Ադրբեջանն անընդհատ սահմանային լարվածություն է ստեղծում՝ հաճախ որպես թիրախ ընտրելով սահմանամերձ գյուղերը: Այն, թե ինչ է կատարվում հայկական գյուղերում՝ հայտնի է բոլորին, իսկ հակառակորդի գյուղերի մասին չկա ոչ մի տեղեկատվություն: Երբեմն հայկական կողմն է պաշտոնական կերպով հայտնում այնտեղ տիրող իրավիճակի մասին:
«Ադրբեջանը լարվածության աճի դեպքում նախօրոք տարհանում է խոցելի դիրքում գտնվող սահմանային գյուղերի բնակչությանը, քանի որ գիտի՝ ինչ է խոցելու հայկական կողմում»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:
Նրա փոխանցմամբ՝ իրականում Ադրբեջանի բնակչությունը խուճապի մեջ է.
«Ուստի, մենք պետք է խոցենք ի պատասխան նրանց գործողությունների, ինչն էլ հիմք կհանդիսանա, որ իրենց ժողովուրդը տեղեկություն ստանա, քանի որ դժվար կլինի նրանցից թաքցնել մեծ կորուստները: Եվ, ամենակարևորը, հայկական կողմը մարդասիրական սկզբունքներով է շարժվում՝ մի քանի անգամ օդում կրակելով: Բայց, եթե 10 սադրանքին 1 անգամ ես պատասխանում՝ հաջորդ անգամ 1000-ը կլինի»,-նշեց ադրբեջանագետը:
Ինչ վերաբերում է հայկական կողմից սահմանային լարվածության մասին տեղեկատվության տրամադրմանը՝ ադրբեջանագետը նկատում է.
«Լավ կլիներ, որ լրատվամիջոցների հղմամբ տեղեկություն լիներ, կամ հասարակական կազմակերպությունների, ոչ թե պաշտոնական, որովհետև վաղը եթե մի բան լինի՝ Ադրբեջանը կասի, թե հայերը խաղաղ բնակչությանը ագրեսիայի են ենթարկում»:
Անի Կարապետյան