▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարի Թաղի «Բոմժը»

Անուշ Բադալյանի պատմվածքը

Սարի Թաղի «Բոմժը»

 

 

 

 

 

 

 

 

 

 

- Զիբիլ ունե ՞ս…

- Չէ ՜
- 100 դրամ ունե ՞ս…
- Չէ ՜
- Գոնե նասկի կամ կոշիկ կտա ՞ս…
- Ռադդ քաշի՜…
- Էհ՜, գոնե 100 դրամ տուր…
Ու էսպես ամեն երեկո անցնում էր Մարտիրոսը սևի ու գարշահոտության մեջ պարուրված, դռներն ու դարպասները թակելով, փորձելով ապրել իր գորշ ու ցնցոտի աշխարհում : Մարտիրոսը մուրացկան չէր, նա իր օրվա մի կտոր հացը, օղին կամ ծխախոտը վաստակում էր սրա-նրա աղբ թափելով, բակը մաքրելով, հողը փորելով…Երբեք չէր դժգոհում ոչ մի տեսակ աշխատանքից, հաճախ էլ քթի տակ մարտիրոսավարի խնդմնդում ու բարբաջում էր, կարծես իր կիսախելագար ծաղր էր շաղ տալիս նրանց վրա, ովքեր ծաղրում էին նրան, գիժ կամ «բոմժ» անվանելով: Շատերն իհարկե չարաշահում էին Մարտիրոսի բարությունն ու մարտիրոսական սև խեղճությունը, բայց նա միևնույնն է մնում էր նույն Սարի Թաղի անվնաս, բարի, աղբատար Մարտիրոսը, ով իր կատարած աշխատանքի դիմաց բավարարվում էր նույնիսկ մի կտոր հացով կամ իր համար չափանիշ դարձրած 100 դրամով:
Մշտապես սև, կեղտոտ, ցնցոտիների մեջ, գարշահոտ Մարտիրոսը բոլորի օգնականն էր: Հաճախ, շատ հաճախ նրան կարելի էր տեսնել մաքուր, բայց դա ընդամենը մի քանի օր էր տևում:
Մարտիրոսը միայնակ էր, ուներ տուն, որի պատուհանները թղթերով, ցնցոտիներով էին փակված: Մշտապես մութ, դրսից սևին տվող պատերով, փնթիության դրոշմով ու ցուրտ: Որքան հիշում եմ ինձ գիտակցական կյանքում, Մարտիրոսը միայնակ էր, սակայն ասեկոսեներից գիտեի , որ նա Թիֆլիսում ապրող քույր ունի, իսկ ծնողները վաղուց մահացած էին:
Դեռևս մանկուց յուրահատուկ վախ ունեի նրանից, երբեք դարպասը չէի բացում, երբ թակում էր, փոխում էի փողոցը, երբ տեսնում էի նրան, բայց մի անգամ ես տեսա նրա աչքերը՝ խաժ, պղտոր, ցավից , դառնությունից, անտերության դրոշմը բիբերում դաջված տխուր աչքերը:
Այդ օրից էլ չկար վախ, այն իսպառ թաղվել էր Մարտիրոսի աչքերում: Չգիտեմ խելագար էր նա, թե կյանքի հարվածներից ցնդած մեկը, բայց Մարտիրոսը անհատ էր, ով սովորեցնում էր շատերիս մնալ մարդ ու միշտ հանդիպելիս ԲԱՐԵՎՈՒՄ էր:
Օրեր առաջ . սահեց, ընկավ ու այդպես էլ պառկած մնաց սառած գետնին: Երեխաները մի տաշտ բերեցին, տեղավորեցին նրան տաշտի մեջ, սահեցնելով, քարշ տալով տաշտը տարան մինչև տուն… Հետո եկավ շտապ օգնության մեքենան և նրան այդպես կեղտոտ, ցնցոտիավոր դրեցին մեքենան ու տարան…
Մարտիրոսը մեռավ անսպասելի, ցնցոտիների, անտերության ու գարշահոտության մեջ, բայց շատերից հպարտ, քանի որ ողջ կյանքը մուրացկանություն չարեց, ապրեց իր կիսախելագար աշխարհում, ցնցոտիների ու գարշահոտության մեջ, իր օրվա մի կտորը վաստակելով… Որտե՞ղ, ինչպե՞ս թաղեցին նրան: Արդյո՞ք նրա վրա գեթ մեկ կաթիլ արցունք թափվեց: Հարցեր, հարցեր, որ չունեն հստակ պատասխաններ, միայն հիշողություններն ու մթության մեջ սևին տվող Մարտիրոսի խլացած ձայնը.
-Զիբիլ ունե ՞ս…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее