▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղերք, չենք նահանջելու, չենք զոհվելու, լսո՞ւմ եք. քաջերի ջոկը

Hayzinvor.am-ը գրում է.

Հրամանատարական կետից թիկունքային ճանապարհով հասնում եմ հարավարեւելյան դիրքերից մեկը: Այն քառօրյա պատերազմի ընթացքում մարտական գործողությունների կիզակետում չէր, բայց հիմա ռազմավարական նշանակություն է ձեռք բերել: Սակայն այստեղ եմ եկել ոչ թե ծավալված ինժեներական աշխատանքների, մարտական հերթապահության ականատեսը դառնալու համար, այլ հայկական բանակի ավագ սերժանտին հանդիպելու:

Գուրգեն Հովհաննիսյան:  Այս  անունը սահմանի ողջ երկայնքով դարձել է կամքի հոմանիշ: Նրան փորձառու զինվորականները կարճ են բնութագրում` գեներալի ինքնուրույնությամբ ժամկետային զինծառայող: Իսկ ես Գուրգենին նմանեցնում եմ  հարեւանի այն տղային, որը միշտ պատրաստ է բոլորին օգնելու, որը նաեւ հրաշալի ընկեր է:

-Քո հրամանատարությամբ ջոկը շուրջ վեց ժամ անհավասար մարտում պահել է բարձունքի թիկունքում գտնվող դիրքը` հակառակորդին պատճառելով 50-ից ավելի կորուստներ,-զրույցը սկսում եմ ես,-ինչպե՞ս… ահա թե ի՛նչ եմ ցանկանում իմանալ։

-Մարտի ժամանակ մեկն ասես ինձ օգնում էր: Նա ներսից կառավարում էր ինձ` գնդացրորդիդ, այ, այստեղ դիրքավորիր, դիպուկահարին տար էն մյուս կողմը: Ասում էր` դու հրամանատար ես, մի՛ լռիր, խոսի՛ր տղաներիդ հետ, ուժ տուր նրանց: Ես էլ անընդհատ կրկնում էի` տղե՛րք, չենք նահանջելու, չենք զոհվելու, լսո՞ւմ եք: Մենք դեռ պիտի իջնենք զորամաս, մենք դեռ իրար հետ պիտի ծնունդ նշենք… Իսկ ամեն ինչ սկսվեց գիշերվա ժամը երկուսին,-վեր բարձրացնելով հոնքերը` ասում է ավագ սերժանտը:-Նոր էինք դիրք բարձրացել: Անօդաչու թռչող սարք նկատեցի: Այդ մասին տեղեկացրի գումարտակի հրամանատարին: Նա հրամայեց. «Անցե՛ք շրջանաձեւ պաշտպանության»: Զբաղեցրինք մեր տեղերը:

Սպասում էինք ներթափանցման փորձի, բայց ոչ լայնածավալ հարձակման: Ես հենակետի ավագն եմ եւ պատասխանատու էի նաեւ բարձունքի դիմացի դիրքի համար: Երբ սերժանտ Ադամ Սահակյանը զեկուցեց, որ իրենց ուղղությամբ դիվերսիա է, որոշեցի` պետք է օգնենք տղաներին:  Լուսածիր փամփուշտներով լուսավորում էի տարածքը, գնդացրորդին եւ դիպուկահարին կրակելու խնդիր առաջադրում: Մենք  կողային ուժեղ հարվածներ էինք հասցնում թշնամուն, սակայն քիչ անց նկատեցի, որ քողարկիչ ռազմազգեստով մեկը մտավ դիրքի խրամատ: Պարզ էր` նաեւ մեզ են թիրախավորել: Փորձելու էին թիկունքից ներթափանցել: Բարձրացա մոտակա բլուրը, դիտարկում կատարեցի: Տեսնեմ՝ ինչ. թշնամու մոտ 200 զինծառայողներ կենտրոնացած են մեր ուղղությամբ: Ժամանակ չկար, որոշում պիտի կայացնեի: Նախանշած տեղերում մնալն այլեւս նպատակահարմար չէր, այդպես նրանց առաջը չէինք առնի: «Դիրքափոխել անձնակազմը»,-հուշեց ներքին ձայնս: Տղաներից ոչ մեկը չհակաճառեց: Մոտակա թմբի վրա հարմար տեղեր զբաղեցրինք: Դիրքային առումով առավելություն ստացանք: Եվ երբ թշնամու առաջին խումբը նետվեց մարտի, գնդացրորդին` Կիրակոսյան Միսակին, հրահանգեցի կրակել: Ասացի` Միսա՛կ, ամեն կիրակի կրակայինի ես գնացել, տեսնենք` ինչ ես սովորել:  Միսակը ինն ամսվա ծառայող է, բայց կռվով անցած զինվորականի պես կրակեց: Վեցը գլորվեցին ներքեւ, օգնական ուժերը դրանց տարան: Հո չէինք գոռում ուրախությունից: Բայց հակառակորդն իր մտադրությունից ետ չկանգնեց: Նոր խմբեր ներքաշվեցին մարտի մեջ: Մենք էլ շարունակում էինք կրակել: Ջոկի դիպուկահարը` Գրիգոր Գրիգորյանը, իմ օգնականը` Դանտես Ջանգոյանը, ընդհանրապես չէին վրիպում:  Երեք անգամ էլ նռնականետով Կորյուն Պապլարյանը դիպուկ կրակեց: Ուզում ես ապրել՝ պիտի դիպուկ կրակես. պատերազմի տրամաբանությունը շատ պարզ է:

Գուրգենը  նայում է մեր թիկունքում դրված փոքրիկ արկղերին (մեջը՝ նռնակներ) եւ վերհիշում.

-Մարտի ժամանակ քսանից ավելի այսպիսի նռնակ եմ նետել, սակայն մեկի պատմությունը երբեք չեմ մոռանա: Դիպուկահարն ասաց, որ խրամատի աջ կողմում նկատել է երկուսին: Վազեցի այնտեղ: Գլուխս բարձրացրի՝ դիմացս դուրս եկան: 10 մետր էր մեզ բաժանում: Առաջին անգամ էի այդքան մոտիկից տեսնում թշնամուն: Նրանք շփոթվել էին: Դիմացից եկողը նռնակ ուզեց կողքինից: Բայց ես արդեն քաշել էի նռնակի օղը: Նետեցի նրանց ուղղությամբ: Չփրկվեցին:

Ճանապարհները հրետանու կրակի տակ էին, եւ անհնարին էր զինամթերք տեղ հասցնել, իսկ տղաների մարտապաշարը, ուր որ է, սպառվելու էր: Վաշտի հրամանատարը ջոկին նահանջելու հրաման տվեց:

-Մենք հրաժարվեցինք: Մենք հոգեբանորեն պատրաստ չէինք դիրքը թշնամուն թողնելուն: Այնքան ուժ էինք ներդրել: Բայց իրականությունը մեր դեմ էր. ընդամենը երկու նռնակ էր մնացել: Ստիպված էինք ետ քաշվել: Հիմա միայն մի երազանք ունենք` ազատագրել մեր հենակետը եւ նորից այնտեղ կանգնել:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее