«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան տեղեկացանք, որ ադրբեջանցիները մտել են Սիսիանի Բնունիս համայնք, թակել Գասպարյանների դուռը: Սիսիանի ոստիկանները հաստատեցին լուրը, սակայն ողջ օրը իրավապահները լռեցին, եւ պարզ չդարձավ, թե ինչպես են նրանք շրջանցել մեր սահմանապահներին, եղե՞լ են սահմանապահներ։ Ադրբեջանցիները 3-ն են եղել՝ զինվորական հագուստով։ Դուռը բացել է տիկին Շողիկը, ով կասկածել է ու ահազանգել ոստիկանություն։ Նա մեզ ասաց․ «․․․ո՞վ չէր վախենա, այո, վախեցել եմ … բան չխոսացին, բայց ամեն ինչ պարզ էր»։
Ավելի ուշ մեկ այլ բնակավայրում՝ Աշոտավանում, իրավապահները բռնել են ադրբեջանցիներից մեկին, տարել ոստիկանության Սիսիանի բաժին, մյուս երկուսը փախել են։ Ադրբեջանցին Աշոտավանում եւս այցելել է մի քանի տուն, զրուցել բնակիչների հետ: Ասել է, որ 3 օր է՝ Հայաստանում է, թաքնվել է անտառներում։
Մեր հարցին, թե ճի՞շտ է, որ երկուսը փախել են, ոստիկանության Սիսիանի բաժնից ասացին․ «Ո՞վ ասաց, որ 3-ն են եղել, միգուցե 6-ն են, մանրամասներ չենք կարող հաղորդել»։ Ոստիկանությունում ադրբեջանցին ասել է, թե տարածքը շփոթել է: Նրան փոխանցել են ԱԱԾ-ին։
Ուշագրավ է, որ ադրբեջանցիները Բնունիսում թակել են 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Գասպարյանի տան դուռը, ում տուն ընդամենը մեկ ամիս առաջ, դստեր հետ, այցելել էր վարչապետի կինը` Աննա Հակոբյանը։ Համայնքում կատարվածը զուտ պատահականություն չեն համարում` տարբեր վարկածներ են քննարկում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում