▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը Հայաստանից առաջ անցավ

Համաձայն շրջանառվող լուրերի՝ հոկտեմբերի 15-ին  50-60 պաշտոնյաների ու գործարարների հետ Հայաստան կգա Իրանի առաջին  փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին՝ մասնակցելու  հայ-իրանական ֆորումին:

Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով հայ-իրանական երկկողմ հարաբերությունների մասին՝ իրանագետ Արամ Մանուկյանը նշեց, որ  դրանք անկախության հռչակումից հետո մշտապես գտնվել են բարձր մակարդակի վրա.

«Նախորդ տարվա հոտեմբերին ՀՀ վարչապետ Աբրահամյանի և ԻԻՀ փոխնախագահ Ջահանգիրիի միջև նմանատիպ հանդիպում տեղի էր ունեցել  Թեհրանում: Այդ ժամանակ խոսվում էր այն մասին, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմում է շուրջ 300 մլն դոլար: Այժմ պատժամիջոցների վերացմանը զուգահեռ երկկողմանի առևտրատնտեսային հարաբերությունների խորացման համար բարենպաստ ժամանակաշրջան է սկսվում և անհրաժեշտ է օգտագործել այս առիթը` այդ թիվն ավելի մեծացնելու համար: Այս այցելությունը կարող է նպաստել երկկողմանի համագործակցության ամրապնդմանը: Նման ներկայացուցչական պատվիրակության այցը հուշում է,որ կարող են ձեռք բերվել տնտեսական համագործակցության վերաբերյալ նոր պայմանավորվածություններ, հատկապես, որ պատժամիջոցների վերացմանը զուգահեռ Իրանում զգալի աշխուժություն է նկատվում տնտեսական ոլորտում առաջընթաց ապահովելու առումով: Ընդ որում, խոսքը ինչպես տարաբնույթ, արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունների և համատեղ նախագծերի իրականացման, այնպես էլ համագործակցության նոր հնարավորությունների և երկկողմանի ներդրումներ ապահովելու մասին է»:

Իսկ, թե  հատկապես ինչի՞ շուրջ պետք է համագործակցեն Իրանն ու Հայաստանը, Արամ Մանուկյանը նկատում է.

«Թե՛ հայկական և թե իրանական կողմի համար կարևոր նշանակություն ունի հայ-իրանական երկաթգծի կառուցումը, ինչը նոր զարկ կտա առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը: Դրա շնորհիվ մենք կկարողանանք հետագայում ելք ապահովել դեպի օվկիանոս, իսկ իրանցի գործարարները կարող են դա օգտագործել ՀՀ-ի միջոցով տարածաշրջանում ավելի ակտիվ և արդյունավետ գործունեություն ծավալելու համար»:

Մեր այն դիտարկմանը, թե համաձայն Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Փաքայինի հայտարարության՝ Իրանի եւ Ադրբեջանի երկաթուղային ճանապարհները մինչեւ 2016 թվականի վերջ կմիացվեն, արդյոք սա չի՞ նշանակում, որ համագործակցությունը խորացնելու առումով Ադրբեջանն առաջ անցավ Հայաստանից, իրանագետը նկատեց.

«Ցավոք այդպես է, բայց մենք շատ հնարավորություններ ունենք համագործակցությունը խորացնելու համար: Պարզապես պետք է ճիշտ քաղաքականություն վարել»:

Արամ Մանուկյանի խոսքով՝ Իրանը, համաձայն շրջանառվող որոշ տեղեկությունների, հետաքրքրված է ԵԱՏՄ-ով.

«Այդ մասին խոսվել է նաև ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի և Իրանի փոխարտգործնախարար Մորթեզա Սարմադիի հանդիպման ընթացքում: Այլ խնդիր է, որ առայժմ ԵԱՏՄ-ն չի գործում այն տեսքով, ինչպիսին որ ակնկալվում էր:  Հակառակ պարագայում Իրանում  բնականաբար նման շահագրգռվածություն կարող է նկատվել, հատկապես, որ երկու երկրների միջև հասցրել են ձևավորվել հուսալի գործընկերային հարաբերություններ»:   

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին