▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռուսաստանում շատ են վախենում Հայաստանի տաք գլուխներից». ռուս փորձագետ

Mediametrics.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ իշխանությունների նախաձեռնությամբ ստեղծված «Վալդայ» էլիտար ակումբի փորձագետ, ՌԴ Գիտությունների ակադեմիայի Միջազգային անվտանգության խնդիրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական ​​համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դոցենտ Ալեքսեյ Ֆենենկոյի խոսքով, ապրիլյան սրացումը ղարաբաղյան ճակատում վերջնականապես թաղեց ԼՂ խնդրի կարգավորման Մադրիդյան սկզբունքները: Այժմ Ռուսաստանը, մեջբերում ենք` «սկսում է կիսել բանակցային գործընթացը երեք մասի. առանձին կխոսենք Ղարաբաղի, առանձին`5 շրջանի, առանձին`ևս երկու շրջանի մասին (խոսքը Բերձոր-Լաչինի և Քարվաճառ-Քելբաջարի մասին է –Վ.Ա.): Այսինքն մենք կունենանք բանակցային երեք առանձին փաթեթ: Սա է ղարաբաղյան հարցում նաև Ռուսաստանի ներկայիս ռազմավարության էությունը» (չափազանց հետաքրքիր է «նաև» բառը –Վ.Ա.):

«Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը ավելի մոտ է Ադրբեջանի, քան հայկական կողմի դիրքորոշմանը: Այն բաղկացած է նույնպես երեք մասից. 1. Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես Ադրբեջանի մասն է; 2. Մենք դեմ ենք խնդրի ռազմական կարգավորմանը; 3. Հայաստանի համար նախատեսված ՌԴ եւ ՀԱՊԿ անվտանգության երաշխիքները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա: Դրանում համոզվելու համար բավական է ընթերցել Ռուսաստանի ԱԳՆ-ի բոլոր հայտարարությունները նշյալ թեմայի շուրջ», - ասել է ռուս փորձագետը:

Ըստ Ֆենենկոյի, Մոսկվայում աճում է դժգոհությունը Սերժ Սարգսյանից:

«Բայց եթե մենք մշտապես ​​ճնշում գործադրենք Հայաստանի վրա, Հայաստանը պարզապես «կպայթի» եւ մենք կստանանք հակառուսական ևս մեկ պետություն», - նշել է «Վալդայ» ակումբի փորձագետը: Այնուամենայնիվ, Մոսկվան, Ֆենենկոյի պնդմամբ, ավելի մեծ ճնշում է բանեցնում Հայաստանի, քան Ադրբեջանի վրա: Mediametrics-ի այն հարցին, թե ինչու ղարաբաղյան բանակցություններն անցնում են ամենախիստ գաղտնիության ռեժիմում, ինչու մանրամասներ չեն հրապարակվում, «Վալդայ» ակումբի փորձագետը պատասխանել է, թե «Ռուսաստանում շատ են վախենում Հայաստանի տաք գլուխներից»: Բացի այդ, ՌԴ իշխանություններին մտահոգում է ռուսական հասարակության հնարավոր դժգոհությունը, որը կարող է մեղադրել Կրեմլին հերթական դաշնակցին դավաճանելու մեջ: Հետեւաբար ցանկացած կոնկրետություն, ցանկացած մանրամասնության հրապարակում, ըստ պրն. Ֆենենկոյի, կարող է «պայթեցնել» իրավիճակը: Նրա հաշվարկներով, բանակցային գործընթացը ԼՂ խնդրի շուրջ պետք է հստակեցվի մինչև 2017 թ. փետրվար-մարտ ամիսները: Մինչ այդ մեծ ցնցումների ղարաբաղյան ճակատում, ըստ ամենայնի, պետք չէ սպասել...

Վահրամ Աղաջանյան 

Լուսանկարում՝ ռուս փորձագետ Ալեքսեյ Ֆենենկոն է

www.oximity.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее