▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Գասպարյան. Ես տականքի նկատմամբ գթասիրտ չեմ

Հունվարի 8-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը տարվա առաջին աշխատանքային  խորհրդակցությունն անցկացրեց ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում:

Անձնակազմին շնորհավորելով Սուրբ Ծննդյան և Ամանորի տոների առթիվ՝ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ  Արսեն Ադամյանին:

Վերլուծելով նախորդ տարվա գործունեության արդյունքները՝ ոստիկանության պետն անդրադարձավ մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների աշխատանքում տեղ գտած մի շարք թերությունների ու բացթողումների: 

Վլադիմիր Գասպարյանը կարևորեց հատկապես անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման առաջնահերթությունը՝ ընդգծելով, որ ոստիկանի գործունեության հիմքում պետք է լինեն պատվախնդրությունը, պրոֆեսիոնալիզմը, պետք է բացառվի ցանկացած շահադիտություն, իսկ օրենքի գերակայության սկզբունքը բացառություններ չպետք է  ունենա ոչ մի պարագայում:

Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ 2014 թվականը բեկման տարի է լինելու հանցավորության դեմ պայքարում, մասնավորապես՝ զենքի-զինամթերքի ապօրինի շրջանառությանը հակազդելու, զինված խմբերի ու խմբավորումների զինաթափման, քրեական տարրերի ու դրանց «տանիքների» բացահայտման և վնասազերծման ուղղությամբ: 

Ոստիկանության պետն անձնակազմին հրահանգեց այդ պայքարում լինել սկզբունքային ու վճռական՝ օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունների շրջանակում:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ  նաև ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունքներին, առաջիկա անելիքներին՝ մասնավորապես Սևանի ավազանում, անձնակազմի սոցիալական վիճակի, աշխատանքային պայմանների բարելավման, տեխնիկական հագեցման և մի շարք այլ հրատապ խնդիրների:

Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

ՀՀ Ոստիկանություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее