YouTube-յան «Արմեն և Ֆեդոր» գրական ալիքի հաղորդավար Արմեն Զախարյանի ցանկությունն է՝ այլմոլորակայինները կարդան Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագիրքն ու սովորեն գրաբար։ Նա այդ մասին պատմել է Յուրի Դուդի յութուբյան ալիքում թողարկվող «вДудь» հաղորդման ժամանակ։
Հարցին, թե քանի՞ օտար լեզու գիտի, նա պատասխանել է. «Դա կախված է նրանից, թե լեզվի որ մակարդակն ենք մենք բավարար համարում։
Բացի ռուսերենից, ես կարող եմ ինձ հարմարավետ զգալ անգլերենով, իսպաներենով և լեհերենով խոսելիս: Եթե հիմա ուզում եք շփվել այդ լեզուներից որևէ մեկով, ես կարող եմ դա անել առանց մեծ սթրեսի: Բավականին մեծ սթրես ապրելով՝ ես հավանաբար կարող եմ խոսել նաև սերբերեն և հայերեն»։
«Ես երբեք չեմ ապրել Հայաստանում, ծնվել եմ և կյանքիս առաջին մի քանի տարիներն եմ անցկացրել այնտեղ։ Բայց քանի որ ես մեծացել եմ Մոսկվայում, իմ առաջին լեզուն ռուսերենն էր։ Հայրս էր ինձ հետ հայերեն խոսում։ Մի քանի այլ հարազատներ ու տատիկ-պապիկները երբեմն ծնողներիս ներկայությամբ միմյանց հետ հայերեն էին խոսում՝ մտածելով, որ ես չեմ հասկանում։ Եվ որոշ ժամանակ ես ձևացնում էի, որ իսկապես չեմ հասկանում: Բայց ես ամեն ինչ հասկանում էի։
Այնուամենայնիվ, կա տարբերություն գրական հայերենի և խոսակցական հայերենի միջև։ Եվ, ցավոք, գրական հայերենով խոսելու հետ ես խնդիրներ ունեմ, բայց ես շատ ավելի լավ եմ խոսում խոսակցական հայերենով»,- պատմել է Արմեն Զախարյանը:
Նա նաև թվարկել է 10 լավագույն գրքերը, որոնք արժե ցույց տալ այլմոլորակայիններին, այդ թվում՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը»։
«Սա հազար տարվա վաղեմություն ունեցող տեքստ է... Ինձ թվում է, որ ոչ մի այլ տեքստ այդքան զգայուն, այդքան նրբանկատորեն և, միևնույն ժամանակ, այսքան կրքոտ չի խորհրդանշում սրտի շարժը դեպի վեր՝ դեպի սեր, դեպի Աստված, դեպի վսեմ։ Բացի այդ, ես շատ եմ ուզում, որ այլմոլորակայինները սովորեն գրաբար՝ դասական, եկեղեցական հայերենը: Հատկապես այն պատճառով, որ հայերը կարծում են, որ եթե «Նարեկը» բարձրաձայն կարդանք, ապա կարող է ցավը մեղմվի։ Զարմանալի գեղեցիկ տեքստ է, բնագրով բացարձակապես զարմանալի է հնչում»,- իր ընտրությունը բացատրել է Արմեն Զախարյանը։