Ցավոք, Հայաստանի երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորն իր մասնագիտական առաջին քայլերն սկսել է նվագախմբի ձևավորմանը զուգահեռ և որպես դիրիժոր փորձել է կայանալ նորաստեղծ երաժիշտների հետ միաժամանակ՝ բնականաբար անկարող լինելով նրանց փոխանցել որևէ գիտելիք և փորձ:
Եվ այս մակարդակի դիրիժորն իրեն իրավունք է վերապահում իր բարձունքից ամենայն մեծահոգությամբ հանգստացնելու բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող դիրիժորներին՝ հավաստիացնելով, որ չի հավակնում զբաղեցնել նրանց պաշտոնը:
Այսօր Հայաստանում գնալով նվազում է այնպիսի մասնագիտական մակարդակ ունեցող երիտասարդ երաժիշտների քանակը, որոնք կկարողանան լրացնել Հայաստանի պետական կարևորագույն նվագախմբերի պրոֆեսիոնալ կադրերի պակասը, մինչդեռ տաղանդավոր հայ ազգը, 1921թվականից ի վեր ունի պետական կոնսերվատորիա:
Այսօրվա միջազգային պրակտիկայում կիրառվում են նվագախմբի պրոֆեսիոնալ երաժիշտներ պատրաստելու մի քանի մեթոդներ, որոնցից մեկը Կոնսերվատորիայում նվագախմբային բաժինն ունենալն է, որը, ավաղ, բացակայում է Հայաստանում: Սովորաբար, այդ բաժնի դասախոսական կազմը բաղկացած է լինում տվյալ երկրի պրոֆեսիոնալ նվագախմբերի այն փորձառու երաժիշտներից, որոնք ունեն տարիների նվագախմբային փորձ: Մյուս արդյունավետ տարբերակը երիտասարդական նվագախմբի առկայությունն է, որի գլխավոր առաքելությունն է Կոնսերվատորիայի ուսանողներին ուսմանը զուգահեռ հնարավորություն ընձեռել ձեռք բերելու նվագախմբային փորձ, ծանոթանալու նվագախմբային ավանդույթներին, տիրապետելու նվազագույն, պարտադիր դասական երաժշտացանկին:
Այս ամենն արդեն ձևավորում է ամուր մասնագիտական հիմք՝ երաժիշտի հատագա նվագախմբային գործունեության համար: Ի ուրախություն բոլորիս, Հայաստանում արդեն 10 տարի է գոյություն ունի երիտասարդական նվագախումբ, որը ծավալում է ակտիվ գործունեություն, ինչը շատ ողջունելի է: Բարեբախտաբար, երիտասարդական նվագախմբի ֆինանսական ռեսուրսները թույլ են տալիս Հայաստան հրավիրել բարձրակարգ արտիստների, որոնց ելույթները մեծագույն բավականություն են պատճառում հայ հասարակությանը:
Սակայն, խնդիրն այն է, որ երիտասարդական նվագախմբում աշխատում են ոչ թե ուսանողներ, այլ բավականին փորձառու երաժիշտներ՝ Հայաստանի կարևորագույն, կայացած պետական նվագախմբերից: Փաստորեն գործում է ճիշտ հակառակ սկզբունքը. փոխանակ երիտասարդական նվագախումբը տրամադրի արդեն իսկ պատրաստի կադրեր պրոֆեսիոնալ նվագախմբերին, կայացած երաժիշտների շնորհիվ է շարունակվում երիտասարդական նվագախմբի գործունեությունը: Բացի այդ, երիտասարդական նվագախմբի երաժիշտն առավելագույնը կարող է լինել 30 տարեկան, մինչդեռ մեր երիտասարդականի երաժիշտներից շատերը վաղուց անցել են այդ տարիքային շեմը:
Հաջորդ կարևոր հանգամանքը. սովորաբար երիտասարդական նվագախմբերի երաժիշտները չեն վարձատրվում, մինչդեռ Հայաստանի երիտասարդական նվագախմբի երաժիշտները վարձատրվում են պետական կարևորագույն նվագախմբերի երաժիշտներին գուցե հավասարաչափ: Մի կողմից լավ է, որ երիտասարդ երաժիշտները գումար վաստակելու հնարավորություն ունեն, բայց մյուս կողմից դա կոտրում է երաժիշտի՝ որպես մասնագետ զարգանալու և պրոֆեսիոնալ նվագախմբերի շարքերը համալրելու ձգտումը: Իսկ ամենակարևորն այն է, որ երիտասարդական նվագախումբ կարող է ղեկավարել միայն բազմամյա տարիների փորձ ունեցող, լայն գիտելիքների տիրապետող կայացած երաժիշտ, ով ունի նաև որոշակի դասախոսական հմտություններ:
Մասնագիտական հասունացման փուլում գտնվող նվագախմբի երաժիշտ կրթելը համարվում է խիստ պատասխանատու գործ, քանզի այդ գործընթացից է կախված երաժիշտի մասնագիտական զարգացումը կամ անկումը: Օրինակ՝ «Բադեն-Բադեն» երիտասարդական նվագախումբ – հիմնադիր և դիրիժոր՝ Կարլ Նագելը, Ֆրանսիայի երիտասարդական նվագախումբ – երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ Դավիդ Զինման Իտալիայի երիտասարդական նվագախումբ – գեղարվեստական ղեկավար՝ Անդրեա Լուչեսինի Երիտասարդական նվագախմբերի երաժիշտների բազմաոճ մասնագիտական աճն ապահովելու նպատակով, երբեմն երիտասարդական նվագախմբերը չեն ունենում գլխավոր դիրիժորներ և աշխատում են բազմաթիվ հրավիրյալ դիրիժորների հետ, որի նպատակն է երաժիշտին ծանթացնելու բազմազան կատարողական դպրոցներին: Հրավիրյալ դիրիժորները խիստ զգուշորեն են ընտրվում. նրանք նույնպես պետք է լինեն կայացած և փորձառու արտիստներ: Ամերիկայի երիտասարդական նվագախմբի հրավիրյալ դիրիժորնեն են Լորին Մաազելը, Վալերի Գերգիևը, Կենտ Նագանոն, Գուստավ Դուդամելը, Գերմանիայի երիտասարդական ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավիրյալ դիրիժորներն են Պիեռ Բուլեզը, Կիրիլ Կոնդրաշինը, Մուհայի Թանգը և այլոք:
Աշխարհին հայտնի «Գուստավ Մալեր» երիտասարդական նվագախմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավարն է Կլաուդիո Աբադոն, ով, փոխանցելով իր նվագախմբի երաժիշտներին իր գիտելիքներն ու փորձը, պատրաստում է կադրեր ողջ աշխարհի համար: Ի դեպ, միայն Կլաուդիո Աբադոյի նման մեծանուն հեղինակություններ կարող են պատասխանատվություն ստանձնել աշխարհին ներկայացնելու հանճարների անուն կրող նվագախմբեր: Ամենայն հավանականությամբ ՀՀ Մշակույթի նախարարությունը տեղյակ չէ կամ իրավունք չունի տեղյակ լինելու վերոնշյալ խնդրին: Ամեն դեպքում, վաղուց ժամանակն է լրջորեն ուսումնասիրել այս դաշտը, և, մի պահ մոռանալով նյութական շահերի և չինովնիկական կապերի մասին, զբաղվել այս օրհասական խնդրի լուծմամբ:
Երաժշտագետ Աննա Միրզոյան
Asekose.am-ը պատրաստ է տվյալ խնդրի վերաբերյալ հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին: