Հայաստանի Վերին Դվին գյուղում բնակչության 70 տոկոսը ասորիներ են
Լյուսյա Եդիգարովայի տան բակում է գտնվում ասորիների հայտնի «Մարեզ» սրբատեղին, որտեղ աշխարհի տարբեր անկյուններից այցելության եկած ասորիները մոմ են վառում, աղոթում, հաճախ նաև մի բուռ հող տանում իրենց հետ:
«Պապերս, երբ որ Իրաքից ներգաղթում են Հայաստան, հետները հող են բերած լինում, էդ հողից մի կտոր ընկնում է հենց այստեղ, որտեղ էլ կառուցում են Մարեզը, ինչը նշանակում է Մարիամ Աստվածածին: Ով գալիս է, ինձ ասում է. «Մայրիկ ջան մի կտոր հող տանենք սրբից հետներս»: Բանակ գնացող տղաների մայրերը գալիս են սրբապատկերներից տանում իրենց տները, երկու տարի անց, երբ տղաները վերադառնում են, Մարիամ Աստվածածնի նկարները հետ են բերում»,- պատմում է ազգությամ ասորի Եդիգարովան: Նա ապրում է Արարատի մարզի Վերին Դվին գյուղում, որի բնաչկության 70 տոկոսը ասորիներ են:
Ծովի նման երկնագույն աչքերը հուզմունքից ավելի կապույտ են դառնում, երբ 78-ամյա Եդիգարովան պատմում է ընտանիքից. «Ես մաքուր ասորի եմ, հինգ տղա եմ ունեցել, հարսներիցս մեկը ռուս է, մեկը հայ, մյուսը ուկրաինացի, իսկ երկուսը ասորի, և նրանք բոլորն էլ իրենց ասորի են համարում: 15 թոռ ունեմ, 8 ծոռ, թոռներիցս մեկի անուն էլ Նինվե եմ դրել, ինչպես որ Ասորեստանի մայրաքաղաքն էր ժամանկին կոչվում»:
Երևանից 25 կմ հետավորության վրա գտնվող Վերին Դվինում չնայած հայկական ընտանիքներ էլ կան, սական բոլորը խոսում են ասորերեն, հայերեն խոսակցություն գյուղում գրեթե չի լսվում, ինչն արտառոց է Հայաստանի համար:
58-ամյա Ռիմա Բադալյանը, չնայած մեծացել է հայկական ընտանիքում ու հետո էլ ամուսնացել հայի հետ, միևնույնն է ամուսնու ու երեխաների հետ խոսում է ասորերեն:
«Իմ մամաս հայ էր, նա եթե անգամ մեզ հետ հայերեն էր խոսում, մենք նրան պատասխանում էինք ասորերեն, մեր տան մեջ էլ հիմա հայերեն հազվադեպ ենք խոսում: Այստեղ շատ են խառը ամուսնությունները, մի տուն չկա, որ հայ չլինի մեջները՝ կամ հարսն է հայ, կամ ամուսինը: Երկու ազգերի քրիստոնյա լինելն է, որ չի խանգարում խառը ամուսնություններին»,- բացատրում է Ռիման:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, Հայաստանի ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Ռազմիկ Խոսրոևը բացատրում է, որ 1750 տարի առաջ ասորիները, կորցնելով իրենց պետականությունը, հիմնականում գոյատևել են բանավոր խոսքի շնորհիվ.
«Այդ իսկ պատճառով մեր գրավոր խոսքը վատն է: Մոտավորապես 1000 տարի այն գրեթե չի օգտագործվել, իսկ բանավոր խոսքը միշտ պահվել է: Հենց այս նպատակով էլ ժամանակին ասորիները թույլ էին տալիս ընտանիքի հորը տալ աղջկա օժիտի կեսը կամ ընդհանրապես չտալ, եթե նրա աղջիկը ասորերեն խոսել էր իմանում: Մեզ համար դա խիստ կարևոր էր ազգային գենի ու ընտանիքի պաշտպանության համար, դրա համար էլ այսօր բոլորը խոսում են ասորերեն, ունեն իրենց օջախի լեզու հասկացողությունը պահնպանելու բնազդը»:
Հայաստանի 3000 ասորիները հիմնականում ապրում են Վերին Դվին, Դիմիտրով և Արզնի գյուղերում: Վերին Դվինը համարվում է ասորիներով ամենախիտ բնակեցված գյուղը, այստեղ է գտնվում նաև ասորիների սուրբ Թովմաս եկեղեցին, որը վերանորոգվել է շվեյցարացի բարերարի նվիրած միջոցներով:
«Ասորիները 100 տարի մայրենի լեզվով չէին աղոթել, սուրբ Թովմասի եկեղեցին ավերակների մեջ էր մինչև վերականգնումը: Եկեղեցի կառուցելուն զուգընթաց գրանցվեցինք նաև որպես կրոնական կազմակերպություն՝ Ասորական արևելյան եկեղեցի»,- ներկայացնում է Խոսրոևը:
Նա ծնվել է Գառնիի ձորի և Խոսրովի անտառի միջև տեղակայված Գյոլայսոր գյուղում (Ասորական այգի), որտեղ ասորկան 20 ընտանիք էին տեղափոխվել դեռևս 1805 թվականին Թուրքիայից: Ասորիների երկրորդ ներգաղթը Հայաստան տեղի է ունեցել 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմի ընթացքում: Թուրքմենչայի պայմանագրով, որը կնքվեց Ռուսաստանի և Իրանի միջև 1828թ. Թուրքմենչյա գյուղում, նշանավորել է պատերազմի ավարտը: Ասորական 100 ընտանիք այնժամ խնդրել են թույլատրել Ռուսաստանի տարածքում բնակվել և հաստատվել են Հայաստանում:
«1949 թվականին խորհրդային իշխանությունները ճնշումների ենթարկեցին Գյոլայսորը, ասորիներին կասկածելով արևմտամետության մեջ, ժողովրդի մեծ մասին աքսորեցին Սիբիր, Բառնաուլ, մնացածին ցրեցին տարբեր գյուղերով: Մեր գյուղացիներից շատերը վերահաստատվեցին Վերին Դվինում»,- պատմում է Ռազմիկ Խոսրոևը:
Հետխորհրդային շրջանում մեծ թվով ասորիներ են հեռացել Հայաստանից: Ըստ Խոսրոևի ասորիները շատ ավելի արագ միգրացիայի ենթարկվեցին, քան հայերը՝ խորհրդային տարիներին նրանց թիվը Հայաստանում հասնում էր 7000-ի:
Վերին Դվինում ապրող Սեդա Նիկոլաևնայի հայրը ասորի է, մայրը`հայ: Աղջիկներին ամուսնացրել է հայերի հետ, տղային նույնպես.
«Ես հպարտանում եմ, որ ասորի եմ, հայրս ասորի է: Ասորիները խիստ թասիոբվ մարդիկ են, գյուղում մեկը նեղության մեջ եղավ, բոլորով հավաքվում են և օգնում: Իսկ հայերի և ասորիների տարբերությունը երևի թե միայն լեզվի ու մի քանի ավանդույթների մեջ է,-պատմում է Սեդան:- Մենք հարսանիքները հայերի նման ռեստորաններում չենք անում, մենք պահպանել ենք մեր ավանդույթները: Երբ հարսին բերում են տղայի տուն, դեռ տուն չմտած, փողոցում սկսվում է նվերների հանձնման արարողությունը: Մեկ առ մեկ կանչում են, ով ինչ պատրատսել է՝ նվիրում է: Հարսանիքի ցուլը մորթում ենք ուրբաթ երեկոյան ավանդական ձևով ու այդ մսից էլ որպես բաժին խնամու տուն ուղարկում»:
Ռազմիկ Խոսրոևն էլ է փորձում մեզ ներկայացնել իր ազգակիցներին. «Օտարազգիները միշտ նշում են, որ ասորու մի կողը ավել է, ասել թե՝ պնդաճակատ են: Եթե ասորին ասեց ոչ, աշխարհում ոչ մի ուժ նրան չի կարող հետ բերել, սա իհարկե հրաշալի ազգային բնավորություն է, եթե ասեց մածունը սև է, ուրեմն՝սև է»:
Ասորիներն իրենց Նոր տարին նշում են ապրիլի մեկին: Բացի Նոր տարուց նշում են նաև Շառայի՝ երգ ու պարի տոնը Արզնի գյուղում, սուրբ Թովմասի տոնը, Մարեզը: Բոլոր տոների ժամանակ մատուցում են համընդհանուր մատաղ: Գիշերով ամեն մի գյուղում լուսնի լույսի ու շարականների կատարմամբ մորթվում է հսկայական ցուլն ու առանց եփելու բաժանվում գյուղացիներին:
Լյուսյա Եդիգարովան պատմում է, որ Մարեզի տոնին հատուկ հալվա են պատրաստում և բաժանում բոլորին. «Մարեզը ամեն տարի նշում ենք հունիսի 14-ին: Հալվան դա այդ օրվա մատաղն է, որին մենք ասում ենք ՝մորթուխա: Շատ մեծ կաթսայի մեջ յուղը դաղում ենք լավ, հետո ավելացնում ալյուրը, կաթն ու ձուն: Լավ եփում ենք, իսկ հանելուց հետո փաթաթում լավաշի մեջ ու բաժանում մարդկանց»:
Ռիման ու Սեդան էլ խոհանոցում փորձում են ասորական բյուշալա պատրաստել, որը շատ նման է հայկական թանապուրին:
«Թանապուրի մեջ լցնում ենք սպիտակ ճակնդեղի տերևներ, նեխուր, կանաչ տաքդեղ: Սա պարտադիր սիրում ենք ունենալ մեր սեղաններին, ասորական օրենք է»,- ասում է Սեդա Նիկոլաևնան:
Ռազմիկ Խոսրոևը նշում է, որ Հայաստանի ասորական համայնքը երբևէ չի ունեցել քաղաքական խնդիրներ, դրանք ավելի շատ կրթամշակութային են.
«Մենք դեռ չենք կարողանում ազգային փոքրամասնությունների էթնիկ մշակույթը մաս դարձնել հայ մշակույթի: Այստեղ մեծ գործ ունի անելու և կառավարությունը, և մշակույթի նախարարությունը: Օրինակ, եթե մշակութային բուհերում սովորող ուսանողները ձևակերպվեին պետպատվերի սահմանններում, ապա շատ լավ կլիներ:
Հաջորդ խնդիրը կապված է ասորերեն լեզվի հետ: Հայաստանում որևէ բուհում չեն սովորում այս լեզուն: Մենք համայնքի միջոցներով ուղարկում ենք մեր երիտասարդներին սովորելու Ուրմիայի (Իրան) Ասորական համալսարանում, որից հետո նրանք վերադառնում են և մեր գյուղերի դպրոցներում սովորեցնում մեր երեխաներին: Բայց այս դեպքում էլ պետք է հեռակայեն Երևանի Մանկավարժական համալսարանում, որպեսզի մանկավարժի որակավորում ունենան: Այս ամենը խնդիրներ են»:
Խոսրոևը պատմում է, որ ամեն տարի Հայաստանի կառավարությունը 11ազգային փոքրամասնություններին տրամադրում է 10 մլն դրամ, որը հավասարապես բաժանվում է բոլորի միջև, անկախ նրանց թվաքանակից: Ռազմիկն ասում է նաև, որ փոքրամասնությունների իրավունքները պաշտպանվում են ինչպես Եվրոպայի Խորհրդի համաձայնագրով և ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ «Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով, բայց դրանք գործնականում իրենց քիչ բան են տալիս.
«Տարիներ առաջ կառավարությանը ներկայացրեցինք Ազգային փոքրամասնությունների մասին օրենքի նախագիծը, որի կյանքի կոչվելու դեպքում, կունենայինք մեխանիզմ՝ հեշտ կլիներ լուծել մեր հարցերը, բայց այդ նախագիծը այդպես էլ չուղարկվեց ԱԺ: Մեր բոլոր հարցերը լուծվում են նամակներով, ծանոթներով, խնդրանքներով»:
Սակայն խրոխտ բնավորությամբ ասորիները խոստանում են պայքարել իրենց իրավունքների համար և հասնել գործնական արդյունքների: Եվ հուսադրում են՝ մի անհագստացեք, մածունը սև չենք հայտարարի:
JAMnews` Հարավային Կովկասի նորությունների ընտրանի