Այսօր կրկին ծաղիկներ խոնարհվեցին ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, լեգենդար զորահրամանատար, անկարագրելի մարդ Մոնթե Մելքոնյանի շիրմաքարին: Ինչպես ամեն տարի՝ այս տարի էլ Եռաբլուրում էին հերոսի մարտական ընկերները՝ մեկ անգամ ևս խնկարկելու նրա հիշատակը:
«Մոնթեն մեր հուշերում է ու նրա հիշատակը միշտ վառ է մնալու՝ որպես ընկեր, ավելին՝ որպես մարտական ընկեր»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, Մոնթեի մարտական ընկեր Մարտիրոս Ժամկոչյանը, ապա հավելեց.
«Փորձում ենք Մոնթեի հիշտակը միշտ վառ պահել, մատաղ սերնդին ներկայացնել նրա անցած ուղին, կրթել Մոնթեի օրինակով: Քանի որ, ցավոք, այսօր տեսնում ենք ինչ է կատարվում մեր երկում. հայրենիսաիրիությունը մի տեսակ հետին պլան է մղվել:
Մարտիրոս Ժամկոչյանը երկար ճանապարհ է անցել Մոնթեի հետ.
«Միշտ ջերմ հարաբերություններ ենք ունեցել: Երբեք որևէ տարաձայնություն չի եղել մեր միջև: Միշտ համերաշխ ենք եղել, կես բառից միմյանց հասկացել ենք: Իրեն Ճանաչել եմ 1978 թվականից»:
ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկը գտնում է, որ այսօրվա նոր սերունդը բավական հետաքրքրված է հերոսներով, սակայն ամեն ինչ արվում է, որ նրանց ճիշտ մատուցվի, քանի որ ոմանք փորձում են Մոնթեին ներկայացնել իրենց ընկալածով՝ այդկերպ հեռանալով նրա իրական կերպարից: Մինչդեռ պետք է մատաղ սերունդը ճանաչի իրական հերոսին:
«Մոնթեն երբեք իր արածը բավարար չէր համարում:Միշտ փորձում էր ավելին անել: Եթե հիմա Մոնթեն կենդանի լիներ, այստեղ չէր լինելու: Որտեղ պայքար կա ի շահ Հայաստանի՝ կգնար այնտեղ: Իր էությունն իմանալով եմ ասում: Ես էլ հավանաբար իր հետ կլինեի, բայց հիմա ճանապարհս արդեն «շեղված» է(Ժպտում է): Իր առօրյան, ցանկացած քայլ միայն ազգային շահերին էին ուղղված: Ինքն իրեն չէր խնայում:
Եբեմն վիճում էինք, ասում էի Մոնթե, հերիք է, ուրիշ բաներով զբաղվի, ասում էր՝ ոչ, այս գործը պետք է արվի:
Հայրենսաիրությունը ձեռքբերում չէ, ներսից է: Դա ուրիշ հասկացողություն է:
ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցեց նաև ազատամարտիկ, նախկինում Մարտունու շրջանի Խնուշինակի ջոկատի հրամանատար Մավրիկ Մարտիրոսյանի հետ.
«Որպես մարդ՝ նրա նմանը ես չեմ տեսել: Ես 63 տարեկան եմ, բայց նրա նման մարդ դեռ չեմ տեսել՝ բոլոր դրական դրսևորումներով՝ որպես մարդ, որպես ընկեր, զորարավար, մարտիկ:Այդքան շիտակություն, ազնվություն հավանաբար չեմ էլ տեսնի: Կարծես հենց Արցախում ծնված լիներ: Ամբողջ հոգով նվիրված էր Մարտունուն: Ասում էր՝ այս հողակտորը հայակական է, և հոգով ընդունեց դա: Սկսեց ժողովրդի հետ էլ բարեկամանալ: Սկզբնական շրջանում շատ դժվար էր: Հոգեբանությունը տարբեր էր: Նա Արցախ առաջին անգամ էր եկել, սակայն կարողացավ մեր ժողովրդի հոգեբանությունն ըմբռնել: Մոնթեն կարողացավ համախմբել ցրված հայերին ու բռունցք ստեղծել»:
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան