Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական հարաբերությունները և Արցախի հարցի կարգավորումը թևակոխել են նոր փուլ: Եթե մինչ այդ ԼՂՀ-ի անկախության ճանաչումն Ադրբեջանի կողմից հարցի կարգավորման քաղաքական գոհացուցիչ լուծում կարող էր համարվել, ապա ապրիլյան լայնածավալ ռազմական գործողություններից հետո, պաշտոնական Բաքուն, համաձայն իր կողմից բազմիցս արված հայտարարություններին, գործնականորեն փաստեց, որ այսուհետ իր ստորագրած ցանկացած համաձայնագիր առ ոչինչ կարող է համարել, ինչպես այսօր այդպիսին է համարում 1994 թվականի Բիշքեկյան անժամկետ զինադադարի համաձայնագիրը և ընդհանրապես՝ առկա ստատուս-քվոն:
Ադրբեջանի սանձազերծած չորսօրյա պատերազմը փաստեց, որ ըստ էության, հայությունն առճակատման մեջ է այնպիսի մի պետության հետ, որը նախագահի մակարդակով ոչ միայն հրապարակավ մերժում է հայկական կողմի ռազմական հաղթանակն ու անկախ Արցախի փաստացի գոյությունը, այլ նաև, արհամարհելով միջազգային դիվանագիտությամբ սահմանված բոլոր կարգերը, հանդգնում է նույնիսկ Երևանը ադրբեջանական նահանգ համարել:
Ռազմաքաղաքական նոր զարգացումներից հետո, արցախյան կարգավորման բանակցային գործընթացը, վերջին շրջանում որոշակի աշխուժություն է ապրում, որում ամենամտահոգիչը, բացարձակորեն անընդունելի, և՛ Կազանյան և ինչու չէ, նաև Մադրիդյան փաստաթղթերի համաձայն՝ ազատագրված հայկական տարածքներից Ադրբեջանին շրջաններ հանձնելու անթաքույց քննարկվող հարցն է, որի մասին արդեն իսկ բաց տեքստով խոսում են ՀՀ իշխանությունները: Ըստ բացահայտված փաստաթղթերի, ընթացող բանակցություններում հայկական կողմը քաղաքական արկածախնդրությամբ համաձայնվել է տարածքային զիջումների գնալ՝ Արցախը մատնելով մշուշոտ ապագայում անորոշ կարգավիճակ ստանալու հույսին: Եվ իհարկե, «տարածքներ հանձնելու» դավադիր գաղափարը միտումնավոր շրջանառության մեջ դնելը՝ միմիայն հանրության զգոնությունը բթացնելու նպատակ է հետապնդում:
Փակ դռների ետևում անցկացվող բանակցություններում փաստորեն թուրքական շահը սպասարկող Ցյուրիխյան արձանագրությունները ստորագրած անողնաշար քաղաքական գործիչը պատրաստակամ է, միևնույն ստրկամտությամբ, հայության վերջին մեկ դարյա ռազմական փայլուն արցախյան հաղթանակը, քաղաքական ամոթալի պարտության մղել՝ մերօրյա Սարդարապատը մի նոր Բաթումի պայմանագրի վերածելով:
Եթե, ըստ ՀՀ իշխանությունների անհասկանալի տրամաբանության, սահմանափակ նշանակությամբ երկու հայկական դիքերի գրավումից հետո, ականատես ենք ադրբեջանական ծանր ռմբակոծումների թիրախի տակ գտնվող հազարավոր արցախցիների «ինքնակամ» իրենց տունն ու տեղը լքելուն, ապա ի՞նչն է մղում նույն իշխանություններին չհասկանալու, որ ազատագրված ցանկացած շրջան Ադրբեջանին հանձնելու դեպքում, այդ դիրքերը բացառապես ծառայելու են Արցախը ամբողջովին հայաթափելու, կործանելու, ընդհուպ՝ Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելու նպատակին։
Վերահաս վտանգը և արցախյան հարցի լուծումը կարող է Ստեփանակերտից Երևան և Սփյուռք՝ ողջ հայությանն ու բոլոր քաղաքական ուժերին միավորել կամ ընդհակառակը՝ պառակտման, անմիաբանության, բախումների և առճակատման մղող գործոն հանդիասանալ:
Հայկական միացյալ մարտունակ բանակի անմարտունակության և թերզինվածության մասին ամոթալի հեքիաթ-տեսությունների հեղինակները, նույն տարածքներ հանձնել ջատագովող ստրկամիտներն են: Տարածաշրջանի բոլոր պետությունները, քաջ գիտենալով, հավաստում են, որ ադրբեջանական բանակը բացարձակապես զուրկ է պատերազմող ցամաքային զորքից և անկարող է առճակատվել հայկական մարտունակ բանակի հետ, իսկ առանց ցամաքային ուժի, միայն հեռահար և օդային զենքերով անհնար է որևէ պատերազմ հաղթել:
Ադրբեջանի նախագահն իր ողջ իշխանական վերնախավի աջակցությամբ քնած հայ սպային կացնահարած եւ զոհված ու կենդանի մեր զինվորներին գլխատած պատերազմի յուրաքանչյուր հանցագործի հռչակում է հերոս ու փառաբանում ի լուր աշխարհի, իսկ ՀՀ գործող ղեկավարությունը արցախյան ազատամարտի իսկական հերոսներին երկարատև կալանքի է ենթարկում։
Իրողությունը դեռևս այնքան ամոթալի և գարշելի չլիներ, եթե ազատագրված տարածքների հանձնման դեմ բողոքող, իր երիտասարդությունը հայրենի երկրին նվիրաբերած՝ Սփյուռքի գաղթօջախից Արցախի ազատագրմանը միացած, Առաջին աստիճանի Մարտական խաչով պարգևատրված Ժիրայր Սեֆիլյանի կալանավորումը տեղի չունենար ճիշտ հունիսի 20-ին, երբ տարածքներ զիջելու համար ՀՀ նախագահը բանակցում էր Ադրբեջանի ժպտուն նախագահի հետ, ով երրորդ երկրում ցմահ դատապարտված ոճրագործ Սաֆարովին կալանքից ազատագրեց ու իր երկրում հերոսի կոչման արժանացրեց:
Հասկանանք և խոստովանենք, որ պատմականորեն մեր պարտությունների գլխավոր պատճառը միշտ եղել է ո՛չ այնքան թշնամու զորությունը, որքան մեր իսկ անհեռատեսությունն ու ներքին անմիաբանությունը:
Խոստովանենք նաև, որ արցախյան փառահեղ ռազմական հաղթանակին հաջորդած քսանհինգ տարիների ընթացքում, իրար հաջորդած ՀՀ երեք նախագահների օրոք, մեր իշխանավորներից շատերը զբաղված էին հանրային հարստության թալանով, ընտրակեղծիքներով, ի «բարեփոխում» նոր Սահմանադրության «այո» և «ոչ» ասելու պայքար-հակապայքար կազմակերպելով և շահադիտական նպատակներով հերթական կեղծ կոալիցիաներ ձևավորելով, իսկ Ադրբեջանն իր ողջ հետամնացությամբ ու թերություններով, շարունակում էր ամեն օր զինվել՝ ձեռք բերելով հարձակողական նորագույն զինատեսակներ, որի արդյունքում ունեցանք այն, ինչն անվանեցինք «Քառօրյա պատերազմ»։
Քսանհինգ թանկագին տարիների ընթացքում կորցրեցինք ինքնակազմակերպվելու ու հզորանալու ՈՍԿԵ առիթը: Չօգտագործեցինք մեր տրամադրության տակ եղած հաղթաթղթերը և պետություն կերտելու փոխարեն՝ մսխեցինք ինքնիշխանության ռեսուրսները, չկիրառելով ստատուս-քվոյի ժամանակավոր հնարավորությունը՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու կանխատեսելի ռազմական և քաղաքական իրավիճակներից հաղթական դուրս գալու համար:
Հետևաբար, հաշվի առնելով մարդկային և հողային կորուստներ պատճառած ապրիլյան կարճատև, դրամատիկ, սակայն ուսանելի իրադարձությունները, մեկնակետ ունենալով, որ արցախյան հարցը և ՀՀ անվտանգությունը պետք է զերծ պահել քաղաքական մրցակցություններից և շահարկումներից , հիմք ունենալով, հայոց միացյալ բանակը, որպես ողջ Հայաստանի հողի, սեփական ժողովրդի պատվի և անվտանգության երաշխիք, Եվրոպայի Հայերի Համագումարը․
· Զգուշացնում է անվտանգության առումով բացառապես վստահել հայկական բանակին, սին հույսեր չկապելով օտար պետությունների, այսպես կոչված՝ խաղաղարար ուժերին, որոնց անտարբերությունն ու լռելյան մեղսակցությունը բազմիցս ապացուցվել է տարբեր ժողովուրդների նկատմամբ իրագործված ցեղասպանություններում,
· Դիմում է Հայաստանից Սփյուռք հանձնառու մտավորականությանը, ըմբռնելով պահի լրջությունը, ստանձնեն պատմականորեն իրենց հասցեագրված պատասխանատվությունը՝ վճռական խոսքով մեկուսացնելու հայկական պետականությանն սպառնացող և հայության իրավունքներն անտեսող գործիչների վտանգավոր միտումները,
· Ակնկալում է, որ ՀՀ, Արցախի և Սփյուռքի հայկական ինքնուրույն քաղաքական ուժերը, տարածքներ հանձնելու հարցում չեն ցուցաբերի հանցակից լռություն և միասնական կեցվածքով նահանջի կմատնեն նալբանդյանական քաղաքական սնանկությունը,
· Ցավակցում և զորակցում է քառօրյա պատերազմի և Արցախյան ազատագրական պայքարի բոլոր նահատակ հերոսների ընտանիքներին ու հարազատներին:
Հայաստանն այսօր ունի արմատական փոփոխությունների անհետաձգելի անհրաժեշտություն: ՀՀ անվտանգությունը և պետական շահը թելադրում են, որ այդ փոփոխությունները տեղի ունենան առանց ցնցումների և երկրի կայունությունը վտանգելու: ՀՀ գործող ղեկավարությունը կարող է այդ գործընթացին նպաստել, առաջին հերթին կալանքից ազատելով բոլոր քաղբանտարկյալներին, հատկապես կալանավորվածազատամարտիկներին, և ապա քաղաքական այլ ուժերի հետ խորհրդակցություններ անցկացնել իր բանակցային դիրքը զորացնելու համար:
Հակառակ դեպքում, է՛լ ավելի կխորանա իշխանություն-ժողովուրդ հարաբերություններում առաջացած վիհն ու է՛լ ավելի կթուլանա ՀՀ գործող իշխանությունների բանակցային դիրքը, իսկ արցախյան հարցը կրկին կվերաճի իշխանության նոր տագնապի։
Նման պատմական իրավիճակներում, ժողովուրդը ծնում է նոր առաջնորդներ, ովքեր հավատարիմ են մնում ազգային և պետական շահին և վայելում են հասարակության վստահությունը:
Եվրոպայի Հայերի Համագումար