«Ժամանակ» թերթը գրում է. «Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել է, որ Իրանը Հայաստանին էժան գազ չի առաջարկում, քան Ռուսաստանը: Զախարյանը հայտարարել է, որ Իրանի հետ էժան գազի վերաբերյալ բանակցություն Հայաստանը չի վարում, բայց գիտի, որ Իրանը որեւէ երկրի 165 դոլարից ավելի էժան գազ չի մատակարարում:
Սա չափազանց իմաստուն հայտարարություն է: Այսինքն՝ եթե Իրանը որեւէ երկրի 165 դոլարից ավելի էժան գազ չի մատակարարում, ուրեմն Հայաստանին էլ չի մատակարարի: Սա մոտավորապես իմպոտենտության մասին հայտնի անեկդոտի տրամաբանությունն է. եթե՝ ապա: Մինչդեռ Հայաստանում Իրանի դեսպանը դեռեւս 2013 թվականին հայտարարել է, որ գազը մի երկրի համար կարող է լինել 400, մյուսի համար՝ 100 դոլար, ամեն ինչ կախված է բանակցությունից:
Հայաստանը, փաստորեն, ի տարբերություն Իրանի, համենայնդեպս՝ Երվանդ Զախարյանի տրամաբանությամբ, ոչ թե գազի գինն է բանակցությամբ պայմանավորում, այլ բանակցությունն է պայմանավորում գազի գնով: Սթափ դատողությունն, իհարկե, ենթադրում է, որ գինն է որոշվում բանակցությունների արդյունքում, եւ Իրանի դեսպանը երկու տարի առաջ Հայաստանում հայտարարել է հենց այդ մասին՝ եկեք բանակցենք, թե ինչ գնով գազ մատակարարվի Հայաստան: Եվ հստակ ակնարկ է արվել, որ Իրանը պատրաստ է տրամադրել ռուսականի համեմատ մրցունակ գին:
Սակայն հենց այստեղ է հարցերի հարցը՝ Հայաստանը չի կարող հրաժարվել ռուսական գազից, համենայնդեպս՝ այնքան ժամանակ, քանի դեռ դանակն, այսպես ասած, չի հասել ոսկորին:
Սակայն այստեղ կարծես թե տեղի են ունենում ուշագրավ զարգացումներ: Արդեն մի քանի շաբաթ է՝ գազամատակարարման շուրջ բանակցում են Վրաստանն ու Ռուսաստանը, որի շրջանակում նրանք շոշափում են նաեւ Հայաստան գազի մատակարարման հարցը:
Ըստ վրացական պաշտոնյաների՝ ռուսաստանյան «Գազպրոմը» պայման է դնում, որ Վրաստանը պետք է Հայաստան գազի տրանզիտի դիմաց արդեն ոչ թե գազ, այլ գումար ստանա: Վրաստանը կարծես թե դժգոհ է: Այս դրվագը, իհարկե, ընդհանուր ռուս-վրացական բանակցությունների մաս է, սակայն այստեղ ահա պայմանավորվածության բացակայությունը կարող է դանակը հասցնել ոսկորին եւ արգելակել Վրաստանի տարածքով գազի մատակարարումը Հայաստան: Եվ ինչ պետք է լինի այս դեպքում:
Այս դեպքում, փաստորեն, դանակը ոսկորին հասնելուց հետո Հայաստանը՝ ուզած-չուզած, պետք է բանակցի Իրանի հետ: Բայց եթե, իհարկե, Հայաստանը բանակցի, ոչ թե «Գազպրոմը»: Այսինքն՝ ըստ էության, նույնիսկ այս տեսանկյունից դանակը ոսկորին հասնելու դեպքում Հայաստանը կարող է չհասնել Իրանին: Իսկ եթե «Գազպրոմը» բանակցի, ապա այստեղ առաջնայինը լինելու է ոչ թե Հայաստանի շահը, այլ «Գազպրոմի» կոմերցիոն շահը: Եվ տվյալ պարագայում բանակցությունները բոլոր դեպքերում արդեն չեն լինի այն տրամաբանությամբ, ինչի մասին հայտարարել էր Հայաստանում Իրանի դեսպանը, որովհետեւ այդ հայտարարությունը իր մեջ առաջին հերթին պարունակում էր քաղաքական անկախության եւ ինքնիշխանության ակնարկ, որը Հայաստանի իշխանությունը մատնեց անտարբերության՝ դրան պատասխանելով «Գազպրոմի» հետ մինչեւ 2043 թվականի հաշվարկով կնքված խայտառակ պայմանագրով:
Ահա այս տեսանկյունից, մեծ հաշվով, գազի գինը մի հարց է, իսկ դրա ձեռք բերման մեխանիզմները՝ բոլորովին այլ: Այսինքն՝ ինչքան էլ տարօրինակ թվա, այնուհանդերձ, կան իրավիճակներ, երբ առավել նախընտրելի է քաղաքական ինքնուրույնությամբ եւ ինքնիշխանությամբ ձեռք բերված համեմատաբար ավելի թանկ գազը, քան պարտադրված էժանը, որը մեծ հաշվով դառնում է ընդամենը պետությանը նետված «ողորմություն» կամ էլ «ինքնիշխանության» գին:
Ըստ էության, առկա իրադրությունում, խոսքն այն մասին է, որ Հայաստանն ընդամենը Ռուսաստանին առաջարկում է ավելի բարձր վճարել՝ գազն էժանացնելու տեսքով, Հայաստանի ինքնիշխանությունը վերցրած լինելու դիմաց: Հայաստանի էներգետիկայի նախարարը ըստ էության հայտարարել է հենց այդ մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում