Այսօր համացանցում հայտնվել է տեղեկություն, որի համաձայն՝ Ադրբեջանի «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության ղեկավար Ռասիմ Խալիլովը ջանքեր է գործադրում Արցախն Ադրբեջանին հանձնելու համար, հատուկ այդ նպատակով այցելում է դիրքեր և աղոթք անում: Սակայն այսքանով նրա հակահայկական գործողությունները չեն ավարտվում. դեռևս 2012-ին Խալիլովը, դիմելով իր հետևորդներին, նշում էր հետևյալը. «Ղարաբաղը մերը կլինի այն ժամանակ, եթե մենք ամեն օր աղոթենք դրա համար»: Այդ մասին վկայում է համացանցում առկա տեսանյութը:
Հիշեցնենք, որ «Կյանքի խոսք» անվանումով կրոնական կազմակերպությունը գործում է նաև Հայաստանում, ինչից ելնելով՝ շատերը կարող են ենթադրել, որ դրանք միևնույն կրոնական կազմակերպության մասնաճյուղերն են: Ի՞նչ է ստացվում. հայաստանյան մասնաճյուղը կարո՞ղ է հանդուրժել, որ հակառակորդ երկրում միևնույն կազմակերպության ղեկավարը բացահայտ հակահայկական գործողություններ իրականացնի: Asekose.am-ը այս առիթով պարզաբանում ստանալու նպատակով դիմել է «Կյանքի խոսք»-ի մամլո քարտուղար Արմեն Լուսյանին: Ստորև ներկայացնում ենք նրա պատասխանն ամբողջությամբ.
«Չէի էլ կարող պատկերացնել, որ Հայաստանի և Արցախի համար այսքան կարևոր ժամանակաշրջանում, երբ մեր ազգի միաբանությունն այնքան արժեքավոր է, մեր երկրում կգտնվեն մարդիկ, ովքեր, այդուհանդերձ, կփորձեն պղտոր ջրում ձուկ որսալ՝ դիմելով սադրիչ քայլերի: Ինչպես կարող էին տվյալ նյութի հեղինակները, բաքվեցի հովվի խոսքերը մեջբերելով, իմիտացիա և խաբկանք ստեղծել, թե իբր Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցու հետևորդներն ադրբեջանցի հավատացյալների պես աղոթում են Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու համար: Ըստ իս, սա վերին աստիճանի ցինիզմ ու անպատկառություն է, որը ես կորակեի՝ «թիկունքից հարված» սեփական հայրենակիցներին:
Իսկ այժմ հերթականությամբ
Նախևառաջ՝ Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցին ինքնանկախ եկեղեցի է, մենք որևէ կենտրոնի մասնաճյուղը չենք, առավել ևս՝ առնչություն չունենք Բաքվի «Կյանքի Խոսք» եկեղեցու հետ: Այն, որ նրանք կոչվում են «Կյանքի Խոսք», դա դեռ ոչինչ չի նշանակում: Ավելին ասեմ. ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ադրբեջանցիների, այդ թվում՝ Բաքվի եկեղեցու հովվի դիրքորոշումը մեզ բացարձակապես չի հետաքրքրում: Սա ասում եմ այն բանի համար, որ մեկընդմիշտ հասկանալի լինի ոմանց, որ ադրբեջանցիների խոսքերը կամ աղոթքները մեր հայ հավատացյալ քրիստոնյաներին վերագրելու ցանկացած փորձ առնվազն անմտություն ու սադրանք է:
Վերջիվերջո, կարելի՞ է չէ ըմբռնել այն տարրական իրողությունը, որ նրանք ադրբեջանցի են, մենք՝ հայ: Մի՞թե սա պարզից էլ պարզ չէ, որ մեր ազգային իղձերը, ձգտումներն ու շահերը հակոտնյա են ադրբեջանցիների ձգտումներին՝ անկախ այն բանից՝ նրանք մահմեդական, թե քրիստոնյա ադրբեջանցիներ են:
Երկրորդ. մենք բազմիցս արտահայտել ենք մեր հստակ դիրքորոշումն Արցախյան հիմնահարցի վերաբերյալ, որ Արցախը պատմական հայկական տարածք է, որի կարգավիճակն էլ արդեն որոշված է, և դա որոշել է Արցախի հայությունը՝ Լեռնային Ղարաբաղի օրինական իրավատերը: Այդ որոշումը պաշտպանվել է մեր հայրենիքի նվիրյալ մարտիկների թափված արյամբ, և ամրագրվել՝ Արցախի հողի վրա հայ մարդու ստեղծարար կյանքով և աշխատանքով:
Երրորդ. այո՛, մենք հայ ենք և մենք ավետարանական քրիստոնյաներ ենք, ում համար հայրենիքը, պետությունը, ազգը բարձր արժեքներ են: Մենք դա ցույց ենք տվել մեր կյանքով ու գործունեությամբ, ինչն ավելին է, քան պարզապես խոսքերը:
Չորրորդ. նման կարգի նյութեր տարածելն անթույլատրելի և դատապարտելի է նաև այն պատճառով, որ այսօր էլ, հենց այս պահին մեր եկեղեցու տղաները կանգնած են սահմանին և զենքը ձեռքին քաջաբար հայրենիք են պաշտպանում, մինչ այստեղ ոմանք փորձում են «դանակով հարվածել» թիկունքից և թշնամություն տարածել մեր ազգի մեջ: Գոնե պահի լրջությունը գիտակցեք, պարոնա՛յք, և էժանագին քայլերից զերծ պահեք ձեզ:
Հինգերորդ. Մեր տղաները սահմանին են, իսկ ողջ եկեղեցին էլ իր անդադար աղոթքներով հայ զինվորի թիկունքն է պահում, որ հակառակորդի ոչ մի զենք հաջողություն չունենա, որ Տերը խորտակի մեր երկրի դեմ ուղղված ցանկացած թշնամություն, որ խաղաղությունը հաստատվի, ու այլևս հայ զինվորի ու հայ մարդու արյուն չթափվի: Եթե ոմանք այդքան հետաքրքրասիրություն ունեին պարզելու, թե ինչ են Բաքվում աղոթում, գուցե բարեհաճեին նախևառաջ իմանալ, թե Հայաստանո՞ւմ ինչ են աղոթում «Կյանքի Խոսք» եկեղեցու հետևորդները:
Վեցերորդ. այս օրերին մեր եկեղեցին, մենք բոլորս կանգնած ենք Արցախի կողքին նաև մեր նյութական աջակցությամբ: Մեր երիտասարդները եկեղեցու կատարած հանգանակության շնորհիվ արդեն իսկ Արցախ են ուղևորվել՝ տանելով հագուստ, սննդամթերք և այլ անհրաժեշտ իրեր: Եվ սա դեռ սկիզբն է:
Այս ամենը ես հիշատակում եմ ոչ թե պարծենալու համար, այլ, որ ոմանք համարձակություն ունենան՝ առերեսվելու ճշմարտությանը, համարձակություն ունենան՝ նայելու սահմանը պահող մեր տղաների և աղոթող ժողովրդի աչքերին, և, վերջապես, թոթափելու կուտակված մաղձը: Այսօր դրված է հայրենիքի, հայ ազգի միաբանության, միահամուռ ուժերով հայ զինվորին զորակցելու հարցը, և սադրանքներով զբաղվելու ժամանակը չէ, պարոնա՛յք»: