▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները պնդում են, թե Հակոբը չի ցանկանում վերադառնալ Հայաստան. ԿԽՄԿ-ն չի մեկնաբանում

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն  են տարածել այն մասին, թե իբր օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով առաջնագծում մոլորված և Ադրբեջանում գերեվարված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը չի ցանկանում վերադառնալ հայրենիք:

ԿԽՄԿ երևանյան գրասենյակից ASEKOSE.am-ի թղթակցին հայտնեցին, որ ադրբեջանական կողմի հայտարարություններն իրենք չեն մեկնաբանում:

«ԿԽՄԿ ներկայացուցիչները իրենց լիազորությունների շրջանակներևում հանդիպում են ռազմագերու հետ, պարզում առողջական վիճակը, թե ինչ պայմաններում են նրան պահում: Սակայն այն, ինչ խոսվում է նրա հետ, չի տարածվում, հրապարակման ենթակա չէ»,-մեզ հետ զրույցում այս մասին հայտնեցին ԿԽՄԿ գրասենյակից` հավելելով.

«Մենք արդեն հաղորդել ենք, որ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Հակոբ Ինջիղուլյանին և տեղեկություն են փոխանակել, սա այն ամենն է, ինչ մենք կարող ենք ասել»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի ԿԽՄԿ ներկայացուցիչները  հանդիպել են Ադրբեջանում գերեվարված զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հետ:  Վերջինս նամակ էր փոխանցել հարազատներին, նշելով, որ  իրեն լավ է զգում և խնդիրներ չունի: Սակայն Հայաստան վերադառնալու մասին որևէ խոսք չի եղել:

Հավելենք, որ Ադրբեջանական կողմը ևս նախօրդ երկու օրվա  ընթացքում չի խոսել այն մասին, որ  Հակոբ Ինջիղուլյանը չի ցանկանում վերադառնալ Հայաստան: Ավելին` Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովի նախագահը  հայտարարել էր, որ հայ զինծառայողի վերադարձի հետ կապված խնդիրներ չեն առաջանա, և ամեն ինչ կախված կլինի նրա ցանկությունից:

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով առաջնագծում մոլորվել է և սխալմամբ անցել Ադրբեջանի ԶՈւ կողմից տարածք:

 Հասմիկ Գյոզալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին