Մայիսի 1-ին Անդրանիկ Զոհրաբյանը կդառնար 20 տարեկան, եթե ապրիլյան քառօրյա պատերազմը չխլեր երիտասարդ զինվորի կյանքը: Նրան ընդամենը 3 ամսվա ծառայություն էր մնացել, բայց ընտանիքի մինուճար որդին այդպես էլ տուն չվերադարձավ, ընկավ հերոսի մահով: Անդրանիկը մեկն էր այն 4 տղաներից, որոնք ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը մինչև վերջին վայրկյանը քաջաբար կռիվ էին տվել անհավասար մարտում, մի քանի հոգով ժամեր շարունակ պայքարել 2-3 հարյուրանոց ադրբեջանցի հրոսակախմբի դեմ, որպեսզի չզիջեն հայկական կողմի համար անչափ կարևոր նշանակություն ունեցող իրենց դիրքը: Անդրանիկ Զոհրաբյանը ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի և Քյարամ Սլոյանի հետ կյանքի գնով է պահել հայրենի հողը: Այս տղաների քաջարի պաշտպանության մասին պետք է գրքեր գրվեն, ֆիլմեր նկարահանվեն: Նրանցով պետք է կրթեն սերունդներին, որովհետև նրանց սխրանքն անգնահատելի է:
Անդրանիկի հայրն ամենայն մանրամասնությամբ է պատմում ողջ եղելությունը, որը լսել է որդու ընկերներից, Արցախի հրամանատարությունից, պաշտպանության նախարարությունից, մի խոսքով՝ հնարավոր բոլոր աղբյուրներից, և համադրելով հասկացել, որ բոլորի պատմածը նույնն է ու իրական: Մինչ այդ պատմությանն անցնելը՝ հետ գնանք դեպի 1996 թվական, երբ Վեդի քաղաքի մի երիտասարդ ընտանիքում լույս աշխարհ եկավ անդրանիկ զավակը, և նրան Անդրանիկ կոչեցին՝ արժանի իր հերոսական անվանը:
Անդրանիկը երազում էր ֆուտբոլիստ դառնալ: Դեռ մանկուց նրա մեջ այդ ջիղը կար: Երբ 6 տարեկան էր, տան բակում ֆուտբոլ խաղալիս ընկնում, թևը կոտրում է: Տանում են բժշկի, գիպս են դնում: «Փոխանակ մենք իրեն սփոփեինք, ինքն էր մեզ հույս տալիս, թե՝ հանկարծ լաց չլինեք, չի ցավում»,- ժպիտով հիշում է հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը:
8 տարեկանից Անդրանիկը Վեդիում ֆուտբոլի մարզադպրոց է հաճախում: Մի անգամ էլ Երևանում մրցումների ժամանակ նրա խաղը նկատում են ու հորն ասում, որ անպայման տեղափոխի Երևան, ավելի լուրջ մարզադպրոց, քանի որ տղան մեծ պոտենցիալ ունի: 13 տարեկանից նա միայնակ Վեդիից գալիս էր Երևան պարապմունքների ու վերադառնում: 2014 թվականին՝ բանակ գնալուց մի քանի ամիս առաջ, Անդրանիկին հրավիրում են «Արարատի» առաջին լիգա, որտեղ մեկուկես ամիս մարզվելուց հետո, երբ արդեն պայմանագիր կնքելու ժամանակն էր, զորակոչվում է: Մարզիչն ասում է՝ ծառայությունից կվերադառնաս, կգաս «Արարատ»:
«Թիմի պաշտպան էր, կենտրոնական պաշտպան,- ասում է հայրը ու մի պահ լռելուց հետո ավելացնում,- մինչև վերջ էլ մնաց պաշտպան, էս անգամ՝ արդեն հայրենիքի»:
2014 թվականի հուլիսին Անդրանիկն ընդունվում է ֆիզկուլտ ինստիտուտի մարզամանկավարժական ֆակուլտետի ֆուտբոլի բաժին և նույն ամսում զորակոչվում՝ ծառայության անցնելով Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում: Անդրանիկը մանկուց նաև խոհարարության սեր ուներ. դա իր հոբբին էր, բայց հասցրել էր խոհարարի որակավորում ստանալ: Ու երբ դիրք էին բարձրանում, Անդրանիկն իր խոհարարական տաղանդն էր ցուցադրում, զինվորական ճաշատեսակներից հոգնած ընկերների համար համեղ ու յուրահատուկ ճաշեր պատրաստում:
Հայրն ասում է՝ որդին շատ էր սիրում դիրքերը: Այնտեղ իրեն մի տեսակ ավելի լավ էր զգում: Անգամ, երբ արձակուրդ էր գալիս, ասես կարոտով ուզում էր վերադառնալ ծառայության, քաղաքացիական կյանքում շատ բաներ արդեն իրեն դուր չէին գալիս: «Ասում էր՝ պապ, մեզ մոտ մարդկային հարաբերություններն ուրիշ են: Էստեղ մարդիկ կարող են իրար խաբել, բայց ծառայության մեջ նման բան չկա, նամանավանդ՝ դիրքերում: Ասում էր՝ դիրքերում մի այլ կարգի ախպերություն է: Մենք կողք- կողքի կանգնած ենք՝ իրար թևութիկունք: Մենք իրար մեջ հարցեր չունենք, մենք մի հարց ունենք՝ դա մեր դիմաց կանգնած թշնամու հետ է»:
Վերջին անգամ Անդրանիկը ծնողների հետ խոսել է մարտի 29-ին: Ավանդույթ էր, դիրքեր բարձրանալուց առաջ զանգում էր հորը, ասում, որ արդեն բարձրանում են, հետո ուշ երեկոյան, երբ արդեն դիրքերում էին, նորից զանգում էր: Ապրիլի 1-ին էլ հայրը սպասում էր, որ Անդրանիկն ուր որ է կզանգի, կասի, որ հասել են դիրքեր, ամեն ինչ կարգին է, բայց որդին այդպես էլ չզանգեց:
Ապրիլի 2-ի առավոտյան Անդրանիկի ծնողներն անհանգիստ գնում են աշխատանքի. հայրը՝ պոլիկլինիկա, մայրը՝ մանկապարտեզ: Զգում են, որ շուրջն ինչ-որ խոսակցություններ են պտտվում, անհանգիստ մթնոլորտ է: Շուտով իմանում են, որ Արցախում լայնամասշտաբ մարտական գործողություններ են, բայց այդ օրն էլ տղայից որևէ լուր չեն ունենում:
Անդրանիկի հայրը, որ ողջ գիշեր աչք չէր փակել, ապրիլի 3-ի լուսաբացին մի երազ է տեսնում. «Կանաչ դաշտ էր, բայց մութ,- հիշում է նա,- դաշտի մի կողմում բարձր պատ էր, ու ինչ-որ անծանոթ մարդիկ: Փորձում էինք անցնել էդ պատի վրայով, բայց շատ անտաշ քարերով էր կառուցված, դժվարանցանելի էր: Պատի աջ հատվածն ավելի ցածր էր: Մյուսները գնացին, էդ ցածր հատվածով անցան, ես գնացի ուղիղ, որտեղ իմ դիմաց բարձր պատն էր: Փորձում էի բարձրանալ, քարերը մի կերպ բռնելով անցնել, բայց չկարողացա, չանցա պատը»:
Այդ երազից ծանր մտքերով արթնանալով՝ նա կնոջն ու երկու դուստրերին ասում է, որ պատրաստվեն, գնան եկեղեցի՝ Անդրանիկի համար մոմ վառելու, իսկ երազի մասին ոչինչ չի պատմում: Երբ արդեն դուրս էին գալիս տնից, մի զանգ են ստանում: Արցախից էր: Հայրը հեռախոսը վերցնում է ու առանց զանգողի ձայնը լսելու ինքնամոռաց ձայն տալիս՝ Անդրանի՛կ: Բայց հեռախոսի մյուս կողմում ոչ թե Անդրանիկն էր, այլ նրա ընկերը. «Անդրանիկն էլ չկա»,- լսվում է ընկերոջ հուսահատ ձայնը:
Դիրքը, որի պաշտպանության համար ընկան 4 քաջարի հայորդիները, ռազմավարական առումով շատ կարևոր էր: Ասում են՝ պատերազմը սկսվել է եթե ոչ այդ դիրքից, ապա դա եղել է առաջին հարձակման թիրախ դարձած դիրքերից մեկը: Պատահական չէ նաև, որ լավագույն հրամանատարներից մեկը՝ Արմենակ Ուրֆանյանը, եղել է հենց այդ դիրքում: Երբ գիշերը հարձակումը սկսվել է, Ուրֆանյանը Սլոյանի հետ խրամատի ձախ թևն է պահել, ԱնդրանիկԶոհրաբյանն ու Ռոբերտ Աբաջյանը՝ աջ թևը: Մյուս տղաները եղել են միջնամասում: Հակառակորդը նախ հրետանի է կիրառել, ապա ծանր տեխնիկա: Նախապես պլանավորված ծրագրով հրետակոծվել է նաև հետևի դիրքերի միջև ընկած ճանապարհահատվածը, որպեսզի չկարողանան օգնության հասնել: Տղաները 7 հոգով կարողացել են երկու անգամ հետ շպրտել ուժերի բացարձակ մեծամասնությամբ հակառակորդին: Երկրորդ գրոհի ժամանակ Արմենակ Ուրֆանյանն ու Քյարամ Սլոյանը զոհվել են, բայց մինչ այդ Ուրֆանյանը հասցրել է խոցել հակառակորդի տանկն ու ականազերծող զրահամեքենան, ոչնչացրել բազմաթիվ զինվորների: Երրորդ գրոհի ժամանակ, երբ արդեն խրամատում 5 հոգով էին մնացել, տղաներից երեքն իջել են բլինդաժ՝ փամփուշտներ բերելու: Վերևում Անդրանիկն ու Ռոբերտն էին՝ թշնամուն դեմ հանդիման: Փրկված տղաներից մեկը պատմել է, որ վերջում Անդրանիկի ձայնն էր լսում, թե փամփուշտ հասցրեք, բայց իրենք չէին կարողանում մոտենալ խրամատին: Այդ ժամանակ Անդրանիկը ծանր վիրավորվել է:
Ռոբերտ Աբաջյանի հեռախոսում, որով նա զանգել է հրամանատարությանը, ամրագրված են դիրքի պաշտպանության օրհասական րոպեները: «Ես ու Անդոն ենք մնացել, Անդոն էլ վիրավոր է»: Հետո նաև Ռոբերտն է վիրավորվել, բայց այդ վիճակում Անդրանիկին գրկել, իջեցրել է խրամախորշ: Ռոբերտ Աբաջյանի հեռախոսային վերջին խոսակցությունը եղել է այնտեղից առավոտյան ժամը 6:38-ին. «Մտնում են խրամատ, շատ են, ես մենակ եմ մնացել, Անդոն էլ գնաց… Մի նռնակ ունեմ, թող մոտենան, ես գիտեմ՝ ինչ կանեմ… Կամանդի՛ր, էս դիրքում իմ տղերքի արյունն ա թափվել, էս դիրքը հանձնողի մերը…»:
Երբ հակառակորդն արդեն իր դիմաց էր, Ռոբերտը ձեռքերը վեր է պարզել, թե իբր հանձնվում է, ու երբ մոտեցել են, նռնակը պայթեցրել է: Անդրանիկ Զոհրաբյանի հայրն ասում է, որ իր որդու հետ հավասար սգում է նաև նրա ընկերների մահն ու իր երախտագիտության խոսքն է հայտնում հերոս Ռոբերտին, որ այդ վիճակում անգամ մենակ չի թողել ընկերոջը, փորձել է փրկել նրա կյանքը: Թշնամին ժամեր շարունակ տասնյակներով գրոհելով 7 հոգանոց հայկական դիրքի վրա՝ մեծաքանակ կորուստներ է կրել ու միայն լուսաբացին մի կերպ կարողացել է գրավել այն, սակայն կարճ ժամանակով: Մի քանի ժամ անց մերոնք դիրքը հետ են վերցրել:
Ի դեպ, ապրիլի 1-ին դիրքեր բարձրանալուց առաջ Անդրանիկը ընկերներին արտասովոր ձևով է հրաժեշտ տվել: Մոտեցել է, ամուր գրկել, համբուրել, ասել. «Տղերք, ձեզ պինդ կպահեք»: Մի տեսակ տխուր է եղել: Նախապես իմացե՞լ է, որ դժվար գիշեր է սպասվում, թե՞ պարզապես կանխազգացել է ինչ-որ բան, պարզ չէ, բայց մի բան հաստատ է՝ նա վերջին հրաժեշտն է տվել:
Անդրանիկ Զոհրաբյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է զինվորական բարձրագույն պարգևով՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: Հերոսի հայրը դժվարանում է բացատրել՝ ինչ է զգում հիմա. «Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ է ստացվում, երբ միախառնվում են ցավն ու հպարտությունը»: Այո, ապրիլի 1-ից հետո Զոհրաբյանների կյանքը փոխվեց 180 աստիճանով: Հիմա նրանք այլ իրողության մեջ են ապրում, ապրում են հանուն Անդրանիկի, հանուն նրա չիրագործված երազանքների: Նրա հայրն ուզում է, որ ոչ միայն իրենք, այլև ողջ ազգը գիտակցի, որ ապրիլի 1-ից հետո սկսվում է նոր Հայաստան, և պետք է ապրել նորովի, նոր արժեքներով՝ գնահատելով զոհված հերոսների գործը. «Պիտի ճիշտ գնահատենք, որ կարողանանք ճիշտ ապրել: Էդ տղաներն ապացուցեցին, որ արժանի են էս հող ու ջրին, մնում է, որ ապրողներն արժանի լինեն էդ տղաներին,-ասում է հայրը,- իսկ մեր սահմանները պետք է սկսվեն այնտեղից, որտեղ թափվել է մեր որդիների արյունը»: