CEO ամսագրի կազմած 2013թ. ՌԴ խոշորագույն ընտանեկան բիզնեսների ցուցակի երրորդ հորիզոնականում է հայտնվել Խաչատուրովների ընտանիքը. հայտնում է Газета-ն. Նյութը թարգմանությամբ ներկայացնում է Tert.am-ը:
Գործարար ընտանիքների վարկանիշային ցուցակը կազմելու համար հիմք է հանդիսացել դոլարային միլիարդատերերի ցուցակը, որը հրապարակվել է 2013թ. փետրվարի 18-ին։ Ընդգրկվել է նաև տվյալ ցուցակի չհրապարակված մասը՝ մարդիկ, որոնց կարողությունը CEO-ն գնահատել է 1 մլրդ-ից քիչ։
Ընտանեկան բիզնեսների հետազոտությունը ցույց է տալիս, որ դրանք աճում են ավելի արագ, քան շուկան։ Մի քանի տարի առաջ CIIM Business School-ից ընտանեկան բիզնեսի պրոֆեսոր Պանիկոս Պուտզիոուրիսն ուսումնասիրություն է անցկացրել։ Նրա հետազոտությունները ցույց են տվել, որ ֆոնդային շուկայում ընտանեկան ընկերություններն առաջ են անցել իրենց «ոչ ընտանեկան» գործընկերներից 40%-ով՝ 1999-2005թթ. ընթացքում։ Ռուսաստանում նմանատիպ հետազոտության անցկացումը մինչ այժմ բարդ էր՝ հայրենական ընկերությունների հրապարակայնության ցածր մակարդակի պատճառով։
2010-ից Ռուսաստանի 50 ամենահարուստ ընտանիքների կապիտալն աճել է՝ 42.45 մլրդ դոլարից հասնելով 70.58 մլրդ դոլարի կամ 66%-ով։
Առաջին հորիզոնականը զբաղեցրած Գուցերիևների ընտանիքի կարողությունը պարբերականը գնահատել է 6.22 մլրդ դոլար, ընդ որում՝ «Բինբանկ»-ի հիմնական բաժնետեր և նախագահ Միկայիլ Շիշխանովն առաջին անգամ անվանվել է դոլարային միլիարդատեր։ Երկրորդ տեղում հայտնված Ռոտենբերգների ընտանիքի («Ստրոյգազմոնտաժ», «ՍՄՊ-բանկ», «Մոստոտրեստ») կարողությունը հաշվվում է 5.81 մլրդ դոլար, իսկ Խաչատուրովներինը («Ռոսգոսստրախ», «ՌԳՍ-բանկ»)՝ 5.74 մլրդ դոլար։
Առաջին տասնյակի ընտանիքների ընդհանուր կապիտալը կազմում է 38.65 մլրդ դոլար։
Նախորդ վարկանիշային ցուցակի առաջատարները՝ Անանև եղբայրները, դուրս են մնացել առաջին եռյակից։ Ընդհանուր առմամբ ցուցակում ընդգրկված է 134 մարդ։ Մասնակիցների միջին տարիքը 49-ն է։
Ցուցակում 6-րդ և 8-րդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Կարապետյանների և Սարկիսովների ընտանիքները. Կարապետյանների («Տաշիր») կարողությունը հաշվվում է 2.94 մլրդ,իսկ Սարկիսով եղբայրներինը («Ռեսո Գարանտիա»)՝2.66 մլրդ դոլար։
Ամբողջական ցանկն այստեղ: