Լույս է տեսել Վիլյամ Սարոյանի «Հեծանվորդը Բեւերլի Հիլզից» ինքնակենսագրական վիպակի հայերեն առաջին ամբողջական թարգմանությունը: Թարգմանության հեղինակը բանասիրական գիտությունների թեկնածու, Երեւանի Ն. Գոգոլի անվան 35 հիմնական դպրոցի տնօրեն Ասատուր Սարյանն է: Գրքի շապիկի վրա պատկերված է լուսանկարիչ Պողոս Պողսյանի հայտնի լուսանկարը, որում Սարոյանը հեծանիվ է քշում: Սա Սարոյանի գրքերի թարգմանության երրորդ փորձն է արդեն՝ «Մարդկության տունը» (2008) եւ «Ձեռնամարտ ի սեր Հայաստանի» (2009) հետո: Գիրքը հրատարակել է Հայաստանի գրողների միությունը, իսկ տպագրությունն իրականացվել է «Վան Արյան» տպագրատանը:
Սա «Հեծանվորդը Բեւերլի Հիլզից» ինքնակենսագրական վիպակի առաջին հայերեն թարգմանությունն է, չնայած վեպն արդեն հասցրել է թարգմանվել եվրոպական շատ լեզուներով:
Գրքի խմբագիրը Արտաշես Արամն է: Գրքի առաջաբանում նա գրել է. «Այս ինքնակենսագրական վիպակով եւ իր մյուս գործերով Սարոյանը աշխարհամեջ դուրս բերեց իր ծնողների՝ Արմենակ եւ Թագուհի Սարոյանների դժվար կյանքի պատմությունը, եւ հայ մարդու կեռմանաշատ ու դրամատիկ կյանքի պատմությունը ծավալեց, ղողանջեց եւ ընդելուզվեց գերաշխարհիկ պատումների այդ բազմաձայն խմբերգին: Բեւերլի Հիլզը Լոս Անջելեսի հայտնի արվարձանի՝ Հոլիվուդի պերճաշուք թաղամասերից է, անունը ստացել է բլրաշատ տեղանքի պատճառով: Սարոյանն իր պատմությունները գունազարդելու խնդիր չի ունեցել, քանզի այդ պատմություններն ի սկզբանե եղել են խորապես ապրված, վերապրումի կրակարաններով հազար անգամ անցկացված ու գունագեղ: Եվ հիմա հայ ընթերցողի սեղանին է դրվելու Սարոյանի ինքնակենսագրական վիպակը՝ «Հեծանվորդը Բեւերլի Հիլզից» խորագրով: Եվ պատմում է Վիլյամ Սարոյանը հեգնելով եւ մեր էպոսի հերոսների նման բարձր ծիծաղելով: Պատմում է հաճախ հեգնելով ինքն իրեն եւ ծիծաղելով ինքն իր վրա, բայց այդ հեգնանքի ու ծիծաղի մեջ անսահման ցավ, անհուն թախիծ եւ միաժամանակ այնքան լույս ու ջերմություն կա»:
Սարոյանն իր ստեղծագործական ժառանգությամբ մեծ ասպարեզ է բացում նոր թարգմանությունների ու նոր ուսումնասիրությունների համար: «Հեծանվորդը Բեւերլի Հիլզից» ինքնակենսագրական վիպակը Սարոյանի անտիպ ժառանգության միայն մի փոքրիկն մասն է կազմում: Գրքում հեղինակը ներկայացնում է այն ազդակները, ներկայացնում մանկական ու պատանեկան տարիների այն դրվագները, որոնք հիմք են դարձել նրա՝ գրող դառնալուն: