո՞ր ստանձնած պարտավորությունն է կատարում, որ այս մեկի կատարման հարցում համարեինք անակնկալ: Ըստ էության` մասշտաբայնության առումով, աննախադեպ զորավարժություն է՝ նվազագույնը «մուսկուլի» ցուցադրում, առավելագույնը՝ մասշտաբային գործողության նախապատրաստում:
-Եթե իսկապես այդ զորավարժություններն անցկացվում են Վիեննայի պայմանավորվածությունների խախտմամբ, ապա առավել քան տարօրինակ է ինչպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների անտարբերությունը, այնպես էր Երևանի կողմից նրանց առջև ստեղծված իրավիճակի առումով հստակ գնահատականներով հանդես գալու պահանջ չդնելու դիրքորոշումը:
-Այս զորավարժությունները նաև բանակցային գործընթացի վրա ազդելու, իսկ ավելի կոնկրետ՝ ճնշումներ գործադրելու միջոց են: Կարծում եմ՝ միջնորդ երկրները այս իրավիճակում չպետք է պասիվ դիրք ընդունեն, առավել ևս՝ անտարբերություն ցուցաբերեն. ենթադրելի է, որ որևէ ձևով արձագանք կլինի՝ ներքին դիվանագիտական խողովակներով կամ հրապարակային հայտարարությամբ, միգուցե երկուսն էլ միասին:Ամեն դեպքում այսպիսի զորավարժությունները չեն նպաստում ինչպես կայունության պահպանմանը, այնպես էլ բանակցային գործընթացի վերսկսմանը:Ադրբեջանն իր ռեուրսներն ու ջանքերը պետք է ուղղի ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, այլ ոչ թե շանտաժի կամ ճնշման եղանակներ փնտրի:
-Իսկ ի՞նչ եք կարծում` պատահականություն է արդյո՞ք, որ այս զորավարժություններն անց են կացվում Համբուրգի հնարավոր հանդիպումից առաջ :
-Ամեն դեպքում, որքան ես գիտեմ, սա պլանավորված զորավարժություն չէր և կարող է տարբեր նպատակների ծառայեցվել:
Հեղինակ`Լիլիթ Նավասարդյան