«Բանակցային գործընթացի նկատմամբ մոտեցումը պետք է փոխվի: Մենք չունենք պաշտոնական փաստաթուղթ, որտեղ ներկայացված կլինեն Ադրբեջանի բոլոր հանցագործությունները՝ սկսած Սումգայիթից: Անընդհատ խոսում ենք Ադրբեջանի կողմից ներկայացված տարածքների, փախստականների մասին: Ադրբեջանը ընդհանրապես փախստական չունի: Այդ մենք ունենք փախստականներ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ հավելելով.
«1994-96թթ.երբ որ Ադրբեջանը շատ թույլ էր ու խնդրողի դերում, մեզ չհաջողվեց ճանաչել Արցախն ու նրան էլ պարտադրել նույնը, իսկ հիմա այդ երկիրը վերափոխվել է, մեծ գումարներ են ծախսում երկրի իմիջը բարձրացնելու համար: Ամեն ինչ անում են, որ լավ պետություն ներկայանան: Մեր խնդիրը հիմա իրավիճակը լրիվ փոխելն է: Պետք է կարգ ու կանոն հաստատենք մեր երկրում, իրավական փաստաթուղթը դնենք սեղանին: Ադրբեջանը հստակ դիրքորոշում ունի.նա ասում է, որ չի ճանաչում Արցախը որպես ինքնուրույն պետություն: Ավելին՝ պնդում է, որպեսզի իրեն 7 շրջան տան: Ախորժակը մեծացել է, դրա համար պարտավոր ենք ներկայացնել նոր մոտեցում»:
ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ նկատեց. «Մենք կարծում ենք, որ այլընտրանք չկա, Արցախը անկախ պետություն պետք է լինի, և առանց դրա մենք ուրիշ հարց պատրաստ չենք քննարկել: Իսկ, թե ինչպիսի գոտի պետք է ունենա, դա մասնագետների քննարկման հարցն է»:
Անի Կարապետյան