«Հրապարակ» թերթը գրում է. «ԶՊՄԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի սպանությունից հետո կոմբինատի պահնորդների համազգեստը փոխելու որոշում է կայացվել։ Բանն այն է, որ պահնորդները հատուկ հագուստ են կրել՝ Պակիստանի արտադրության, որը զինվորական համազգեստի է նման։ Կոմբինատի ղեկավարությունը ենթադրել է, որ հնարավոր է ադրբեջանցիներին թվացել է, թե զորամասի կամ բանակի դիրք է դիմացը, դրա համար են կրակել։ Ուշագրավ է, որ դատախազությունը երեկ հայտնեց, որ Հայաստան թափանցած ադրբեջանցիներից որեւէ մեկին պահնորդի սպանության համար մեղադրանք չի առաջադրվել։ Այն դեպքում, երբ պաշտոնատարները դեպքի օրը հաստատում էին փաստը, դիցուք, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն էր Հ1-ի եթերում ասել. «Ինքն է արել, այո՛»։
Իսկ ապրիլի 14-ին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստից հետո ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է ասել, որ սահմանախախտ ադրբեջանցի զինծառայողներից մեկը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության մեջ: Ըստ ամենայնի, ադրբեջանցուն որոշել են «մաքրել» հանցանքից, որ Նիկոլ Փաշինյանը սուտ դուրս չգա։ Նա դեպքից ժամեր առաջ ԱԺ-ում վստահեցրել էր, թե Հայաստան ներթափանցած ադրբեջանցիները դիվերսանտներ չեն, այլ հալածյալներ են, որոնք սահմանն անցել են` փախչելով զինծառայողների խոշտանգումներից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում