Համացանցում պատահաբար դիտեցի մի տեսանյութ, որի ավարտից հետո քարացել էի ու տեսածիս դժվարությամբ էի հավատում: «Ապահով Հայաստան» խոստացող Կառավարության և ղեկավարության օրոք, քսանմեկերրորդ դարում մեր երկրում ապրում են ահա այսպիսի ընտանիքներ: Դիտեք տեսանյութը ամբողջությամբ, եթե կկարողանաք: Միշտ լսել էի հայ կնոջ՝ ընտանիքին նվիրվածության, երեխաներին ամեն գնով պահելու և փայփայելու մասին պատմություններ: Բայց Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի բնակչուհի՝ 32-ամյա Հասմիկ Հովհաննիսյանի դեպքը բացառիկ է ու անհավանական: Ծայրահեղ աղքատության մեջ գտնվող կինը հանուն երեխաների զբաղվում է կնոջ համար ոչ սազական գործով՝ Հասմիկը ջրհորներ է փորում: Զարմանում եմ, որ մարդկանց ապրելու համար կենաց ջուր ապահովող կինը դուրս է մնացել տեղի ու հանրապետության իշխանավորների, պատգամավորների, պաշտոնյաների ու սրտացավ մարդկանց ուշադրությունից: Շատ կուզենայի, որ այս տեսաֆիլմը դիտեին երկրում մարդկանց կենսամակարդակը կեղծ թվերով բարձր ցուցադրող Կառավարության անդամները ու վարչապետը, «Ապահով Հայաստան» գոռացող կուսակցականները, Պարույր Հայրիկյանի բուժման համար 20 միլիոն 500 հազար դրամ տրամադրող «սրտացավ» հետևմտուկները, այս կամ այն կուսակցությունների ներկված կանանց խորհուրդների անդամները: Վստահ եմ, որ յուրաքանչյուր սրտացավ հայ կնոջ աչքերը կլցվեն արցունքով, և մարմինը կպատվի սարսուռով Հասմիկի տանջալից աշխատանքը տեսնելիս, վստահ եմ, որ յուրաքանչյուր սրտացավ հայ տղամարդ օգնության ձեռք մեկնելու պատրաստակամություն կհայտնի կյանքի դաժան պայմաններից «տղամարդ» դարձած այս կնոջը: Բոլորս էլ ունենք խնդիրներ, բայց եկեք համեմատության մեջ դնենք մեզ այս կնոջ հետ և օգնության ձեռք մեկնենք կյանքից հիասթափված Հասմիկ Հովհաննիսյանին: Դիմում եմ հարուստներին, պաշտոնյաններին, հասարակական կազմակերպություններին, հասարակ քաղաքացիներին, ովքեր ունեն խիղճ, յուրաքանչյուրս օգնենք այս ընտանիքին, ինչով կկարողանանք:
Ալեքսան Սարգսյանի գրառումը
Տեսանյութը` «Սիվիլնեթի»