2015 թվականի ապրիլի 24-ին կլրանա Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Նույն օրը տեղի կունենա նաև «The GENEX» ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: «Այն պարզապես ֆիլմ չէ, այն 100 տարվա մենության է, մեր դժբախտությունից հզորագույն ուժ ձեռք բերած այսօրվա պատմությունն է»,-ASEKOSE.am-ի հետ զրույցում ասաց ֆիլմի հեղինակ, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարի համահեղինակ Արտակ Սևադան:
Ֆիլմի անվանումը ստուգաբանորեն կազմված է` Gene (գեն) և Ex ( բնաջնջում) արմատներից:
Ֆիլմը Սալլի Սոլոմոնի (Սալոմե Սողոմոնյանի) մասին է, ով մի օր նեղանում է իր հորից, քանի որ վերջինս ընդունում է «New York Life» ընկերության կողմից իր եղբորը հատկացված 20 միլիոն դոլարի փոխհատուցումը` որպես ցեղասպանության ժառանգի: Դուստրը մեղադրում էր հորը գումարը վերցնելու ու իր ազգը դավաճանելու համար, բողոքում, որ նրա` ցեղասպանության մասին պատմած պատմությունները ոչինչ չարժեն, եթե նա վերցրել է այդ գումարը: Հայրը փորձում է բացատրել աղջկան, որ միայն այդ ձևով հնարավոր կլիներ վճարել Մանհեթանի լավագույն իրավաբանական ընկերությանը և դատական գործ հարուցել թուրքական կառավարության, եվրոպական բանկերի և ապահովագրական ընկերությունների դեմ, սակայն աղջիկը, ձանձրանալով այդ ամենից, փախչում է տնից:
Իսկ այն պահին, երբ տեղեկանում է հոր սպանության մասին, նա Գեղարդում պեղումների մասնակցելիս է լինում, որի ընթացքում խազեր են հայտնաբերվում: Պարզվում է` Սալլին միակ մարդն է, որ կարողանում է կարդալ ու նույնիսկ նվագել հազարավոր տարվա այս չնաշխարհիկ երաժշտությունը…
Արտակ Սևադան վստահ է` այս ֆիլմով եվրոպացուն, ամերիկացուն և ասիացուն կկարողանա ապացուցել, որ Հայոց ցեղասպանություն եղել է: «Եթե կան բանկային ու ապահովագրական հաշիվներ, ուրեմն` այս փողերին պիտի արժանանան իրենց ժառանգները, իսկ եթե չկան ժառանգներ` եղբայրներ, հորեղբայրներ, հորաքույրներ և այլն, այդ դեպքում ի՞նչ է տեղի ունեցել, եթե ոչ ցեղասպանություն»,- պարզաբանում է Արտակ Սևադան: Ըստ նրա` այդ փողերի մասին խոսելով` ֆիլմը կարժանանա միջազգային կինոդիտողի ուշադրությանը:
Վերջինս համոզված է` այս նախագիծը փոխելու է Հայաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի արտգործնախարարության, ՆԱՏՕ-ի, ինչպես նաև` Թուրքիայի հանդեպ: «Բանն այն է, որ Բեռլին-Բաղդադ երկաթուղին կառուցվել է մի մեծ պատճառով, որպեսզի Անգլիային մեկուսացնի իր գաղութներից. երկաթուղին Գերմանիայի համար Հնդկաստան տանող ճանապարհ պետք է հանդիսանար, բայց այդ ծրագրի իրականացմանը խանգարում էր մի ամբողջ ազգաբնակչություն: Եվ այն, որ թուրքերը վարժ կատարել են իրենց գենետիկորեն տրված արհավիրքները, դա անկասկած է, բայց իրական կազմակերպիչները, կազմակերպելով ցեղասպանություն, ցեղասպանության են ենթարկել իրենք իրենց»,-պարզաբանում է ռեժիսորը` հավելելով, որ այսօր Գերմանիայում ապրում է 5 մլն թուրք, իսկ մզկիթներ քանակը տասնապատկվել է, և եթե մեկ գերմանացի ընտանիքին բաժին է ընկնում մեկ ու կես երեխա, ապա մեկ մուսուլման ընտանիքին` 7 երեխա:
Ֆիլմը, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, անկախ բովանդակությունից, ամենայն հավանականությամբ կանհանգստացնի Թուրքիային: Մեր այն հարցին, թե առ այսօր «բախվե՞լ» եք թուրքական ագրեսիվ արձագանքին, ռեժիսորը պատասխանեց. «Տարօրինակ է, բայց` ոչ», և մեզ ներկայացրեց դեռևս չհրապարակված մի նամակ, որի հեղինակը թուրք է.
«Հարգելի՛ պարոն Սևադա ,
Ես ցանկանում եմ Ձեզ մաղթել երջանիկ Նոր տարի և շնորհավորում եմ Ձեզ Genex ֆիլմի` կապակցությամբ առաջընթաց ունենալու համար: Ցանկանում եմ նաև իմ կարծիքը հայտնել Ձեզ ֆիլմի վերաբերյալ և հուսով եմ, որ Դուք ուշադրություն կդարձնեք դրան, երբ շարունակեք զարգացնել սցենարը:
Հուսով եմ` երբ նկարագրեք Հայոց ցեղասպաության ժամանակ տեղի ունեցած իրադարաձությունները, կգիտակցեք այն մեծ պատասխանատվությունը, որը ստանձնում եք` ներկայացնելու իրական ու հավասակշռված պատկեր: Վստահ եմ` Դուք տեղեկացված եք, որ թուրքերի ու հայերի միջև լարվածությունը շարունակվում է մասամբ նաև այն ապատեղեկատվության պատճառով, որը երկու ժողովուրդների պատմության ընթացքում քարոզվել է:
Որպես թուրք, ես անկեղծորեն մեծ համակրանք եմ զգում իմ հայ եղբայրների նկատմամբ, ովքեր զոհվել են այդ ժամանակ: Չնայած թուրքերն, անշուշտ, իրենց մասնակցությունն ունեն դրանում` շատ մարդիկ անտեղյակ են տեղի ունեցածում Գերմանիայի կառավարության մասնակցության մասին: Հայոց ցեղասպանության ժամանակ գերմանացիներտը կիրառել են ծայրաստիճան դաժան ռազմավարություն, որը սկսել է զարգանալ հարավարևմտյան Աֆրիկայում, որը ավելի լայնորեն պիտի կիրառվեր Հոլոքոստի ժամանակ: Զանգվածային բռնագաղթը գերմանական ռազմավարության ձեռագիրն էր Աֆրիկայում, և այս գործում էլ գերմանական բռնագաղթի ռազմավարության կիրառումը չափազանց ակնհայտ է:
Ձեր ֆիլմի կարգախոսը այնքան խոսուն է, որ ես ասում եմ. «Ճշմարտությունը ազատ կդարձնի»: Գերմանացիների մասնակցությունը Ցեղասպանությանը թուրքերին չի ազատում պատասխանատվությունից, բայց երկու կողմերին մեղավորության իրական չափի վերագրումը` առավել ճշմարիտ պատկեր է ստեղծում: Ես հույս ունեմ, որ այս ամենը Ձեր ֆիլմում հաշվի կառնեք, այնպես, որ մեր սերունդն ու ապագա սերունդը կարողանա հասկանալ հայերի նկատմամբ վայրագությունների վերաբերյալ ճշմարիտ պատմությունը:
Հարգանքներով` YZ »:
Առ այսօր «The Genex» ֆիլմում նկարահանվելու ցանկություն են հայտնել այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են ` Նատալի Պորտմանը ու Արմանդ Ասսանթին: Իսկ թե ո՞րն է ֆիլմի այն հիմնական մեխը, որը գրավել է այդպիսի համաշխարհային աստղերի, ռեժիսորը բացում է փակագծերը. «Կոմիտասի անձնական կյանքը. սա ֆիլմի Դա Վինչիի կոդն է»:
Ֆիլմի նկարահանումները կսկվեն 2013 թվականի նոյեմբերին ու կշարունակվեն մինչև 2014 թվականի փետրվարը: Նկարահանումներ լինելու են Ֆրեզնոյում, Սան Ֆրացիսկոյում, Նյու Յորքում, Տորոնտոյում, Երևանում և այլուր, իսկ նկարահանող ընկերություններն են` EdgeArt Entertainment Inc. և The Genre-ը:
Ռեժիսորը վստահեցնում է, որ ֆիլմի նկարահանման շուրջ լուրջ հետազոտություններ են անցկացվել ու հսկայական փաստեր են ջրի երես դուրս եկել, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են, որ Հայոց ցեղասպանության փաստը անժխտելի է: «Եթե այս հարցում խելացի չլինենք ամեն ինչ կկորցնենք: Խնդրին գլոբալ պետք է նայել ու այս պատերազմը պետք է դիվանագիտորեն հաղթել: Այսօրվա հակահայկական քարոզչությունը, որ արվում է ամբողջ աշխարհում այսքան թեժացել է, որպեսզի հայերս գլուխ չբարձրացնենք, ինչը ֆինանսապես կնշանակի մեր երկրի փրկություն, որպեսզի հանկարծ թունելի վերջում լույս չտեսնենք»,-նշում է Սևադան` հավաստիացնելով, որ այդ լույսը կա, աննկատ, բայց կա. «And The Truth Will Set You Free!!!» (Եվ ճշմարտությունը ձեզ ազատ կդարձնի):
Ռեժիսորը վստահ է` 2015 թվականի ապրիլի 24-ին ԱՄՆ-ի ու Եվրոպայի բոլոր կինոթատրոններում` ընդհուպ մինչև Թուրքիա, կդիտեն «The Genex» ֆիլմը:
Հեղինակ` Անի Բեքիրյան