«Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանի հետ հանդիպումից հետո թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկարաձգել է ակումբի հետ ավարտված պայմանագրի ժամկետը մինչև 2019-ի օգոստոսի 1-ը:
Հանդիպումից հետո ակումբի մամուլի ծառայությունը զրուցել է 50-ամյա մասնագետի հետ:
«Այսօր հանդիպում ունեցանք ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ, քննարկեցինք մեր հետագա անելիքները: Բովանդակալից քննարկման արդյունքում որոշեցինք շարունակել համագործակցությունը և երկարաձգել պայմանագիրը: Պետք է էլ ավելի հզորացնենք մեր թիմը և հաջողություններ արձանագրենք Հայաստանում և Եվրոպական մրցասպարեզում:
Մարզչական շտաբում փոփոխություններ չկան, իսկ ահա կազմում փոփոխություններ կլինեն: Լինելով պրոֆեսիոնալներ` քննարկել ենք նաև մեր աշխատանքի բացասական կողմերը: Այդպիսին էր այս տարի Գյումրիում տեղի ունեցած միջադեպը: Վերլուծելով այդ միջադեպը, կարող եմ ասել, որ չպետք է տրվեի էմոցիաներին, պետք է ավելի զուսպ լինեի և չտրվեի սադրանքներին` իմանալով, որ նմանատիպ միջադեպի հետևանքով կարող եմ որակազրկվել տևական ժամանակով: Կարգապահական կոմիտեն որակազրկեց ինձ 10 խաղով: Ընդունելով պատիժը՝, հայտնում եմ իմ ներողամտությունը: Այդ դրվագի պատճառով տուժեցի ոչ միայն ես, այլև իմ ֆուտբոլիստներն ու ամբողջ ակումբը: Պետք է բացառենք նման դեպքերն ապագայում:
Ինչ վերաբերվում է Կարագանդայի «Շախտյորի» հետաքրքրությանը, ապա իմ անունը կա այդ ակումբի մարզչի թեկնածուների «շորթ-լիստում», սակայն բանակցություն ղազախական ակումբի հետ ես չեմ վարել: Հայ մարզիչների նկատմամբ հետաքրքրությունը արտասահմանյան ակումբերի կողմից դրական փաստ է մեր ֆուտբոլի համար, սակայն իմ բոլոր մտքերը կապված են «Ալաշկերտի» հետ»,- նշել է Խաշմանյանը: