Դեկտեմբերի 6-7-ը Սիրիայի կառավարական և դաշնակից ուժերը Հալեպում զինյալների վերահսկողությունից ազատագրել են ևս 7 թաղամաս, այդ թվում՝ Հին Հալեպի կենտրոնը, արևելյան շրջանների հիմնական մասը: Ներկայում Սիրիայի կարևորագույն քաղաքներից մեկի զգալի մասը կառավարական ուժերի վերահսկողության ներքո է:
Արաբագետ Սարգիս Գրիգորյանի կարծիքով՝ կառավարական ուժերի առաջխաղացմամբ մենք թևակոխում ենք հակամարտության այլ փուլ, որտեղ առավել ազդեցիկ են լինելու արտասիրիական ուժերի կողմից իրականացվող համակարգված կամ ոչ համակարգված գործողությունները.
«Կոչ եմ անում սթափ գնահատել իրավիճակը: Ըստ իս՝ Հալեպում կառավարական ուժերը առաջ գնացին Անկարայի և Մոսկվայի համաձայնության ընդհանուր եզրեր գտնելուց հետո»,-մեզ հետ զրույցում ասաց արաբագետը:
Անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Սիրիայի իրադրության շուրջ այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լիագումար նիստ անցկացնելուն և մարտական գործողություններն ու հակամարտությունը դադարեցնող նախագծի քննարկմանը, Սարգիս Գրիգորյանը նշեց.
«ՄԱԿ-ը բազմիցս է նման հանդիպումներ անցկացրել, ոչինչ կարծես չի ստացվել: Որոշակի հարցերի շուրջ կարող է համաձայնության գան, բայց հակակամարտության հանգուցալուծումը չի գտնվի: 2017 թվականը նույնպես լարված է լինելու Սիրիայում, այն չի առանձնանա մյուս տարիներից»:
Անի Կարապետյան