▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը պետք է հասկանա, որ թիրախավորվելու է նաեւ Բաքուն. Դավիթ Բաբայան

armtimes.com-ը գրումէ. ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ երկուշաբթի Սանկտ Պետերբուրգում սպասվող Սարգսյան-Ալիեւ-Պուտին եռակողմ հանդիպման ընթացքում Ադրբեջանը փորձելու է խոչընդոտել շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրմանը, որի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռ Վիեննայի հանդիպման ժամանակ:

«Կարծում եմ, ամենակարեւոր խնդիրներից մեկն այն է, որ Վիեննայի բանակցությունների ժամանակ եկան ընդհանուր հայտարարի, որ պետք են այդպիսի մեխանիզմներ ներդնել: Սա առաջին փուլում է, երբ որ կա արդեն ընդհանուր համաձայնություն: Հիմա ընդհանուրից պետք է գնանք դեպի մասնավորը: Պետք է սկսել տարբեր հանդիպումների ժամանակ քննարկել՝ ինչ կարելի է անել, որն է առաջին քայլը, որն է երկրորդը: Իհարկե, շատ բարդ գործընթաց է լինելու, Ադրբեջանը ըստ ամենայնի խոչընդոտելու է դրան, բայց այլ տարբերակ չկա, պետք է աշխատենք այս ուղղությամբ»,- ասաց Բաբայանը:

- Պարոն Բաբայան, Ադրբեջանում անցկացված սոցիոլոգիական հարցման մասնակիցների մեծ մասը կարծիք է հայտնել, որ «Ֆորմուլա 1»-ից հետո պատերազմը կվերսկսվի: Որքանո՞վ է դա իրատեսական:

- Կարծում եմ, որ պատերազմ վերսկսելու հավանականություն միշտ էլ կա, բայց հավանականության աստիճանը պետք է հաշվի առնենք: Ադրբեջանը մեծ կորուստներ է տվել քառօրյա պատերազմի ժամանակ, եւ դժվար կլինի նրա համար շատ շուտ ապաքինվել եւ սկսել: Նամանավանդ, որ դեռ իրենց հասարակությունը պատրաստ չէ երկարատեւ պատերազմի: Հետո այստեղ որակի խնդիր կա, մենք պայքարում ենք մեր ընտանիքի, մեր հայրենիքի համար, իրենք ինչի՞ համար պետք է պայքարեն, եթե իրենց մոտիկներին որեւէ վտանգ չի սպառնում, այ եթե սկսվի պատերազմը, այդ ժամանակ կսպառնա: Այսինքն սա չի լինելու տեղական պատերազմ միայն սահմանամերձ շրջաններում, Ադրբեջանի բոլոր քաղաքներն ու գյուղերը թիրախավորվելու են, այդ թվում նաեւ՝ մայրաքաղաք Բաքուն, մնացած քաղաքները, եւ սա լավ պետք է հասկանա նաեւ Ադրբեջանը եւ նման ավանտյուրայի չդիմի եւս մեկ անգամ:

- Ադրբեջանում հունիսի 19-ից զորավարժություններ են սկսվելու: Ի՞նչ եք կարծում, պատահականությո՞ւն է, որ լայնամասշտաբ այդ զորավարժությունները համընկնում են Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպման հետ:

- Ոչ, կարծում եմ՝ նրանք դիտավորյալ են նման զորավարժություններ անցկացնում: Սա կարող է ունենալ երկու պատճառ՝ առաջինը, ինչ-որ ձեւով շանտաժի ենթարկել միջազգային հանրությանը, երկրորդը. միգուցե շատ մարդիկ կան, որ գալիս են «Ֆորմուլա 1»-ը դիտելու, որ իրենք էլ տեսնեն Ադրբեջանի բանակի «հզորությունը» եւ պարզապես նաեւ թիթիզանալու մի ձեւ է: Բայց կարծում եմ սա որեւէ ձեւով չի նպաստում խաղաղությանն ու կայունությանը տարածաշրջանում, ընդհակառակը, եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ մենք գործ ունենք անկանխատեսելի մի պետության հետ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին