▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը հիստերիկ արշավ է ծավալել ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների դեմ. ԼՂՀ ԱԳՆ

Ադրբեջանի իշխանությունները շփման գծում իրավիճակի սրման, չդադարող հետախուզական-դիվերսիոն գործողությունների փորձերին եւ խոշոր տրամաչափի ականանետների եւ հրետանու կիրառմամբ շարունակական գնդակոծություններին զուգահեռ հիստերիկ արշավ են ծավալել ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների դեմ: Այդ մասին ասվումէ  ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Ս.թ. օգոստոսի 31-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սեպտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները դատապարտող  հայտարարությամբ: Հայտարարությունը, որը  պարունակում է ԼՂՀ եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի մերկապարանոց մեղադրանքների ավանդական   հավաքածուն, ակտիվորեն տարածվում է միջազգային կազմակերպություններում եւ կառույցներում: Իրենց հերթին իշխանությունների վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական ԶԼՄ-ները մրցակցություն են սկսել՝ տարբեր պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից նմանատիպ դատապարտող մեկնաբանություններ կորզելու նպատակով:

Ադրբեջանի կողմից ԼՂՀ  ՏԻՄ ընտրությունների դատապարտումը  վկայում է ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների նկատմամբ Ադրբեջանի ղեկավարության  խուճապային վախի մասին: Դա առանձնապես ակնհայտ է դառնում Ադրբեջանում մարդու իրավունքների եւ խոսքի ազատության աստիճանական վատթարացման ֆոնի վրա, որտեղ ընտրությունները վեր են ածվել իշխանությունը ժառանգաբար փոխանցելու անվերջանալի գործընթացի, իրավապաշտպանները, լրագրողները հետապնդվում են այլախոհության համար, իսկ բնակչությունը զրկված է իր իրավունքներն ու ազատությունները լիարժեք իրացնելու հնարավորությունից: Անդառնալիորեն վերջ դնելով իր երկրում ժողովրդավարության ցանկացած պատրանքներին՝ Ադրբեջանի ղեկավարությունը չի հրաժարվում մարդու իրավունքների  իր «չափանիշները» միջազգային հանրությանը, ներառյալ հարեւան երկրներին, փաթաթելու փորձերից:

Այդ կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ, հավատարիմ մնալով ժողովրդավարական արժեքներին եւ սկզբունքներին՝ ԼՂՀ-ում իշխանության մարմինների ձեւավորումն իրականացվում է բացառապես ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրությունների միջոցով, որոնք ԼՂՀ քաղաքական մշակույթի անբաժանելի մաս են դարձել:

Առաջիկա ընտրությունները ԼՂՀ ՏԻՄ թվով վեցերորդ ընտրություններն  են: Առաջին ՏԻՄ ընտրությունները, այդ թվում նաեւ Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար, կայացել են 1998 թ. սեպտեմբերի 27-ին:

Տեղական ինքնակառավարման իրականացումը, որը հնարավություն է ընձեռում քաղաքացիներին անմիջականորեն մասնակցել պետական գործերի կառավարմանը, ամրագրված է ԼՂՀ Սահմանադրության մեջ՝ միջազգային իրավունքի, մասնավորապես, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի  չափանիշներին  լիովին   համապատասխանությամբ:

Հատուկ կարեւորություն տալով տեղական ինքնակառավարման ինստիտուտին՝ որպես ժողովրդի իշխանության ուղղակի  եւ ներկայացուցչական իրականացման ձեւերից մեկը եւ ցանկացած ժողովրդավարական կարգի հիմք, ԼՂՀ իշխանություններն այսուհետ եւս ջանքեր կգործադրեն դրա հետագա զարգացման եւ ամրապնդման համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին