▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 մասշտաբային մենահամերգ մեկ ամսում. Արկադի Դումիկյանը ռեկորդներ է սահմանում

Հայկական շոուբիզնեսի ամենասիրված և պահանջված արտիստներից մեկը՝ Արկադի Դումիկյանը, շարունակում է իր երաժշտական հաղթարշավը՝ ամեն անգամ գերազանցելով նախորդ հաջողությունը։ Նրա թողարկած երգերը կարճ ժամանակահատվածում դառնում են իսկական հիթեր և տարածվում կայծակնային արագությամբ՝ հնչելով յուրաքանչյուր անկյունից։

Միայն Արկադի Դումիկյանի YouTube-յան պաշտոնական ալիքում դիտումներն անցնում են 554 միլիոնի սահմանը։ Ասել, որ սա աննախադեպ ցուցանիշ է հայ իրականության մեջ՝ կնշանակի ոչինչ չասել։ Երգչի YouTube-յան ալիքի բաժանորդների քանակը անցնում է 591.000-ը, ինստագրամյան էջում երգիչն ունի 414.000 հետևորդ։

Կարող ենք վստահորեն ասել, որ հայկական շոուբիզնեսում նման մեծ լսարան ունեն շատ քչերը, և նրանց մեջ իր ուրույն և առաջատար տեղն ունի Արկադի Դումիկյանը։ Դումիկյանի երգերը մեծամասամբ հայալեզու են, նրա երգացանկում կան նաև ռուսերեն, անգլերեն, իսպաներեն կատարումներ, երգիչը սիրում է ամեն անգամ նորովի ներկայանալ, կատարել հետաքրքիր միքսեր և հաճելիորեն զարմացնել հանդիսատեսին։ Եվ սա է, թերևս պատճառներից մեկը, որ Դումիկյանը երկրպագուների մեծ բանակ ունի ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ Նրա երգերը շատ տարածված են նաև օտար ազգերի շրջանում։ Նման մասսայականությունը չէր կարող չարտացոլվել արտիստի համերգների ընթացքում։



Դեռ նախորդ տարի հոկտեմբերի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Արկադի Դումիկյանի մեծ մենահամերգը, որը իսկական տոն էր երգչի երկրպագուների համար։ Այդ մենահամերգից կարճ ժամանակ անց հայտարարվեց, որ մայիս ամսին Արկադի Դումիկյանը ևս 2 մենահամերգով հանդես կգա Երևանում։ Եվ արդեն այս տարվա մայիսի 13-ին և 14-ին կայացան Դումիկյանի 2 մեծ մենահամերգները Մարզահամերգային համալիրում։

Տոմսերը sold out էին համերգներից դեռ օրեր առաջ, իսկ հանդիսատեսի ծափերից, ոգևորությունից և ջերմությունից կարելի էր հասկանալ, որ նրանց սպասումներն արդարացել են։ Գաղտնիք չէ, թե որքան բարդ և ժամանակատար աշխատանք է իրենից ենթադրում մենանահամերգի կազմակերպումը, իսկ 2 օր անընդմեջ մենահամերգ ունենալը կրկնակի աշխատանք է։ Արտիստի համար ևս ահռելի պատասխանատվություն և ծանրաբեռնվածություն է 2 օր կենդանի ձայնով ելույթ ունենալ նման լսարանի առաջ, բայց Արկադի Դումիկյանն ու համերգի աշխատանքներում ներգրավված պրոֆեսիոնալ թիմը պատվով կատարեցին այդ բարդ աշխատանքը՝ 2 օր իսկական համերգային հրավառություն կազմակերպելով Երևանում։ Համերգի կազմակերպչական աշխատանքներում ընդգրկված էին ոլորտի լավագույնները և նրանցից յուրաքանչյուրի նվիրված և պատասխանատու աշխատանքի արդյունքում է, որ համերգները իսկապես անմոռանալի դարձան երգչի երկրպագուների համար։

Բացի երևանյան համերգներից, Արկադի Դումիկյանը մայիս ամսին ևս մեկ համերգ էր ունեցել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի առաջատար համերգային դահլիճում՝ արժանանալով տեղի հանդիսատեսի սիրուն և ջերմությանը։ Հայաստանի սահմաններից դուրս այդպիսի մենահամերգ ունենալ կարող է միայն իսկապես սիրված և սպասված արտիստը։ Բրյուսելում տեղի ունեցած համերգը ևս անցել է լեփ-լեցուն դահլիճում և համացանցի շատ օգտատերեր մինչ այժմ գրում են, որ այդ օրվա ստացած հույզերն ու էմոցիաներն անփոխարինելի են և որ կրկին սպասում են Դումիկյանի հերթական համերգին։

Համերգները տեղի են ունեցել նաև աշխարհի այլ քաղաքներում։

Համերգների կազմակերպիչն ու պրոդյուսերը Լևոն Չախոյանն է, ով նաև զբաղվում է Արկադի Դումիկյանի պրոդյուսինգով։ DJ Լևոնը, լինելով Արկադի Դումիկյանի պրոդյուսերը, կազմակերպում է վերջինիս բոլոր համերգային շրջագայությունները, հետևում է նախատեսվող բոլոր ծրագրերին, զբաղվում է նախագծերի կազմակերպչական հարցերով։ Ճիշտ ռազմավարության և պրոֆեսիոնալ ու նվիրված պրոդյուսերական աշխատանքի շնորհիվ է, որ Դումիկյանը պարբերաբար ներկայանում է նոր երաժշտական նորություններով և համերգային ծրագրերով։ Բացի հայաստանյան մեծ մենահամերգներից DJ Լևոնը կազմակերպում է նաև Դումիկյանի մյուս բոլոր համերգային շրջագայությունները, որոնք տեղի են ունենում Ռուսաստանի մի շարք քաղաքներում, եվրոպական ամենատարբեր երկրներում՝ Հունաստանի առաջատար համերգասրահներում, ինչպես նաև Բելգիայի թագավորական սրահներում։

Համերգներին զուգահեռ Լևոնն ու Արկադին մեկը մյուսի հետևից թողարկում են նոր ստեղծագործություններ, որոնք սիրվում են միանգամից և իսկական հիթեր են դառնում։

Համերգի ռեժիսորը ոլորտում առաջատար Արեն Բայադյանն է, օգնականը՝ Էդուարդ Չախոյանը հնչյունային ռեժիսորը՝ Արմեն Մխոյանը, լուսային ռեժիսորը՝ Վահագն Միքայելյանը։ Դե, իսկ պրոֆեսիոնալ և փորձառու երաժիշտները ողջ համերգի ընթացքում ապահովեցին կենդանի և որակյալ երաժշտություն։ Երաժշտական համույթի յուրաքանչյուր ներկայացուցիչ առանձին սիրված է և նրանց համագործակցությունը նման հիանալի արդյունք է ունենում։ Բաս նվագարանների կատարողը Էդգար Ավետիսյանն էր, դհոլահարը՝ Մովսես Պետրոսյանը, Արման Հարությունյանը և Արթուր Թադևոսյանը նվագում էին ստեղնաշարային գործիքները, իսկ Ժորա Հովհաննիսյանն ու Հակոբ Օրդակյանը՝ հարվածային։ Կլարնետ՝ Վահան Զաքարյան: Բեկվոկալի պրոֆեսիոնալ հնչողությունն ապահովել են Քրիստինե Սաֆարյանը և Սերինե Խոդիկյանը։

Մեկ ամսում երեք մասշտաբային, նորարարական լուծումներով, կենդանի հնչողությամբ մենահամերգներ. Սա Արկադի Դումիկյանի և պրոֆեսիոնալ թիմի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքն է, իսկ հանդիսատեսի ծափերն ու սերը՝ այդ աշխատանքի լավագույն գնահատականը։ Նշենք, որ Դումիկյանի մենահամերգները աշխարհի հայաշատ քաղաքներում շարունակական բնույթ են ունենալու, իսկ այն, որ մի համերգի հաջողությունը գերազանցելու է մյուսին, արդեն կասկածի տեղիք չի տալիս։

Հեղինակ՝ Արսեն Մաթևոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին