▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խորհրդային ատոմային ռումբ. Հայկական հետք»

Հայկ Մարտիրոսյանը magaghat.am-ում գրում է. Թեման ծնվեց ակամա, երբ լրագրային մի հրապարակում կարդացի, որտեղ աշխարհահռչակ հայերի շարքում նշված էր նաև ինձ անհայտ մի անուն` Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյան, սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս: Աչքերիս չհավատացի` հայ և… սոցիալիստական աշխատանքի եռակի հե՞րոս: Անհամատեղելի հասկացություններ: Հայերի հանդեպ ունեցած իր կանխակալ վերաբերմունքով Ստալինը չէր կարող նման բան թույլ տալ:
Որևէ հայ չէր կարող երեք անգամ հերոսի կոչում ստանալ, և ես մտածեցի, որ լրագրային այդ կարճ հաղորդագրության մեջ պարզապես սխալ է սպրդել: Բայց ահա` նոր անակնկալ: Հայ երևելիներին ներկայացնող համակարգչային էջերից մեկում, որը ոչ միշտ է վստահելի, կարդում եմ` Մետաքսյան Կիրակոս Հովհաննեսի, փակագծերում` Շչոլկին Կիրիլ Իվանովիչ- ԽՍՀՄ ատոմային, ջրածնային ռումբերի և ռեակտիվ վառելիքի` հրթիռներն առաջ մղող կրակի ստեղծողն ու գլխավոր կոնստրուկտորը, սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս, Լենինյան մրցանակի դափնեկիր, պետական մրցանակի քառակի դափնեկիր, պարգևատրվել է Լենինի չորս, Կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով:
Ահա՜ թե ինչ: Խոսքն ուրեմն հանրահայտ Շչոլկինի մասին է: Բայց ինչու՞ Մետաքսյան: Եվ վերջապես կասկածներս փարատում է ինձ համար բացարձակ հավատարժան գիտնական Գրիգոր Մարտիրոսյանի`«Եռակի հերոսը, գաղտնի մնացած հայը, որին չգիտի ժողովուրդը» գիրքը:
Շչոլկինն է պայթեցրել խորհրդային առաջին ատոմային ռումբը: Եվ երկրորդը: Եվ երրորդը` նույնպես: Եվ բոլոր մնացյալները, ընդհուպ մինչև ջերմամիջուկայինը: Ուրիշ ոչ մեկին չէին վստահում, միայն Կիրիլ Իվանովիչ Շչոլկինին:
Նա Կուրչատովի մտերիմ մարդկանցից էր: Երեք անգամ սոցիալիստական աշխատանքի Հերոսի կոչման է արժանացել: Շչոլկինն էր, որ հիմնադրեց խորհրդային երկրորդ միջուկային կենտրոնը Ուրալում` «Չելյաբինսկ -70-ը», որը ոչ միայն մրցակցում էր առաջինի` «Արզամաս-16-ի» հետ, այլև շատ դեպքերում գերազանցում էր նրան:
Եվ հանկարծ 1960-ին, «Չելյաբինսկ -70-ի» գիտական ղեկավարն ու գլխավոր կոնստրուկտորը, սոցիալիստական աշխատանքի եռակի հերոսը, հրաժեշտ է տալիս բոլոր պաշտոններին և անտրտունջ թողնում ասպարեզը: Նրան մեկուսացնում են միջուկային զենքի ստեղծման հետ կապված բոլոր խնդիրներից, ավելին` ոչ միայն զրկում են այդ բնագավառից որևէ տեղեկատվություն ստանալու իրավունքից, այլև արգելում անգամ այցելել միջուկային կենտրոններ, որոնցում անցել էր նրա կյանքի գերակշիռ մասը:
Ի՞նչ էր պատահել, ըստ պաշտոնական վարկածի` Կիրիլ Շչոլկինի առողջությունը կտրուկ վատացել էր, և նա դիմել էր իրեն բոլոր պաշտոններից ազատելու խնդրանքով: Այս վարկածին չհավատալու պատճառներ կարծես չկան: Առաջին ռեակտորի ստեղծման ու ատոմային ռումբի համար պլուտոնիումի ստացման վտանգավոր գործընթացները ծանր ազդեցին գործին անմիջապես առնչվող շատ մասնագետների առողջության վրա: Կուրչատովն առաջին «զոհերից» մեկը դարձավ: Աշխատելով նախորդ դարի քառասնականներին հանրահայտ` «ամեն ինչ` ռումբ ստանալու համար» կարգախոսով, նրանք` այդ բնագավառի առաջամարտիկները, անհաշվենկատ վարվեցին սեփական առողջության հետ, և դրա հետևանքները շատ շուտ զգացնել տվեցին: Բժիշկները տագնապ հնչեցրին. ինֆարկտը, կաթվածը, քաղցկեղը գրոհեցին ատոմային զենք ստեղծողների վրա: Շչոլկինը չէր կարող բացառություն լինել: Բայց և այնպես «Ատոմային ծրագրից» նրա այդքան անսպասելի, հանկարծակի հեռանալը դժվար թե հնարավոր է բացատրել միայն առողջական վիճակով: Պատճառներն այստեղ ավելի խորն են:
Վաթսունականների սկիզբը միջուկային զենքի ստեղծման ամենաթեժ շրջանը եղավ: Զենքի փորձարկումները հաջորդում էին միմյանց, կարելի է ասել` դրանք հարահոսային բնույթ էին ստացել: Ստեղծվում էին նորանոր հզոր լիցքեր: Սկսվել էր արդեն այն, ինչը հետո պիտի «ատոմային խելացնորություն» անվանվեր: Անդրեյ Սախարովի հայտնագործությունները «Գերհզոր միջուկային լիցքերի ժամանակաշրջանի» մեկնարկը տվեցին: Դրա գագաթնակետը դարձավ ողջ երկրագունդը սարսափի մատնած 50 մեգատոն հզորության ռումբի պայթեցումը Բարենցի ծովում` Նոր Աշխարհ կղզում 1961 թվականի հոկտեմբերի 30-ին: Խորհրդային գիտնականները աշխատում էին արդեն 100 մեգատոն հզորությամբ ռումբի ստեղծման վրա, որն իր ուժով մի քանի հազար անգամ պետք է գերազանցեր Հերոսիմայի վրա նետվածին: Միջուկային մոլագարությունը ջղագրգիռ վիճակ էր ստեղծել աշխարհի քաղաքական շրջանակներում, ծայր աստիճան սրել երկու քաղաքական համակարգերի հարաբերությունները, Կարիբյան ծովի ճգնաժամի նման բախումանավտանգ իրադրություն ծնելով: Այդ հետո էր, որ իր իսկ ստեղծածից սարսափած, ակադեմիկոս Սախարովը հանդես եկավ միջուկային փորձարկումները սահմանափակելու կոչով: Կիրիլ Շչոլկինը ևս ուշքի էր եկել զանգվածային բնաջնջման ավելի ու ավելի դաժան զենքերի ստեղծման մոլուցքից, և, ըստ, ժամանակակիցների վկայությունների, հետևողականորեն իշխանություններին հորդորում էր` հրաժարվել հետագա խելահեղությունից, վերջ տալ գերհզոր միջուկային մարտագլխիկների փորձարկումներին:
Կիրիլ Շչոլկինն եկել էր այն եզրակացության, որ երկրի անվտանգության ապահովման համար հերիք է ունենալ ոչ շատ հզոր միջուկային ռումբեր: «Միթե այնպիսի խոշոր քաղաքի համար, ինչպիսին Մոսկվան է, բավական չէ՞ 20 կամ 50 կիլոտոն հզորության մեկ ռումբ, որպեսզի բնակչությունը բարոյալքվի, խզվի կապը, կառավարումը: Ոչ խոշոր լիցքերով զենքի առավելությունն ակնհայտ է: Այն, անհրաժեշտության դեպքում, մենք ի վիճակի ենք հրթիռի հետ պատրաստել հենց մեզ մոտ` Ուրալում»:
Պարզ է, որ նման կարծիքը հակասում էր ժամանակի իշխող դավանանքին, և նրա հեղինակից պետք է ազատվեին: «Ատոմային ծրագրի» ներսում ևս մարդկային հասկանալի թուլություններ էին` նախանձ, ավելի հաջողակ մրցակիցներից ազատվելու երբեմն անթաքույց ջանքեր …
Իրադրությունն աշխարհում նկատելիորեն փոխվեց միայն 1963-ին, երբ ԽՍՀՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև կնքվեց երեք միջավայրում` երկնքում, տիեզերքում և ջրի տակ միջուկային զենքի փորձարկումների մորատորիում հայտարարելու մասին համաձայնագիրը:

Վերադառնանք խորհրդային ատոմային ծրագրի մեկնակետին, երբ ԽՍՀՄ-ը արտաքին հետախուզության վարչության հրահանգով Նյու Յորքում ռեզիդենտ Գենադին, նույն ինքը Հայկ Հովակիմյանը, սկսեց կենտրոնի համար նյութեր հայթայթել ամերիկացի և գերմանացի գիտնականների խիստ գաղտնի գիտափորձերի մասին: Ուրանի միջուկի ճեղքման ուղղությամբ տարվող աշխատանքների նպատակը գերհզոր զենքի ստեղծումն էր: Հայկ Հովակիմյանն անհավատալի արդյունավետությամբ էր աշխատում: Ընդամենը մեկ ու կես տարում նա Կենտրոն է ուղարկում 31 հազար էջ տեխնիկական, փաստագրական տվյալներ, 1055 գծագրերի կոմպլեկտ…
1939 թվականն էր: Բերիայի ներքին գործերի ժողկոմ դառնալուց հետո արտաքին հետախուզության վարչությունը հայտնվեց ծայրահեղ խիստ վերահսկողության տակ: Բերիան ոչ մեկին չէր վստահում, և կայծակնային արագությամբ փոխվում էին այդ վարչության պետերը: Մեկ տարվա մեջ 5 պետ փոխվեց, նրանցից 3 գնդակահարվեցին որպես ծպտյալ թշնամի, երկուսը` այլ աշխատանքի փոխադրվեցին: Դավաճանության կեղծ մեղադրանքով ոչնչացվեցին Հայկ Հովակիմյանի գործընկերներից շատերը: Ութ տարի արտասահմանյան հետախուզությունում անասելի փորձություններ անցած, մեծ պրոֆեսիոնալ Հայկ Հովակիմյանը չէր կարող անտարբեր մնալ, տեսնելով, թե տարիների ընթացքում իր և իր համախոհների գերագույն ճիգերով ստեղծված կառույցը ինչպես է ավերվում, ինչպես են կառափնարան տարվում իր հավատարիմ ընկերները: Արտասահմանում պրոֆեսիոնալ հետախույզ գրեթե չէր մնացել, հետախուզական ցանցերը շատ տեղերում փակվում էին: Հասկանալով, որ Կենտրոնին մեղադրելը մահվան հավասար քայլ է, Հայկ Հովակիմյանը այնուամենայնիվ զայրացած ծածկագիր է ուղարկում Բերիային. «Կենտրոնն իր անհիմն քայլերով ջլատում է ռեզիդենտուրան,- գրում է նա: - Ի՞նչ է կատարվում: Ում հետ աշխատել եմ, վստահել նրանց, հավատացել, արդեն չկան … Համառորեն պնդում եմ, որ դավաճանություն իմ ընկերների կողմից չկա… Ես չեմ զարմանա… եթե նաև ինձ նման պիտակ կպցնեն»:
Շատերն էին կարծում, որ Բերիան նրան գնդակահարելու անհապաղ հրաման կտա, բայց, սպասվածին հակառակ, Լավրենտի Պավլովիչը կտրուկ քայլի չդիմեց: Գուցե արտաքնապես: Իսկ ներքուստ որոշեց` ոչնչացնել անհնազանդին: Քինախնդիր ժողկոմը ութ ամիս շարունակ արգելեց օգնական ուժեր ուղարկել Նյու - Յորք: Գրեթե միայնակ գործող, հոգնած Հովակիմյանի զգոնությունը թուլացավ, նա հայտնվեց ամերիկյան հակահետախուզության թիրախում, և 1941 թվականի մայիսի 5-ին ձերբակալվեց, ապա Ստալինի անձնական խնդրանքով Ֆրանկլին Ռուզվելտը հրահանգեց ազատ արձակել խորհրդային հետախույզին:
1941 թվականի օգոստոսին Հովակիմյանը Մոսկվա վերադարձավ: Արտաքին հետախուզության պետն այդ ժամանակ համակարգում զարմանալիորեն դեռևս գոյատևած իրոք կարգին, ազնիվ մի մարդ էր` Պավել Ֆիտինը, որի հետ Հովակիմյանն արդեն հեռվից հեռու հասցրել էր բարեկամանալ: Հենց Ֆիտինի համառ պնդումներից հետո էլ հայազգի հետախույզը դարձավ միջուկային զենքի ստեղծման աշխատանքները համակարգող «Էնորմոզ» ծրագրի ղեկավարը:
Ատոմային զենքի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքների վերջնամասում քինախնդիր Բերիայի կարգադրությամբ Պավել Ֆիտինը ազատվեց աշխատանքից, տեղափոխվելով ավելի ցածր աշխատանքի: Հովակիմյանը անկեղծորեն հուզված էր: Յոթ տարի աշխատել էին միասին, պայքարել Բերիայի կամայականությունների դեմ: Ֆիտինը վերջին անգամ նրան կանչեց իր առանձնասենյակ:
- Հայկ Բադալովիչ, կանչել եմ հրաժեշտ տալու,- ասաց նա - Ինձ ուղարկում են Գերմանիա` ԽՍՀՄ Պետանվտանգության նախարարության ներկայացուցչի պաշտոնին… Բերիայի ձեռագիրն է` երբ գալիս է դափնիներ ստանալու ժամանակը, նա կամ վերացնում է պոտենցիալ դափնեկիրներին կամ հեռացնում է տեսադաշտից: Մեզ դափնիներ պետք չեն, ուղղակի գործն է տուժելու: Ես իմ պարտքն եմ համարում Ձեզ զգուշացնել, Հայկ Բադալովիչ, իմ տեղեկություններով Բերիան պատրաստվում է վնասել նաև Ձեզ: Զգուշացեք. «Էնորմոզի» աշխատանքները Դուք եք սկսել ու այժմ էլ շարունակում եք աշխատել: Վաղը հարցնելու են, թե ո՞վ էր ատոմային հետախուզության կազմակերպիչը, ո՞վ այսքան ահռելի տեղեկություններ քաղեց ԱՄՆ-ից ու Անգլիայից: Բերիային ձեռնտու չէ, որ ի պատասխան հնչեին Ֆիտին ու Հովակիմյան անունները: Նա իր անվան կողքին ոչ ոքի չի հանդուրժում :
Մարգարեա՜կան խոսքեր: Մեկ տարի հետո եկավ նաև Հովակիմյանի հերթը: Նրան մեկուսացրին իր աշխատանքից: Հետախույզի 16 տարվա լարված, անհանգիստ, վտանգավոր ոդիսականն ավարտվեց, երբ նա ընդամենը 49 տարեկան էր: Բերիան չէր սիրում վիրավորանքներ կուլ տալ:
Հովակիմյանին կարող էին ուրիշ աշխատանք առաջարկել, բայց երկար ժամանակ նրան միտումնավոր մոռացան, և երբ քաշքշուկից հոգնած ու վիրավորված հետախույզը ազատման դիմում ներկայացրեց, Բերիան, նպատակին հասածի հրճվանքով, անմիջապես մակագրեց դիմումը և ատամների արանքից շպրտեց..
- Թող գնա, չենք փոշմանի:
Երբ 1949 թվականի օգոստոսի 29-ին Սեմիպալատինսկի մերձակայքում փորձարկվեց խորհրդային ատոմային ռումբը, և, տոնական տրամադրությամբ համակված Ստալինի կարգադրությամբ, Բերիան կազմեց այդ գործում աչքի ընկած գիտնականների ցուցակները, Հովակիմյանի անունն այնտեղ իրոք չկար: Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումները, Աշխատանքային կարմիր դրոշի և Լենինի շքանշանները, խոշոր պարգևավճարներն ու թանկարժեք ավտոմեքենաները, իհարկե, գտան իրենց արժանի տերերին, բայց հանուն ճշմարտության պետք է ասել, որ նման գնահատանքի արժանանալու պատիվն առաջին հերթին պետք է տրվեր «երկրի գլխավոր ատոմային հետախույզին», ինչպես տասնամյակներ հետո Հայկ Հովակիմյանին անվանեցին մասնագետները:
Ավելացնենք, որ 1996 թվականի մայիսի 28-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինի հրամանագրով «Հերոսության և արիության դրսևորմամբ կյանքը վտանգի ենթարկելով, պետական անվտանգության ապահովման նպատակով հատուկ հանձնարարությունների բարեհաջող կատարման համար» արտաքին հետախուզության աշխատակիցներ Վլադիմիր Բարկովսկուն, Լեոնիդ Կվասնիկովին / ետմահու /, Լեոնտինա Կոենին / ետմահու /, Ալեքսանդր Ֆեկլիստովին, Անատոլի Յացկովին / ետմահու / շնորհվեց Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում: Դրանից մեկ տարի առաջ` 1995-ի հուլիսի 20-ին ետմահու հերոսի կոչում էր տրվել Մորիս Կոենին:
Այս բոլոր վեց հետախույզներն ու գործակալները գործում էին գեներալ -մայոր Հայկ Հովակիմյանի ղեկավարությամբ և նրա անմիջական «հատուկ հանձնարարություններով»: Սակայն ՌԴ նախագահի հրամանագրում ևս զարմանալիորեն տեղ «չգտավ» Հայկ Հովակիմյանի անունը:
Վերադառնանք խորհրդային ատոմային ռումբի ստեղծման գործում հայկական հետքին:
1944-ին, երբ չէր լրացել «Էնորմոզ» ծրագրի ստեղծման մեկ տարին, երբ նոր էին ստեղծվում ուրանի ճեղքման գործընթացը ուսումնասիրող փորձակայանները, երբ Կուրչատովը նոր նոր էր սկսել մշակել Հայկ Հովակիմյանի ջանքերով ստացված գերգաղտնի տվյալները, մեկ այլ հայ` ակադեմիկոս Աբրահամ Ալիխանովը հրատարակում է մի զարմանահրաշ աշխատանք, թե ինչպես «չեզոքացնել ուրանային ռումբը»: Հասկանում ե՞ք, ռումբը դեռ չկա, իսկ նրա վնասազերծման վստահելի միջոցն արդեն կա:
Դեռևս 1941 թվականին միջուկային ֆիզիկայի բնագավառում կատարած ուսումնասիրությունների համար Աբրահամ Ալիխանովը արժանացել էր պետական մրցանակի, այնպես որ 1944-ին նա արդեն ճանաչում ունեցող գիտնական էր: Նրա ղեկավարությամբ ստեղծվել էին առաջին այսպես կոչված ծանրջրային ռեակտորները: Դա այն շրջանն էր, երբ Ալիխանովը մրցակցության մեջ էր Կուրչատովի հետ, և այդ մրցակցությունը ոչ միշտ էր Կուրչատովի օգտին: Այդպես եղավ օրինակ 1943 թվականին Խորհրդային Միության Գիտությունների Ակադեմիայի իսկական անդամի թափուր տեղի համար մղված պայքարում: Ալիխանովը զգալի շատ ձայն հավաքեց և առաջ անցավ Կուրչատովից: Կուրչատովը ակադեմիկոսի կոչում ստացավ մի քանի օր հետո, երբ ստիպված էին բացառության կարգով նրա համար «տեղ իջեցնել»:
Ֆաշիստական շրջափակումը նոր էր ավարտվել, Լենինգրադը դեռևս ավերակների մեջ էր, երբ Կուրչատովի ղեկավարությամբ այնտեղ հիմնվեց գերգաղտնի N 2 լաբորատորիայի մասնաճյուղը: Գիտահետազոտական նոր կենտրոնի ղեկավար հաստատվեց Իսահակ Կիկոինը:
Այդ տեղի վրա աչք ուներ Աբրահամ Ալիխանովը: Նա ևս ոգևորված էր Լենինգրադում աշխատելու հեռանկարով: Ավարտելով տեղի պոլիտեխնիկական ինստիտուտը և մի քանի տարի աշխատելով այնտեղ, Ալիխանովը իրեն լենինգրադցի էր համարում և մտածում էր, որ հենց ինքը պետք է գլխավորի նորաստեղծ գիտափորձարարական հիմնարկը: Լենինգրադ տեղափոխվելու համար կային նաև այլ դրդապատճառներ:
1944 թվականի մայիսի 3-ին նա «ԽՍՀՄ ատոմային ծրագրի» ղեկավարներից մեկնին` Միխայիլ Պերվուխինին նամակ է հղում, որտեղ թափանցիկ ակնարկում է իր և Կուրչատովի միջև ստեղծված «ոչ հասարակ հարաբերությունների» մասին: Ճիշտ է, Աբրահամ Ալիխանովը ոչ մի անգամ նրա անունը չի տալիս, բայց տողերի արանքում զգացվում է որոշակի վիրավորվածություն և Կուրչատովի ստվերի տակ չմնալու վճռականություն:«Դուք մերժեցիք իմ լաբորատորիայով Լենինգրադ տեղափոխելու ծրագիրս, ելնելով այն տրամաբանությունից, որ միջուկային խնդիրների շուրջ աշխատանքները կենտրոնացված են Մոսկվայում, և ես ու իմ աշխատակիցները ֆիզիկայի այդ բնագավառի մասնագետներ ենք: Սկզբում ես էլ էի այդպես մտածում թիվ 2 լաբորատորիայում իմ դերի մասին, բայց շատ շուտով ստիպված էի համոզվել այն բանում, որ բոլոր այն նյութերը, որոնցում իմ մասնագիտության` ատոմային միջուկի գծով որևէ տեղեկություն կա, ինձանից թաքցնում են: Ավելին, եղել են դեպքեր, երբ առանձին աշխատակիցների արգելվել է ինձ հետ քննարկել այդ բնագավառի հետ առնչվող որոշակի հարցեր». Աբրահամ Ալիխանովը, երբ գրում էր այս տողերը, չգիտեր, որ իր հանդեպ եղած բոլոր արգելքներն ու սահմանափակումները գալիս են ոչ թե Կուրչատովից, Պերվուխինից և նույնիսկ Բերիայից: Դա անձամբ Ստալինի կարգադրությունն էր, որի համար Ամերիկայից ստացվող հետախուզական տվյալներն ավելի մեծ նշանակություն ունեին, քան խորհրդային ֆիզիկոսների կատարած աշխատանքը: Ատոմային ռումբի գծով տարվող աշխատանքների մասին տեղեկություններն այն ժամանակ ավելի շատ քաղաքական, քան տեխնիկական նշանակություն ունեին: Ու չնայած ի վերջո դրանք ստացվում էին «երկրի ատոմային գլխավոր հետախույզ», «Էնորմոզ» ծրագրի ղեկավար Հայկ Հովակիմյանի անմիջական ջանքերով, շատ քչերին էր վերապահված դրանցից օգտվելու վստահելիությունն ունենալ, առանձնապես հայերին / թեկուզև ակադեմիկոս/, որոնց նկատմամբ Ստալինն առանձնահատուկ կարծր դիրքորոշում ուներ: Մենք արդեն պատմեցինք այն մասին,թե ինչպես Հայկ Հովակիմյանին անգամ զրկեցին իր անուրանալի մեծ վաստակի արժանի հատուցումը ստանալու իրավունքից:
Դրությունը կարծես շատ, թե քիչ շտկվեց 1945 թվականի դեկտեմբերին, երբ Ալիխանովին նշանակեցին նորաստեղծ N 3 լաբորատորիայի տնօրեն: Բայց Կուրչատովի ստվերից հայազգի ակադեմիկոսին այլևս չհաջողվեց դուրս գալ, չնայած հետագայում էլ իր ծանրակշիռ վաստակն ունեցավ խորհրդային գիտության, հատկապես երկրի պաշտպանության գործում: Նա կատարեց միջուկային մարտալիցքերը ոչնչացնելու, որոնողական և ուղղորդող տիեզերական համակարգերը շարքից հանելու ընդունակ ամենակատարյալ զենքի ստեղծման առաջին քայլերը և ինքն էլ ղեկավարեց այդ աշխատանքների հետագա ընթացքը:
1945 -ին Աբրահամ Ալիխանովը հիմնադրեց ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի գիտափորձարարական ֆիզիկայի ինստիտուտը, որը ղեկավարեց մինչև 1968 թվականը:
Ատոմային ռումբի բնագավառում ներդրած ջանքերի համար հայ միակ գիտնականը, որն արժանացավ մեծ փառքի, Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյանն էր, և դա, անշուշտ այն պատճառով, որ նրա հայկական ծագումը այնքան խնամքով էր ծպտված, որ ոչ միայն երկիրը այդ մասին չգիտեր, անգամ նրա հարազատ ընտանիքը` կինը, որդին:
Հայաստանի ազգային արխիվում, բարեբախտաբար, մատչելի տեղեկություններ կան Շչոլկինի հոր, մոր, հենց իր` Կիրիլի և քրոջ` Իրինայի մասին: Ըստ դրանց Կիրիլի հայրը` Հովհաննես Շչոլկինը Ղրիմի Կարասուբազար գյուղաքաղաքից էր: Այն հայկական բնակավայր էր ի սկզբանե: Այնտեղ կար հայկական երեք գործող եկեղեցի: 1906 թվականին Հովհաննես Շչոլկինը,որի անունը փաստաթղթերում գրանցված էր Իվան, իսկ նրա հոր Եփրեմ անունը` Եֆիմ, ծառայության է գալիս նախնիների հայրենիք` Հայաստան, որտեղ, Նոր Բայազետի և Դարալագյազի շրջաններում, մինչև 1918 թվականն աշխատում է որպես հողաչափ- քարտեզագիր: Ընտանիքն ապրում էր Թիֆլիսում, որտեղ և 1911 թվականին ծնվել է Կիրիլը: Հոր ազգությունը գրված չէ ոչ մի փաստաթղթում, միայն նշված է հավատը` ուղղափառ: Ռուսաստանում ծնված, այնտեղ ապրող հայերի մեծ մասը ուղղափառ էր գրվում:Ազգային խտրականությունից խուսափելու համար ոչ միայն ազգությունն էր թաքցվում, այլ` ծննդոց անունները վերափոխվում էին ռուսականի:
- 1993թ. հոկտեմբերի 26-ին «Հայաստանի Հանրապետություն» թերթում լույս տեսավ իմ հոդվածը «Ամենագաղտնի մարդը» խորագրով` խորհրդային ատոմային, ջրածնային ռումբերի հրթիռամիջուկային վահանի գլխավոր կոնստրուկտոր Սամվել Քոչարյանցի մասին,- հիշում է Շչոլկին- Մետաքսյանի մասին պատմող գրքի հեղինակ Գրիգոր Մարտիրոսյանը: - Համառոտակի ասենք, որ Սամվել Քոչարյանցը ծնվել է Նոր Բայազետում 1909-ին, ավարտել Երևանի Գյուղինստիտուտը, 1930թվականից մշտական բնակության մեկնել Մոսկվա, ավարտել Էներգետիկայի ինստիտուտի էլեկտրաֆիզիկայի բաժինը: Միջուկային զինամթերքի նախագծման, բալիստիկ հրթիռների ստեղծման գործում նշանակալի ներդրման համար այդ ճանաչված գիտնականը երկու անգամ արժանացել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման:
Իմ հոդվածի բազմաթիվ արձագանքողներից էր նմանատիպ նյութեր հավաքող, արտասահմանում երկար տարիներ աշխատած հայրենասեր գիտնական Սերգեյ Հարությունյանը: Մեր հետագա համագործակցության շնորհիվ լույս տեսան մի շարք հոդվածներ ռազմական բնագավառի հայ խոշոր անհատների մասին, իսկ հետո` «Հայ գլխավոր կոնստրուկտորներ» գիրքը:
Սերգեյի հետ մեր մտորումները գլխավորապես ռազմական գործի հայ խոշորագույն գիտնականների վերաբերյալ էին: Մանավանդ աշխատանքի բնույթից ելնելով` մենք նյութեր էինք հավաքում գաղտնի մնացած մարդկանց մասին: Այդպիսին էր նաև Շչոլկինի ճակատագիրը, որը բացահայտվում է Սերգեյ Հարությունյանի և Օդեսայի համալսարանի մեխանիկայի ամբիոնի վարիչ Կոնստանտին Ասլանովի հետ ունեցած զրույցից:
1960թ. վերջին Կիրիլ Իվանովիչ Շչոլկինը վերադարձել էր իր նախկին` քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, աշխատում էր նաև Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում / նշանավոր ֆիզտեխում/ այրման վերաբերյալ դասախոսություններ էր կարդում:
Հիվանդության պատճառով նա արդեն նախկին բարձունքում չէր, ինչպես ասում են` «ձիու թամբից» իջել էր և ինստիտուտներում ուներ իր աշխատողները, սակայն մի ոտքը հիվանդանոցում էր, մյուսը` ինստիտուտներում: Դա էր վիճակված գիտության այս հսկային:
Միևնույն վագոնում նրա հետ ընթացող ուղևորները ոչինչ չէին կռահում. դեռ թխահեր, արծվաքիթ, համեմատաբար երիտասարդ մարդուն նայելիս: Մի անգամ նրա հետ միևնույն վագոնում Մոսկվա էր մեկնում երիտասարդ, համակրելի մի դոցենտ` Ասլանով ազգանվամբ, ով դարձավ գերազանց ուղեկից և խոսքաշատ զրուցակից:
Երիտասարդի զրույցից երևաց, որ նա գնում է Մոսկվա` այրման մեխանիկայի գծով դոկտորական դիսերտացիայի ղեկավար գտնելու:
- Իսկ ինչու՞ ձեր աշխատանքը չկատարեք մեր կենտրոնում, ունեմ դոկտորական աստիճան, ես կարող եմ կազմակերպել պաշտպանությունը մեր ինստիտուտում,- ասաց Շչոլկինը:
- Ի՞նչ է հարկավոր կույրին, եթե ոչ մի զույգ աչք,- ասում է հայկական առածը,- անսպասելի արտաբերեց երիտասարդ Կոստյա Ասլանովը:
- Օ՜, որտեղի՞ց է հայերենի ձեր իմացությունը, այն էլ` առածների,- հարցրեց ավագ զրուցակիցը:
- Ինչպե՞ս թե, չէ՞ որ ես հայ եմ, ես օդեսացի չեմ, ծնվել եմ Աստրախանում և մեծացել Սարատովում,- պատասխանեց Ասլանովը / այդ ժամանակ դռան հետևում կանգնած մի մարդ սկսեց գրառել նրանց զրույցը/:
Պարզվեց, որ այդ գրառողը գիտնական- հետախույզ Սերգեյ Հարությունյանն էր, որը որոնումներով հազիվ գտել էր Շչոլկինի հետքերը` գիտենալով Շչոլկինի հայկական պատկանելությունը, որը գաղտնի էր պահվում:
- Եվ ի՞նչ, այդ բոլոր քաղաքները բնիկ հայկական վայրե՞ր են, ինչ է,- հետաքրքրվեց ավագ ուղեկիցը:
- Ոչ, բայց Աստրախանում մինչև մեր դարի 20-ական թվականները և դրանից առաջ էլ բնակվում էին մեծ թվով հայեր,- ասաց Ասլանովը:
- Իսկ ես դա իզուր չեմ հարցնում, չէ՞ որ իմ ծնողներն էլ հայեր են, ծնվել են Ղրիմում: Իմ անունը Կիրիլ չէ, ես Սուրբ Խաչ եկեղեցում եմ կնքվել` Կիրակոս, բայց մանկության տարիներին ինձ միշտ կոչել են Կիրա: Ամեն դեպքում` իմ հայրը, պապս և տատս հայեր են, ճիշտ է, մայրական կողմից բուլղարացու և գագաուզի խառնուրդ կա: Իմ ազգանունն իրականում ոչ թե Շչոլկին է, այլ Շոլկին, որը հայերեն նշանակում է Մետաքսյան/ ես սկզբում գրվել եմ Շոլկին/: Մետաքսը չէ՞ որ հայերեն շոլկն է: Հայրանունս Իվան է`դա Հովհաննեսն է,- բացատրեց զրուցակիցը:- Մեր Կարասուբազարը բնիկ հայկական բնակավայր է: Մետաքսը, գիտեք, այս երկրի հարավ են բերել հայ արդյունաբերողները: Հայ վաճառականները, մետաքս բերելով Ռուսաստան, այնտեղ կազմակերպել են մետաքսե կտորեղենի արտադրություն: Դուք լսե՞լ եք հայկական այդպիսի ազգանուն,-ասաց Շչոլկինը:
- Ոչ, Շոլկիններ ինձ հայտնի չեն,- ասաց Ասլանովը,- սակայն լսել եմ, որ Ռուսաստանում հանրահայտ հայկական ազգանուն էր հայ Շելկովնիկովների գերդաստանը, գերերալ- լեյտենանտ Բեյբութ Շելկովնիկովը Ղրիմի 1855 թ. պատերազմի հանրահայտ հերոսն է` հանրահայտ գեներալ, դարձյալ հայ, Լորիս Մելիքովի ժամանակներում:
- Ահա’ և մենք ծանոթացանք, առավել քան ծանոթացանք, անգամ իմացանք միմյանց արմատների մասին:
- Այո, ամեն բան լինում է,- համաձայնվեց Կոնստանտին Ասլանովը:
Գնացքում կայացած այդ ծանոթությունը Օդեսայի պետհամալսարանի մեխանիկայի ամբիոնի վարիչ Կոնստանտին Ասլանովին բերեց դոկտորական աստիճան, իսկ Կիրիլ Շչոլկինին մեկ անգամ ևս զգացնել տվեց ոչ միայն իր օգտակարությունը գիտությանը և մարդկանց, այլև առիթ տվեց վերհիշել իր մոռացած արմատները և օգտակար լինել անծանոթ մի ազգակցի:
* * *
Եվ այսպես, երբ անուն ազգանունով ռուս, հայազգի այդ մեծ մարդը 1960-ին ազատվեց բոլոր պաշտոններից, նրա նկատմամբ անհասկանալի ծանր վերաբերմունք դրսևորվեց:
Շչոլկինն իրոք հիվանդ էր: Նա ընդամենը 46 տարեկան էր, երբ նկատվեցին հիվանդության առաջին նշանները: Նա հերոսաբար ջանում էր հաղթահարել տկարությունը նույնիսկ այն դեպքում, երբ արդեն գրել իսկ չէր կարողանում:
Հիվանդությու՞նն էր ասպարեզից նրան այդքան սրընթաց հեռանալու պատճառը: Այո, բայց ինչու՞ այդքան հապճեպ հրաժեշտ տվեցին դեռևս ողջ մարդուն, ինչու նրան մտածել իսկ արգելեցին: Միգուցե՞ միջուկային խելացնոր սպառազինության դեմ իր արտահայտած մտքերի պատճառով նման անբարյացկամություն ցուցաբերեցին Շչոլկինի հանդեպ: Թերևս: Բայց ինչու, օրինակ, նման հանցավոր ժխտողականություն չցուցաբերվեց նույն ճառագայթային հիվանդությունից տառապող Կուրչատովի և այլոց հանդեպ, կամ ինչու ասենք իր հակապատերազմական բուռն գործունեությամբ ավելի հեռուն գնացած Անդրեյ Սախարովին շարունակեցին հանդուրժել գիտության շրջանակներում:
Հարցեր, որոնք ստույգ պատասխան չուներ և իրենք իսկ նոր հարցեր են ծնում: Ինչու՞ օրինակ, Անդրանիկ Իոսիֆյանը այդպես էր տեղ չգտավ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի կազմում: Եվ դա այն դեպքում, երբ հենց նրա իսկ աճեցրած սաները հեշտությամբ ակադեմիկոս էին օծվում:
Ինչու՞ վերևից եկած մի զանգով աշխարհահռչակ ֆիզիկոս Աբրահամ Ալիխանովը զրկվեց իր հիմնադրած փորձարարական ֆիզիկայի ինստիտուտից, նրա ձեռքից խլվեց Սերպուխովի իր ստեղծած արագացուցիչը, որից հետո մեծ գիտնականը անկողին ընկավ և վախճանվեց: Նրանից ազատվեցին «փորձված» դեղատոմսով, մեղադրեցին այն բանում, որ նա իբր չի պայքարում սիոնիզմի դեմ: Հարցը հասավ զավեշտի: Խրուշչովը Ալիխանովին սպառնաց հեռացնել կուսակցությունից, մինչդեռ գիտնականը կոմկուսի անդամ չէր: Ինչու՞ ատոմային, ջրածնային ռումբերի, հրթիռամիջուկային վահանի համակարգերի գլխավոր կոնստրուկտոր, պրոֆեսոր Սամվել Քոչարյանցին հեռու պահեցին ակադեմիական կաճառից, իսկ Արտյոմ Ալիխանյանը և Սերգեյ Մերգելյանը, չնայած իրենց ծանրակշիռ գործերին, մնացին ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի ընդամենը թղթակից անդամներ:Վիկտոր Համբարձումյանը նույնպես երկար տարիներ մնում էր ընդամենը թղթակից անդամի կարգավիճակում: Հարցե՜ր, հարցե՜ր …
Չմոռանանք մի ոչ երկրորդական հանգամանք: Բոլոր այդ տարիներին երկրի գաղափարախոսության «գորշ կարդինալը» ԽՍՀՄ կոմկուսի Կենտկոմի քարտուղար, ծագումով հրեա Միխայիլ Սուսովն էր, որը ռուսական մեծապետական շովինիզմի դեմ հայտարարած իր լայնածավալ պայքարի քողի տակ իրականում հենց սիոնիզմի ջրաղացին էր ջուր լցնում, ասպարեզից հեռացնելով բոլոր այն հեղինակություններին, ովքեր լրջորեն սասանում էին իրենց բնագավառում առաջնության ձգտող անվանի հրեաների հեղինակությանը: Հրեական աշխարհն անշուշտ անտարբեր չէր նաև Շչոլկին- Մետաքսյանի նկատմամբ,. քաջ ծանոթ լինելով նրա հայկական ծագմանը, չնայած նա գրվում էր ռուս: Նա պատահաբար էր հայտնվել այդ Կուրչատովների, Սախարովների, Լանդաուների, Իոֆեների աշխարհում և տեղը պետք է չզիջեր:
Ահա և մեր բարձրաձայնած հարցերի ոչ անհավանական թվացող մի պատասխան, որով կցանկանայինք վերջակետել մեր այս պատմությունը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее