▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տնօրենը գաղտնի կարդում է մեր ֆեյսբուքյան նամակները...

mamul.am-ը գրում է. «Ես ու գործընկերուհիս պարզեցինք, որ տնօրենը գաղտնի կարդում է մեր ֆեյսբուքյան նամակները»,-կայքի թղթակցին պատմեց մեր զրուցակիցն, ով չցանկացավ ներկայանալ, միայն նշեց, որ արդեն նախկին տնօրենի հետ խնդիրներ են առաջացել և աշխատանքից ազատվել է:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանից փորձեցինք պարզել, թե որքանո՞վ են հավանական նման դեպքերը. 
     «Աշխատանքի վայրում դա արվում է, օրինակ, հատուկ ծրագրերով, որոնք գրանցում են համակարգչի մոնիտորի վրա եղածը։ Այնպես որ` թող աշխատատեղում հեռախոսից օգտվեն»,- մեզ հետ զրույցում խորհուրդ տվեց մասնագետը: Հարցին, թե ինչպե՞ս կարելի է պարզել, հասկանալ, որ բացի մեզնից էլի ինչ-որ մեկը ներխուժում է մեր անձնական էջ, փորձագետը նշեց. «Եթե էջը ներխուժելու մասին է խոսքը, ապա «Ֆեյսբուքն» ունի իր անվտանգության բաժնում համապատասխան գործիքներ, որոնք թույլ են տալիս միացնել նման իրազեկում։ Մարդուն պարզապես պետք է մտնել այդ բաժինը և կարգավորումները միացնել։ Եթե աշխատանքային տեղում համակարգչի վերահսկման մասին է խոսք գնում, ապա ոչ մի ձև։ Մարդ պետք է պարզապես չվստահի ընդհանրապես հանրային ոչ մի համակարգչի»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Փաստաբան Կարինե Անդրեասյանի խոսքով էլ դա քրեորեն պատժելի հանցագործություն է: «Յուրաքանչյուրս ունենք մեր նամակագրական, հեռախոսային և փոստային ծառայությունների գաղտնիության իրավունքը, ոչ մեկը բացի մեզնից, առավելևս` մեր կամքին հակառակ, իրավունք չունի նման բան անելու, դա միանշանակ օրենքի խախտում է»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը: Նա հիշեցրեց, որ Քրեական օրենսգրքի հոդված 146-ում ասվում է, որ նամակագրական, հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու դեպքում տուգանք է նախատեսվում:

«Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան նամակագրությունները գաղտնի կարդալուն, իմ կարծիքով, այս պարագայում կարելի է նախ տնօրենի հետ խոսել, հասկանալ, ի՞նչն է եղել պատճառը, ի վերջո ի՞նչ նպատակով է նա այդ քայլին գնացել: Եթե նա ինչ-որ կերպ բացատրի, որ իրեն անհրաժեշտ է եղել շատ կարևոր ինֆորմացիա, ներողություն խնդրի ու խոստանա, որ նման բան այլևս չի կրկնվի, կարելի է փորձել կոմպրոմիսի գալ: Իսկ, եթե մարդը հետևողական լինի ու տեսնի, որ դա պարբերաբար շարունակվում է, այդ դեպքում պետք է միանշանակ դիմել իրավապահ մարմիններին, քանի որ դա օրենքի խախտում է, որը քրեորեն հետապնդելի է»,- նշեց փաստաբան Կարինե Անդրեասյանն, ում կարծիքով` առաջին քայլն ավելի գրագետ է:

Ամփոփելով` փաստաբանը նման դեպքերից խուսափելու համար բոլորին խորհուրդ տվեց իրենց անձնական կյանքն ամբողջությամբ չվստահել սոցցանցերին և ամենակարևորը` հիշել, որ համացանցում մենակ չեն:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее