▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանաբնակ հայի պատասխանը ԼՂՀ փոխվարչապետին

Ռուսաստանաբնակ հայերով մանթրաշ ենք, պարո՛ն Աղաբեկյան, մանթրա՛շ ենք «ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, որն ունի շուրջ 4000 հավանող, օրերս պարբերաբար անդրադառնում է ԼՂՀ կառավարության՝ Արցախի սպառազինության համար բացված հատուկ հաշվեհամարին՝ չմոռանալով քամահրանքով հիշել ռուսաստանաբնակ հայերին։

Մեջբերեմ նրա գրառումներից մեկը․ «Ռուսաստանի Դաշնությունում ապրող 2 միլիոն հայեր (Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության տվյալներով), հասկանում եմ, որ չեք ըմբոստանում, չեք խոսում (մանթրաշ եք), բայց չեմ կարծում, որ ձեզ խանգարում են, ձեր ձեռքը բռնում են ու չեն թողնում, որ դուք մասնակցեց Արցախի կառավարության նախաձեռնությանը: Արցախի կառավարության կոչին Ռուսաստանի Դաշնությունից արձագանքել է դեռ 30 մարդ: Ձեզ չեն հասկանա հայրենիքում, Ռուսաստանում ապրող արցախցիներ՝ ձեզ չեն հասկանում Արցախում․․․»։ Գրառման տակ, որպես ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացի, թողել էի մեկնաբանություն, փոքր-ինչ հավատալով, որ էջի պատասխանատուն կանդրադառնա դրան․

«Իսկ գումարայինից բացի, ռուսաստանաբնակ հայերի կողմից տրամադրված այլ կարգի օգնությունների մասին որևէ տեղեկություն հնարավո՞ր է ստանալ։ Շատերն են խոսում, թե այս կամ այն տեխնիկայով օգնել են, ուզում եմ հասկանալ ինֆորմացիան հրապարակման ենթակա չէ, թե՞ խոսքի ու գործի սահմանը լղոզված է»։ Մեկնաբանությունս, իհարկե, որևէ պատասխան չստացավ։ Գրում եմ` իհարկե, քանի որ շատերի համար ասես օրինաչափություն է դարձել մեղադրանք ներկայացնել այս կամ այն կողմին՝ անտեսելով դիմացինի պատասխանը։ Մանթրաշ ենք․․․ Պարոն Աղաբեկյան, «Ռուսաստանի Դաշնությունում ապրող 2 միլիոն հայեր» (Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության տվյալներով) այս տողով ի՞նչ եք ցանկացել ասել։ Չլինի՞ թե Դուք ՌԴ-ում բնակվող հայերի այլ թվաքանակ ունեք, որը շատ ավելի մեծ է և հայաստանյան իշխանությանը «գլուխ գովելու» առիթ է տալիս։

«Հասկանում եմ, որ չեք ըմբոստանում, չեք խոսում (մանթրաշ եք)․․․»։ Երևի՛, գիտեք, երևի՛ մանթրաշ ենք, պարոն Աղաբեկյան։ Բայց մանթրաշ ենք ոչ թե այստեղի հայերի պահվածքից, այլ Ձեր կողմից սեփական գերանն անտեսելուց և ուրիշի աչքի փուշը մատնացույց անելուց։ Մանթրաշ ենք, որ այդ 2-2,5 մլն հայերին բերանի ծամոն ու մատի փաթաթան դարձրած ՀՀ և ՌԴ ղեկավարությունը ոնց ուզում «լոճում» ու «փաթաթում է»։ Մանթրաշ ենք, որ ապրում ենք մի երկրում, որի ղեկավարն ի լուր աշխարհի հարցականի տակ է դնում իր գործընկեր մեկ ուրիշի՝ հայերի նախագահ լինելը։ Մանթրաշ ենք, որ հայրենի երկրի ղեկավարությունն էլ չգիտի, թե ինչպես իր ունեցվածքը թաքցնի, բայց խոսի 1980-ականների զենքով կռվելու մասին։

Մանթրաշ ենք, որ հայրենի երկրում օրվա հացի խնդիր չի կարողանում լուծել Հայաստանի Հանրապետության բնակչության մեկ երրորդը։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2014թ․ նոյեմբերի տվյալներով՝ 967 հազար մարդ։ Մանթրաշ ենք, որ 1994թ․ զինադադարից ի վեր ՀՀ և ԼՂՀ իշխանություններն Արցախը չվերածեցին ամեն հայի երազած հայրենիքի, այլ հայտարարեցին, թե «Աղդամն իրենց հայրենիքը չէ»։ Մանթրաշ ենք, որ, նման պայմաններից փախչելով, այդ 2 մլն հայը բնակություն է հաստատել մի երկրում, որտեղ օրը ցերեկով ոստիկանության աշխատակիցը կարող է քաղաքացու փաստաթղթերը ստուգել, ապա ստուգակետում նրան ենթարկել սեռական բռնության։ Մանթրաշ ենք, որ հայրենի իշխանություններն ու ազգաբնակչությունը դեռ չեն հասկացել, որ ՌԴ-ն այն երկիրը չէ, որտեղ հարցերը լուծվում են ցույցերի միջոցով։ ՌԴ-ն այն երկիրն է, որտեղ սեփական իշխանության հայացքներին հակասելիս, լավագույն դեպքում, քեզ յոթը պորտով երկրից կվտարեն։ Մանթրաշ ենք, որ անգամ դրանից հետո Ձեր՝ հեգնանքով շպրտված 2 մլն հայը, չի իմանա՝ ուր գնա։ Որովհետև ինքը երկու իշխանությունների արանքում չլվելուց զզվել է։

Ինչու՞ է «ՌԴ-ից գումարային հանգանակությունն ուշանում» կամ տեղ հասնում տեխնիկայի տեսքով Ի պատասխան Ձեր գրառման, որով ամեն օր նշում եք, թե ՌԴ քանի քաղաքացի է հանգանակություն կատարել՝ պատասխանեմ։ Ես և իմ նման ռուսաստանաբնակ ՀՀ այլ քաղաքացիներ որևէ շղթայի օղակ ենք կազմում։ Մենք արդեն իսկ կատարել ենք մեր հանգանակությունը, սակայն անիմաստ է իմ և ինձ պես շատերի անունները ցուցակներում փնտրելը՝ չեք գտնի։ Կգտնեք որևէ կազմակերպության կամ, գուցե, անհատի անուն, ով հաշվեհամարին փոխանցած կլինի մի քանի հարյուր հազար կամ մի քանի միլիոն ռուբլի, բայց Ձեր մտքով չի էլ անցնի, որ այդ գումարը փոքր հանգանակություններից է ձևավորվել։ Գրում եմ փոքր, բայց այն շատերի ամսական աշխատավարձն է, մեկի աշխատավարձի մեկ վեցերորդն է, մյուսի՝ մեկ երրորդը։ Ըստ խոսակցությունների՝ այստեղ՝ Մոսկվայում, շատ ու շատ մարդիկ հայերից պարտադրաբար գումարներ են հավաքում՝ Արցախ ուղարկելու նպատակով։

Ոչ մեկը չի կարող ասել, թե այդ գումարն ում անունից կգա, ինչի տեսքով կգա, կամ ընդհանրապես կգա, թե ոչ, քանի որ ՌԴ-ն ո՛չ ԱՄՆ-ն է, ո՛չ էլ եվրոպական որևէ երկիր, այլ հետխորհրդային պետություն է, որը ժառանգել է ԽՍՀՄ-ին հատուկ անհամար «հեղինակություններ»։ Իսկ հանգանակություն կատարողների մի մասն էլ խոսում է տեխնիկայով աջակցության մասին․ նրանց մամուլն արդեն իսկ անդրադարձել է։ Միայն չասեք, թե իրենց ուղարկած գումարով Դուք ինքներդ կգնեիք, քանի որ մարդիկ վստահ չեն, որ իրենց ուղարկած գումարից կատարված գնումը չի իրականացվի խնամի-ծանոթ-բարեկամ տարբերակով՝ աստղաբաշխական գներով և գումարի մի մասը գրպանելով։ Փոխեք կոչի հասցեատիրոջը կամ «ռուսաստանաբնակ հային կհասկանա՛ն հայրենիքում» Հայ զինվորն Արցախի ամեն միլիմետրի համար պատրաստ է կյանքը զոհել, բայց ուզում է վստահ լինել, որ իր կյանքի գնով պահպանվածը չի տրվի ջրի գնով կամ աթոռը պահպանելու նախապայմանի գնով։ Ռուսաստանաբնակ հայերը հնարավոր ամեն ինչով օգնել ու շարունակում են օգնել հայաստանաբնակ իրենց բարեկամներին, այսօր՝ նաև հայ զինվորին։ Պարզապես, աջ ձեռքը միշտ չէ, որ գիտի, թե ձախն ինչ է անում։ Իսկ եթե արագ, ամփոփ և գործուն արդյունք եք ուզում, ապա Ձեր կոչը սխալ հասցեատիրոջ եք ուղղել։

Դիմեք ՀՀ իշխանությանը, որի ունեցվածքի մասին հրապարակումները բազմիցս շրջանառվել են մամուլում, որոնց տների շքեղությունն ուղիղ համեմատական է ՀՀ-ում առկա աղքատությանը, որոնց սպասարկող մեքենաների առատությամբ երկաթյա պատնեշ կարելի է կազմել ԼՂՀ ողջ սահմանին։ Կոչով դիմեք նրանց ու գուցե իսկապես գտնեք լսարան, որը կհասկանա, որ Հայաստանը «փոքր երկիր է» և իրենց ունեցածները ոչ թե շքեղություն, այլ սանձարձակություն են, իսկ ռուսաստանաբնակ հայությունը, որոնց մեջ բավական մեծ թիվ են կազմում Արցախյան ազատամարտի մասնակիցները, զոհված ազատամարտիկների սերունդներն ու բարեկամները, ադրբեջանական ոճրագործություններից մի կերպ փրկվածները՝ Արցախին օգնելու տարբերակներ կգտնի, քանի որ իր մաշկի վրա է զգացել անցած օրերի, և կրկին բոլորիս դուռը թակած արհավիրքը։ Ռուսաստանաբնակ հայությունն այդ տարբերակը կգտնի, մնում է միայն կողմնորոշվել՝ որից խնայել՝ որին օգնելու համար։ Իսկ Ձեր պատկերացրած հարուստների երկրում ևս մարդիկ օրվա հացի խնդիր չեն կարողանում լուծել, պարզապես շարունակում են բնակվել, քանի որ այստեղ որևէ բան ունենալու հավանականությունը փոքր-ինչ ավելի մեծ է։ Վերջաբանի փոխարեն կարող եմ առաջարկել քրքրել համացանցը և գտնել Արցախում առաջին կամավորների գրանցման կադրերը։ Գտեք գունավոր տեսագրությունը և համեմատեք՝ կադրում կարմիր անձնագրերն են շատ, թե՝ կապույտները։

Հանգանակությամբ՝ Արմինե Կարեյան»

Աղբյուրը՝ hetq.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее