Մինչ մեր իշխանությունները զբաղված են Հայաստանի առջեւ ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում բացվելիք զարգացման հեռանկարների մասին վարդագույն հեքիաթներ պատմելով, միջազգային պատժամիջոցների տակ հետզհետե կքող Ռուսաստանի տնտեսությունն արագ տեմպերով անկում է ապրում: Ռուբլու՝ արդեն 28 տոկոսից ավել արժեզրկումն իր հետեւից բերելու է բազմաթիվ ցնցումներ, որոնք ուղղակիորեն անդրադառնալու են Հայաստանի տնտեսության վրա: Ընդ որում, մի կողմ թողնելով Հայաստանում առկա հսկայական ռուսական կապիտալի, հազարից ավել ռուսական ձեռնարկությունների գործունեության եւ հայ-ռուսական հետագա տնտեսական ծրագրերի վրա ռուբլու անկման հետեւանքների կանխատեսումները՝ նշենք, որ շատ ավելի արագ եւ ցավոտ է լինելու Ռուսաստանից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների կրճատումը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ՀՆԱ-ի շուրջ 10 տոկոսը գոյանում է հենց Ռուսաստան «խոպան գնացած» մեր հայրենակիցների ուղարկած փողերի շնորհիվ, եւ հիմա` ռուբլու 28 տոկոսանոց անկման դեպքում, ըստ տարբեր մասնագիտական գնահատականների, մեր երկիր մտնող դրամային փոխանցումները կնվազեն գրեթե նույնքան, լավագույն դեպքում` 20 տոկոսով, ինչը կազմում է ավելի քան կես միլիարդ դոլար:
Թե ինչպիսի հարված կլինի մեր տնտեսության համար այդ չափով դրամական հոսքի դադարեցումը, կարծում ենք` դժվար չէ պատկերացնել: Առավել եւս, որ դրանից շեշտակիորեն ընկնելու է ՀՀ այն քաղաքացիների կենսամակարդակը, ովքեր այդ փոխանցումներից զատ եկամտի այլ աղբյուր չունեն: Իսկ դա, ինչպես հայտնի է, կազմում է Հայաստանի քաղաքացիների զգալի մասը: Այնպես որ, տնտեսական անկումն ու մարդկանց կենսամակարդակի շեշտակի վատթարացումն անխուսափելի են, համենայն դեպս՝ առաջիկա մի քանի ամիսների կտրվածքով:
Այս իրավիճակում Հայաստանի միակ ելքը հնարավորինս շատ օտարերկրյա ներդրումների ապահովումն է, երկրում արտադրական հզորությունների հիմնումն ու արտահանման խթանումը: Սակայն ՀՀ իշխանություններն այս ուղղությամբ առայժմ որեւէ գործնական քայլ չեն ձեռնարկում: Փոխարենը նրանք զբաղված են դատարկախոսությամբ եւ սեփական թագավորի մերկությունն ի ցույց դնելու անշնորհակալ գործով: Հակառակ դեպքում եռյակի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջադրած պահանջները ծաղրի ենթարկելու փոխարեն, ՀՀԿ-ականները կներկայացնեին կոնկրետ փաստարկներ: Զորօրինակ՝ օտարերկրյա ներդրումների հետ կապված կպարզաբանեին, թե ինչու Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանում օտարերկրյա ներդրումների մակարդակը շեշտակիորեն ընկավ, եւ սփյուռքի՝ մեր հայտնի մեծահարուստ գործարարները մեկը մյուսի հետեւից հիասթափված` դադարեցրեցին Հայաստանում իրականացվող ծրագրերը: Մինչդեռ ՀՀԿ-ականների հուսահատ պնդումները, թե ընդդիմությունը չի կարող «բռնի ուժով փայ մտնելու» օրինակներ ներկայացնել, ջայլամիզմի զավեշտալի դրսեւորումներ են:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում