Մինչ հասրակության անտարբեր ցինիզմով և անպատկառ պրագմատիզմով տառապող հատվածը «հումորով» է վերաբերվում նոյեմբերի 5-ի իրադարձություններին, ուժային կառույցների անհամաչափ ուժի կուտակումն ու գործադրումը, վարչախմբի թելադրանքի տակ գտնվող լրատվամիջոցների, պատժիչ հիմնարկների կողմից կատարվածի ապաքաղաքկանացման փորձերը ապացուցում են նետված մարտահրավերի լրջությունը: Ի տարբերություն ավանդապահ «Հանրային հեռուստաընկերությանը», որ մանրամասն գրաքննության էր ենթարկել իրադարձությունը, «կրեածիվ» «Արմնյուզ» հեռուստաընկերությունը թողել էր Շանթ Հարությունյանի հայհոյախառն ելույթի մեծ մասը և չոր գրաքննության էր ենթարկել միայն այն հատվածը, որտեղ Շանթ Հարությունյանը ասում է` «Սերժը պետք ա սիկտիր ըլնի»: Ամբողջ ելույթից այս հատվածն էր հատկապես «վտանգավոր» թվացել : Պայթունավտանգը, սակայն, Շանթ Հարությունյանի՝ Հայաստանում առկա կառավարման համակարգին, քաղաքական, սոցիալական իրավիճակին համարժեք գնահատականներն ու ճշգրիտ բնորոշումներն են, որոնք եթեր էին տրվել ճիշտ հակառակ նպատակով` հեղափոխականներին իբր «ոչ սթափ» ներկայացնելու համար: Թեև հանրային արձագանքից երևում է, որ վարչախմբի քարոզչամեքենան իր ցանկալի արդյունքը չգրանցեց, սակայն այնուամենայնիվ գտնվեցին որոշ քանակի «դյուրազգաց» մարդիկ, որոնց վրդոհվեցրել է Շանթի խոսքի բառապաշարը:
Հայհոյելու իրավունք
Հայաստանում դժվար է գտնել այնպիսի մեկին, որը համոզված չլինի գործող վարչախմբի ոչ օրինակարգ լինելու մեջ: Վարչախմբի պարագլուխների «մասնավոր» և «խմբակային» հանցանքները նույնպես գաղտնիք չեն: Այս պարագայում դժվար է իշխանությանը քննադատելու համար բառեր գտնել, որովհետև թվում է, որ բոլորը ամեն ինչ գիտեն, սակայն դրանից իրավիճակը չի փոխվում: Թվում է, որ բառերը սպառվել են: Պատահական չի, որ տաքսիներում, ֆեյսբուքի օգտատերերի պատերին և շենքերի պատերի տակ հայհոյանքով` «վերջին բառերով» են արտահայտվում Սերժ Սարգսյանի և, ինչպես Շանթ Հարությունյանը բնորոշեց, «բոզական իշխանությունների» մասին: Սակայն հանրությունը զրկված էր նույնիսկ հրապարակավ հայհոյելու տարրական իրավունքից: (Հարևան Վրաստանի ժողովուրդը, օրինակ, այդ իրավունքը վաստակել է: Մի քանի շաբաթ առաջ համացանցում տեսանյութ էր պտտվում, որտեղ Վահագն Չախալյանը «Միշա սիկտիր» էր գոռում «ճամպրուկները հավաքող» Սահակաշվիլիի երեսին): Հայաստանում հայհոյելու «իրավունք» ունեն միայն վարչախմբի պարագլուխները և նրանց սպասարկող ավազակախմբերը: Նրանք պարբերաբար պայքարող քաղաքացիներին «համբալ», «բոմժ» և «էշ» են անվանում, իսկ Սերժիկ Սարգսյանի եղբայր Սաշիկը «երեք մատի կոմբինացիա» էր ցույց տալիս «Լեզվի մասին» օրենքի փոփոխման դեմ պայքարող քաղաքացիներին: Այն, որ երիտասարդները այսօր կարող են Սերժի, Վովայի, Նեմեցի, Լֆիկի, նկարներով և «բոզավարի ապրողները» գրությամբ պաստառներ պարզել, դա Շանթի հեղափոխական ակտի առաջին նվաճումն է:
Ադրբեջանում առկա համանման իրավիճակը ներկայացնող «Բառի վախճանը» էսեում փիլիսոփա Ագելար Մամեդովը գրում է. « Թող չնեղանան իմ ընկերները՝ ընդդիմադիր մամուլը դեռեւս շարունակում է իբր քաղաքական լուսավորչությամբ զբաղվել։ Բայց բառը, որը չի ծառայում գործողությանը, որը չի հանգեցնում ակցիայի, այլ բան չէ, քան ձանձրալի փնթփնթոց»։
Ինձ համար Շանթի այդ օրվա բառապաշարն ու գործողությունները փնթփնթացող մտավորական ընտրախավին, փնթփնթացող քաղաքական գործիչներին, փնթփնթացող ու արտագաղթող «բնակչությանը» մատուցված հուսավառ օրինակ է` «եկել է գործելու ժամանակը»:
«Սուչի զոնը և բոզական իշխանությունը»
Քաղաքական գործիչները և վերլուծաբանները հաճախ Հայաստանում տիրող բարքերը համամետում են քրեակատարողական հիմնարներում` «գաղութներում» տիրող բարքերի հետ: Իր հարցազրույցներից մեկում Շանթ Հարությունյանը ժխտում է այդ պատկերացումը, ասելով, որ «գաղութներում» կան հասկացություններ («պանյատներ»), թեկուզ և հասրակության համար մերժելի, այնինչ Հայաստանի քաղաքական, հասրակական կյանքում դրանք բացակայում են: Նոյեմբերի 5-ի իր խոսքի մեջ Շանթ Հարությունյանը ասում է, որ Հայաստանը «սուչի զոն» է դարձել: Ի տարբերություն «սովորական» քրեակատարողական հիմնարկների, որտեղ կալանավորների միջև հարաբերությունները ինքնակարգավորվում են «գողական օրենքների» համաձայն, «Սուչի զոնում» (сучья зона) իշխանություն ունեն վարչակազմի հետ գործարքի մեջ մտած և «փչացած» կալանավորները, որոնք ճնշում են մյուսներին` «չփչացածներին», «բեսպրեձել» վարքագիծ դրևորում: Արդյոք Շանթի բերած փոխաբերությունը ավելի չէ՞ համապատասխանում Հայաստանում առկա իրավիճակին: Ընտրությունների ժամանակ «բոզական իշխանությունների» համար աշխատող «թաղային հեղինակությունները», ՀՀԿ ցուցակում հանգրվանած «մտավորականները» և «երևելի ընդիմադիրները», ծառայամիտ ու «գրդոնչի» լրոգրողները և լրատվամիջոցները, քյարթու և «բեսպրեդել» կապիտալի տիրապետող ներկայությունը և որպես դրա հետևանք՝ 10000 դրամ ընտրակաշառքին սպասող, «փչացած» ընտրողի կամ «ակտիվիստի» առկայությունը մի՞թե չի ապացուցում, որ Հայաստանը «սուչի զոն» է դարձել, որտեղ վարչախումբը փորձում է փչացնել և հասարակության դիմադրող հատվածի դեմ օգտագործել ում հնարավոր է:
«Մահ» կամ «արժանապատվություն» (ազատություն, անկախություն)
Նոյեմբերի 5-ին լրատվամիջոցների տեսախցիկների առջև ունեցած խոսքում Շանթ Հարությունյանը ասում է, որ չի ցանկանում ապրել բարոյազուրկ միջավայրում , բայց չի էլ ցանկանում արտագաղթել կամ ինքնասպան լինել, ասում է, որ ավելի լավ է մեռնել, քան գիտակցել, որ Հայաստանում չկան արժանապատիվ մարդիկ, որոնք կարող են հեռացնել «բոզական իշխանություններին»: Շանթի այս «ծայրահեղականությունը» քննադատության ենթարկվեց ոչ միայն իշխանության առանձին ներկայացուցիչների, այլև ընդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց կողմից: Այդ քննադատությունը ըստ էության «մահ կամ ազատություն» երկընտրանքի մերժումն էր, սակայն այդ երկընտրանքի մերժումը, բացասումը արդյոք ինքնաբերաբար չի՞ նշանակում հեղափոխության, թեկուզ ոչ բռնի, «թավշյա հեղափոխության» մերժումը ընդանրապես: Արդյոք Հայաստանում գործող ռեժիմը մարտի 1-ին քաղաքացիների գնդակահարությամբ ինքը չի՞ դրել հասարակությանը այդ երկընտրանքի առջև, երբ ապացուցել է պայքարող քաղաքացիներին սպանելու իր ընդունակությունը: Ո՞վ կարող է երեշխավորել, որ վարչախումբը իր իշխանությունը պահելու համար դարձյալ չի դիմի սադրանքների, չի փորձի բռնի ուժով ցրել խաղաղ ցուցարարներին, ո՞վ կարող է երաշխավորել, որ բռնարարքների ժամանակ զոհեր չեն լինի և արդյոք խաղաղ ցույցի գնացող յուրաքանչուր ցուցարար չի՞ գիտակցում, որ կարող է այս կամ այն կերպ տուժել դրա համար:
Իր «Բարի գալուստ Իրականի անապատ» աշխատության մեջ Սլավոյ Ժիժեկը գրում է. «Ապրելու արժանի կյանքը» ստեղծում է հենց կյանքի ավելցուկը. այն բանի գիտակցումը, որ կա ինչ-որ բան, որի համար արժե վտանգել կյանքը (մենք կարող են այդ ավելցուկը անվանել «ազատություն» , «արժանապատվություն», «պատիվ», «անկախություն» և այլն): Միայն այն ժամանակ, երբ մենք պատրաստ ենք վտանգել կյանքը, մենք իսկապես ողջ ենք»:
Իսկ եթե բառացի չընթերցենք «մահ կամ ազատություն» կարգախոսը՝ ֆիզիկական մահը դիտարկելով որպես կարգախոսի ծայրահեղ դսևորում և «մահվան» տակ հասկանանք նաև զրկանքը` (ազատազրկում, քաղաքան հետապնդում, ծեծ և այլն), ապա մի՞թե դա այն հնարավոր գիտակցված գինը չէ, որ պատրաստ է վճարել բռնապետության դեմ պայքարող ցանկացած քաղաքացի և որը շատերը վճարել են, այդ թվում այն մարդիկ, ովքեր այսօր քննադատում են Շանթին: Իհարկե քաղաքական ընդդիմության դերը նաև նրանում է, որ հնարավորինս զերծ պահի նման զարգացումներից, ինչպես որ ռազմաճակատում պատասխանատու հրամանատարական կազմի խնդիրն է նվազագույն կորուստներով լուծել մարտական խնդիրը: Բայց մի՞թե որևէ մեկը բարոյական իրավունք ունի քննադատել «շրջափակման» մեջ ընկած «մահապարտներին», որոնք որոշում են սակավաթիվ ուժերով շարժվել հակառակորդի ուղղությամբ, որպեսզի իրենց օրինակով ոգևորեն մյուսներին
Շանթ Հարությունյանի հասցեին հնչած քննադատությունը նաև նոյեմբերի 5-ի իրադարձությունների թյուրըմբռնման արդյունք է: Թեև Շանթը հարցազրույցներում ավելի շատ իր հնարավոր մահվան կամ ձերբակալման մասին էր խոսում, քան թե «արժեքների հեղափոխության» արագ հաղթանակի, տպավորություն է ստեղծվում, որ այդ հարցազրույցները անցել են նրանց կողքով, և նրանք Շանթից ավելի շատ էին հավատում, որ նա իր փոքրաթիվ համախոհների հետ կարող է իշխանությանը հեռացնել և «անհաջողությունից» հետո ինքնագոհ նախատում են նրա «անխոհեմությունը»՝ «բա որ ասում էինք» ոճի մեջ:
Նոյեմբերի 5-ի հեղափոխական գործողությամբ Շանթը և նրա համախոհները փորձեցին հարություն տալ «օրվա հոգսերով ապրող», «մեռած» հասարակությանը և ընտրախավին, ցույց տալ իրավիճակի անհանդուրժելիության աստիճանը, ոգեկոչել անզիջում պայքարի:
Ինչքանո՞վ դա նրանց հաջողվեց, արդյո՞ք «գաղջ» իրականության նպատակասլաց ընթացքը կանգնեցնելու «բռնի միջամտությունը»` «հանրամատչելի լեզվով» առկա իրավիճակի բնորոշումը, ինքնազոհողությունը, «բրոնզ-մարգանցովկա» խառնուրդով ճայթրուկների ձայնը «կենդանացրեց» հասրակությանը: Եթե ոչ, ապա ուրիշ էլ ի՞նչը կարող է նրան կենդանացնել:
Աղբյուր` Գրողուցավ