Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն շարժման Քարտուղարության հայտարարությունը
Թրանսփարենսի Ինթերնեշնլը և եվրոպական վեց երկրներում նրա պաշտոնական ներկայացուցիչներն այսօր կոչ են արել Եվրոպայի Խորհրդի երեք բարձրագույն պաշտոնակատարներին` հետաքննելու այդ կազմակերպության ներսում առկա կոռուպցիայի վերաբերյալ լուրջ մեղադրանքները և հայտնում են իրենց խորին մտահոգությունը Եվրոպայի մարդու իրավունքները պաշտպանող ամենակարևոր կառույցում արդյունավետ հակակոռուպցիոն ներքին մեխանիզմների ակնհայտ բացակայության կապակցությամբ:
Թրանսփարենսի Ինթերնեշնլը, որը հանդիսանում է աշխարհի ամենամեծ հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպությունը, պահանջում է Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար պարոն Թորնբյորն Յագլանդից սկզբունքային պատասխան Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) առկա կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքներին, որոնք վերջերս հնչեցվել են Եվրոպական կայունության նախաձեռնության (ԵԿԽ) կողմից:
Ելնելով իր կողմից իրականացված հետաքննության արդյունքներից` ԵԿԽ-ն պնդում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանն ապօրինի կերպով ազդել է Եվրոպայի Խորհրդի գործունեության և մարդու իրավունքների վերաբերյալ քվեարկությունների արդյունքների վրա` ենթադրաբար փոխանցելով ահռելի գումարներ և այլ բարիքներ ԵԽԽՎ-ի առանցքային պատգամավորներին:
«Վարքագծի կանոնների խախտումների ցանկացած հետաքննությունը և այդպիսի խախտումների հետ կապված հետագա քայլերի վերաբերյալ որոշումների ընդունումը թողնված է բացառապես Վեհաժողովի նախագահի իրավասությանը և գտնվում է պատգամավորների լիակատար հսկողության տակ», – նշվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի Քարտուղարության նամակում, որը ստորագրել են նաև կազմակերպության վեց երկրներում (Չեխիա, Ֆրանսիա, Իտալիա, Լատվիա, Իսպանիա և Մեծ Բրիտանիա) պաշտոնական ներկայացուցիչները:
Թրանսփարենսի Ինթերնեշնլը կոչ է անում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդին, Նախարարների կոմիտեի նախագահ Իոաննիս Կասուլիդիսին և Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտ Ֆոնտ դե Մորային ձեռնարկել հետևյալ կոնկրետ քայլերը.
- Հրապարակավ հանդես գալ խիստ հայտարարությամբ` հաստատելով որ կոռուպցիան տեղ չունի Եվրոպայի Խորհրդում:
- Աջակցել ԵԽԽՎ-ում լավագույն միջազգային չափանիշներին համապատասխանող բարեվարքության հատուկ համակարգի ստեղծմանը, որը կապահովի իր անդամների կողմից էթիկայի բարձրագույն չափանիշներով առաջնորդվելը:
- Այս տիպի հարցերով փորձագետի ղեկավարությամբ ձեռնարկել անկախ հետաքննություն 2013թ. հունվարին ԵԽԽՎ նստաշրջանում Ադրբեջանում քաղբանտարկյաների վերաբերյալ զեկույցի քվեարկության հանգամանքների և ադրբեջանական պատվիրակության անդամների վարքագծի վերաբերյալ:
«Առանձնապես կարևոր է մշակել վճռական դիրքորոշում քաղբանտարկյալների հարցում սկզբունքայնություն դրսևորելու վերաբերյալ», – նշված է այսօրվա նամակում:
Տես Թրանսփարենսի Ինթերնեշնլի