Միակնանի հեծանիվ վարող, Երեւանի Կրկեսի դերասան, Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի շրջանավարտ Մուշեղ Խաչատրյանը կատարեց իր` Գինեսի հերթական ռեկորդը: Նա 26.50 վայրկյանում բարձրացավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 62 աստիճաններով` գերազանցելով 2007 թվականին շվեդացու կողմից 30 վայրկյանում 56 աստիճան բարձրանալու ռեկորդը:
ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում Մուշեղն ասաց, որ այս ռեկորդին պատրաստվել է 2011 թվականից: Հարցին, թե արդեն պլանավորե՞լ է հաջորդ ռեկորդը, հեծանվորդը պատասխանեց.
«Հաջորդի համար էլ եմ պատրաստ, ուղղակի հարմար տեղ եմ փնտրում, որտեղ կարող եմ պարապել` ջրի տակ հեծանիվ վարելու համար: Դրա ռեկորդը չկա»:
Ինչ վերաբերում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ընտրությանը, Մուշեղն անկեղծացավ, որ շատ էր ցանկանում Կասկադի աստիճաններին սահմանել ռեկորդը, բայց տնօրինությունը թույլ չի տվել, քանի որ շատ վտանգավոր է:
«Արտասովոր շարժողական գործունեության գրանցման» հանձնաժողովի նախագահ և Հայաստանի մարզական և ոչ այնքան մարզական ռեկորդները գրանցող «Դյուցազնագրքի» հեղինակ Վարդան Թովմասյանը տեղեկացրեց, որ Մուշեղը երկու շաբաթ առաջ հաստատվել է Գինեսի ռեկորդների գրքում` 3 մետր 8 սանտիմետր և փոքր ակ ունեցող հեծանվով անցել է 25 մետր: Գրանցվածը 8 մետր էր:
Անի Կարապետյան