▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«13 տարեկանում մեքենա եմ լվացել, 14-ում քարտեր էի տարածում՝ տնից տուն այցելելով». 168.am

168.am-ը ներկայացրել է հարցազրույց հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Դիանա Մալենկոյի հետ.

Այս ոչ հայկական արտաքինով և ազգանունով հաղորդավարուհին եթերում հայտնվելու առաջին իսկ օրերից աչքի է ընկել իր անկեղծությամբ, անվերջ խոսելու ցանկությամբ և վարակիչ ժպիտով։ Որքանո՞վ է այս ամենը համապատասխանում նրա իրական «ես»-ին, և որքանո՞վ է այդ ամենը պարզապես հեռուստատեսային կերպար։ Ի՞նչ պայմանների առկայությամբ է Դիանան պատրաստ` նկարահանվել բաց և ինտիմ տեսարաններում, և արդյո՞ք արժե Հայաստանում նման ռիսկի դիմել։ Այս և այլ հարցերի շուրջ է ծավալվել մեր զրույցը Դիանա Մալենկոյի հետ։ 

- Ձեզ երևի թե մանկուց ասում են, որ գեղեցիկ եք։ Դա Ձեզ համար «բարևի»-ն համարժեք մի խո՞սք է դարձել։

– Իրականում փոքր ժամանակ ես այնքան գեշ, անճոռնի երեխա էի, որ չեք էլ կարող պատկերացնել։ 

- Ի՞նչ իմաստով։

– Բառիս ամենաուղիղ իմաստով։ Գլուխս մի քիչ մեծ էր մարմնիցս, ականջներս էլ` «լոշտակ»։ Մի տեսակ շատ անհամաչափ էի, ախր… (ծիծաղում է.- Ք.Մ.)։

- Դուք մեծացաք` Ձեր գլուխը փոքրացա՞վ, ականջներն էլ տե՞ղն ընկան։

– Այո։ Ծիծաղում ենք հիմա, բայց ես լուրջ եմ ասում։ Խոստանում եմ ցույց տալ մանկությանս լուսանկարը։ Դեգեներացիա, իհարկե, չկար, բայց իրոք մի քիչ անհամաչափ երեխա էի։ 

malenko (5)

- Լավ, իսկ հիմա, երբ ամեն ինչ իր տեղն է ընկել, ինչպիսի՞ն է Ձեր զգացողությունը, երբ Ձեզ շարունակ ասում են, որ յուրահատուկ գեղեցկություն ունեք։ 

– Գնահատում եմ ցանկացած հաճոյախոսություն։ Սակայն շատ ավելի հաճելի է, երբ ոչ շաբլոն ձևով են այդ մասին ասում։ Համեմատում են երևույթների, ինչո՞ւ ոչ` նաև առարկաների հետ։ 

- Զգացե՞լ եք, որ Ձեր բնատուր ազատությունը, հմայքը տղամարդկանց զինաթափ է անում։ Ձեզ դո՞ւր է գալիս այդ գիտակցումը։ 

– Իհա՛րկե դուր է գալիս։ Իսկ այդ ո՞ր աղջկան կամ կնոջը դուր չի գա` զգալ, որ կարողանում է ազդեցություն թողնել տղամարդու վրա։ Պարզապես կան աղջիկների տարբեր տեսակներ։ Կան ամփոփ աղջիկներ, որոնք առավել առեղծվածային են և կրկին այդպես զինաթափ են անում տղամարդկանց և հետաքրքիր են իրենց տեսակով։ Կան ազատ, ակտիվ, թեթև, բայց ոչ խորը աղջիկներ։ Նրանք էլ ունեն իրենց տեսակի նախընտրողները։ Եվ կան աղջիկներ, որոնք այնպիսին են, ինչպիսին որ կան։ Ես պատկանում եմ երրորդ տեսակին։ Ամենից շատ ատում եմ, երբ մարդն առաջին հերթին` ինքն իր հետ անկեղծ չէ։ Չեմ սիրում շինծու շարժուձևը, խոսելաոճը։ Ըստ իս` իմ ամենամեծ «ֆիշկան» իմ անկեղծությունն է։ 

- Ժպիտը Ձեզ մոտ ինքանպաշտպանության միջո՞ց է դարձել։ 

– Ընկերներիցս մեկն օրեր առաջ հարցրեց. «Քեզ մոտ իրո՞ք միշտ ամեն ինչ կարգին է, որ մշտապես ժպտում ես, թե՞ պարզապես քողարկում ես ներսդ կուտակված բացասականը»։ Պատասխանեցի` ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը։ Դա ունի միայն մի պատճառ. ուղղակի չեմ ուզում իմ խնդիրները փաթաթել դիմացինիս վզին։ Կարող է ես հիմա, օրինակ, շատ լավ տրամադրությամբ հարցազրույց տամ, իսկ հետո գնամ տուն, հիշեմ իմ խնդիրներն ու բարձս գրկեմ ու լաց լինեմ։ Բայց ես տեսակով չեմ սիրում բարդացնել ո՛չ իմ, ո՛չ էլ դիմացինիս կյանքը։ 

- Ե՞րբ է կինն իրեն իդեալական զգում։

– Կինն իրեն իդեալական է զգում միայն այն ժամանակ, երբ զգում է, որ իրենով հիանում են։ Ես, դեռևս իմ կարճ կյանքից, շատ հստակ եմ դա հասկացել։ Երբ քեզնով հիանում են, դու քեզանից անկախ` այնպիսի բաներ ես հայտնաբերում, որ մինչ այդ գլխի էլ չէիր ընկնում։

- Այսինքն` Ձեզ համար կարևո՞ր է, որ Ձեզանով հիանան։

– Պարտադիր է։ Ես դա սիրում եմ և խորհուրդ եմ տալիս բոլոր կանանց։ Չկա տգեղ կին։ 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին