«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էսպրեսո-սրճեփ, սուրճ, կաթնային շոկոլադ, գազավորված և չգազավորված ջուր, հեռուստացույց… սրանք այն ապրանքներն են, որոնք գնել է կառավարության կողմից ստեղծված «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն, որի տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն է՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի ապագա թեկնածուն: Պաշտոնական փաստաթղթերից տեղեկացանք, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ-ը) ընկերությունը պետական միջոցներով իտալական արտադրության բազմաֆունկցիոնալ էսպրեսո-սրճեփ է գնել: Սրճեփի համար պետական միջոցներից ծախսվել է 245 հազար դրամ գումար: Մեզ հայտնի դարձավ, որ ապրիլ ամսին ընկերությունը ևս մեկ սրճեփ է գնել՝ 80 հազար դրամով: Ի դեպ, ըստ փաստաթղթի՝ էսպրեսո-սրճեփի մատակարարման օրն այսօր է: Բացի այս, ArmLur.am-ը ԱՆԻՖ-ի ընթացիկ տարվա գնումների պլանից տեղեկացել է, որ համացանցային ծառայության համար նախատեսվել է ծախսել 360 հազար դրամ, կորոնավիրուսի թեստավորման (այդ թվում թեստավորման տնայցի և գրասենյակ այցի ծառայության) համար՝ 900 հազար դրամ, առողջության ապահովագրման ծառայությունների համար՝ 6 մլն 525 հազար դրամ: Իսկ գրասենյակային տարածքների վարձակալության համար նախատեսվում է ծախսել 30 մլն դրամ: Գազավորված և չգազավորված ջրեր ձեռք բերելու համար ընկերությունը մտադիր է ծախսել 90 հազար դրամ, անձեռոցիկների համար՝ 60 հազար դրամ, թղթե սրբիչներ 25000 դրամ, թեյնիկի համար՝ 8000 դրամ: Միայն գեղարվեստական գործունեության հետ կապված ծառայությունների համար նախատեսվում է ծախսել 900 հազար դրամ: Թե ինչի մասին է խոսքը, մանրամասներ չկան նշված: Մեզ հայտնի է դարձել, որ ընթացիկ տարվա ապրիլի 11-ի հրամանով հաստատված գնումների պլանով նախատեսված է ծախսել 95 մլն 509 հազար դրամ: Բացի այս, ընկերությունը նախորդ տարեվերջին 900 հազար դրամով գնել է հեռուստացույց: Նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին 100 տուփ կաթնային շոկոլադ է գնել՝ վճարելով 204 հազար դրամ: Իսկ ի՞նչ է ԱՆԻՖ-ը. ընկերությունը 2019 թվականին է կառավարության կողմից ստեղծվել` օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու մանդատով։ ԱՆԻՖ-ի առաքելությունն է աջակցել և հզորացնել Հայաստանի տնտեսական զարգացման ներուժը: Բացի այս, կազմակերպության պաշտոնական կայքէջում նշված է, որ այս կազմակերպությունն ապակուսակցական և ապաքաղաքական միավոր է: Բայց չնայած ապաքաղաքական «հրահանգին» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն է՝ ՔՊ վարչության անդամ, որը քաղաքական որոշումներ է կայացնում մեր երկրում: Իսկ ինչ արդյունավետությամբ է աշխատել այս 3 տարեկան կազմակերպությունը, դեռևս պարզ չէ»: Մանրամասները՝ թերթի համարում: |
95 մլն դրամ՝ ոչինչ չանելու դիմա՞ց
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet