1915-ից փրկված հայերը թիրախ եղան Քեսաբում: Նման հրապրակումով է հանդես եկել թուրքական «դեմոկրատ հաբեր» անկախ լրատվական կայքը` նշելով, որ հայերն այժմ ստիպված են զանգվածաբար լքել Քեսաբը: Գերազանցապես հայերով բնակեցված սիրիական այդ բնակավայր իսլամիստ ծայրահեղականների զինված գրոհների հետևանքով անցել է վերջիններիս հսկողության տակ: Սիրիական բանակի դեմ կռվող հակառավարական ուժերը, ըստ աղբյուրի, «Իսլամական ճակատ» և «Էլ Նուսրա» արմատական հայացքներով կազմակերպությունների զինյալներն են:
Պաշտոնական Դամասկոսը մեղադրել է Անկարային ապստամբ գրոհայիններին աջակցելու և իր տարածքից Սիրիա ներխուժել թույլ տալու մեջ:
«Այն բանից հետո, երբ Քեսաբն անցավ զինյալ գրոհայինների հսկողության տակ, շուրջ 5000 քեսաբցի հայեր գաղթեցին Լաթաքիա: Թուրքիայի միակ հայկական գյուղ հանդիսացող Վաքըֆլը գյուղի բնակիչներն անհանգստանում են Քեսաբի իրենց ազգականների անվտանգությամբ»,- գրում է վերոնշյալ կայքը:
Նույն աղբյուրի տեղեկացմամբ` Վաքըֆլըի հայկական եկեղեցու քահանա Ավետիս Թաբաշյանը հայտնել է, որ շուրջ 3 հազար հայեր այժմ ապաստանում են Լաթաքիայի եկեղեցիներում: Անհնար է դարձել նրանց արտագաղթը դեպի Թուրքիա, քանի որ գրոհայիններն ամբողջ երկայնքով կրակի տակ են պահում թուրք-սիրիական սահմանի համապատասխան հատվածը.գրում է ermenihaber-ը: