Երևանում մեկնարկել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումը, որին մասնակցում են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ադրբեջանը շարունակում է մերժել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները և պարբերաբար խախտում է հրադադարի պայմանագիրը, ինչը հանգեցնում է զոհերի` նաև խաղաղ բնակչության շրջանում: Այս մասին իր ելույթում ասաց Սերժ Սարգսյանը:
«Բոլորովին վերջերս Ադրբեջանը կոպտորեն խախտում էր հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում՝ օգտագործելով ծանր զինատեսակներ: Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային իրավունքի բոլոր նորմերը և ստանձնած պարտավորությունները հակամարտության կարգավորմանը հասնելու ճանապարհին»:
Նա նշեց, որ Ադրբեջանն իր ապակառուցողական քայլերն արդարացնելու համար պարբերաբար հղում է կատարում հակամարտության կարգավորման ՄԱԿ-ի անվտանգության 4 բանաձևերին, սակայն առաջինն ինքն է խախտում այդ բանաձևերը:
«Այդ 4 բանաձևերից ամենակարևորը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն է, Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորումն է, իսկ Ադրբեջանը ցույց է տվել, որ ընդունակ չէ դրան: Հետևաբար, հենց Ադրբեջանն է խախտում այդ բանաձևերը,- նշեց Սերժ Սարգսյանը:
Հավելենք, որ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ Միջազգային համաժողովին մասնակցելու են ԲՈՒՀ-ի տարբեր շրջանավարտներ ողջ աշխարհից. հայտնի տնտեսագետներ, մշակույթի գործիչներ, բիզնես հասարակության և խոշոր ձեռնարկությունների ներկայացուցիչներ։ Ընդհանուր. Հայաստան են ժամանել 300-ից ավելի մասնակիցներ շուրջ 40 երկրներից: