▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական ընկերությունների «բեսպրեդելը» Հայաստանի բաց երկնքում

Ռուսական հայտնի «Ռեգնում» գործակալությունը երեկ հրապարակել է մեր ավիափոխադրումների շուկային վերաբերող հետաքրքիր վերլուծություն, որը թագմանաբար ներկայացրել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի կայքը

 Ըստ այդմ՝ ռուսական մի քանի ընկերություններ փաստորեն մոնոպոլիզացրել են ՀՀ ավիափոխադրումների ռուսաստանյան ուղղությունները: Վերլուծությունը` ստորեւ:

Ամառային սեզոնի գալուն պես հայաստանյան ավիափոխադրումների շուկայում գերիշխող դիրքեր զբաղեցնող ռուսական ավիաընկերությունները փոխեցին իրենց չվացուցակները Երեւանից դեպի ռուսաստանյան քաղաքներ: Այս ուղղությունները ավանդաբար ունեն մեծ պահանջարկ՝ հայաստանյան ավիաշուկայի գրեթե 70 տոկոսը Ռուսաստանն է: Սովորաբար ռուսաստանյան ուղղությունները բաշխվում եւ վերաբաշխվում են մի քանի հիմնական խոշոր խաղացողների կողմից: Դրանք են՝ «Աէրոֆլոտը», «S7»-ը եւ «Ուրալյան ավիաուղիները»: Չվերթների որոշակի քանակ իրականացնում են նաեւ ռուսական «Վիմ-Ավիան», «Յութեյրը» եւ «Ռոսիան»: 6 ընկերությունների առկայությունը միայն ռուսաստանյան քաղաքների ուղղությամբ առաջին հայացքից, կարծես թե, բավարար է պահանջարկի արդյունավետ ապահովման համար: Բայց սա՝ միայն առաջին հայացքից:

Իրականությունը առավել տարբերվում է առաջին տպավորությունից՝ շուկան հստակ բաշխած է այս ընկերությունների միջեւ: ՌԴ քաղաքներից մրցակցությամբ աչքի է ընկնում միայն Մոսկվայի ուղղությունը: Այս ուղղությամբ աշխատում են «Աէրոֆլոտը», «S7»-ը, «Ուրալյան ավիաուղիները», «Վիմ-Ավիան» եւ «Յութեյրը»: Բոլոր այլ ուղղություններով գործում են մեկական փոխադրողներ: Օրինակ՝ «Ուրալյան ավիաուղիները» մենաշնորհային թռիչքներ են իրականացնում դեպի Սանկտ-Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Կրասնոդար, Ռոստով ու Սամարա: «Ռոսիա» ավիաընկերությունը ունի մենաշնորհ Սոչի-Երեւան-Սոչի ուղղությամբ, «S7»-ը՝ Նովոսիբիրսկ-Երեւան-Նովոսիբիրսկ ուղղությամբ:

Դժվար չէ կռահել, որ այստեղ մենք գործ ունենք շուկայի դասական բաժանման եւ մոնոպոլացման հետ, երբ սպառողը չունի ընտրելու հնարավորություն: Համապատասխանաբար էլ ձեւավորվում են ավիատոմսերի գները, այն էլ ամենաակտիվ ամառային սեզոնին: Սակայն, ավիատոմսերի բարձր գներին, որոնք ամառային սեզոնին առաջացնում են Հայաստանի քաղաքացիների արդարացի վրդովմունքը, նպաստում է ոչ միայն ուղղությունների բաշխման փաստը ռուսական փոխադրողների միջեւ:

Ռուսական ընկերությունները արհեստականորեն խթանում են առաջարկի դեֆիցիտ, ինչը իր հերթին կտրուկ խթանում է գների աճ, կարծես թե, առանց իրենց ուղիղ մասնակցության: Այսպես, ընթացիկ հունիսի դրությամբ ռուսական ընկերությունները կրճատել են չվերթների քանակը ամենապահանջված, ռուսաստանյան հարավային քաղաքների ուղղությամբ: Օրինակ՝ Երեւանի եւ Սոչիի միջեւ իրականացվում է շաբաթական ընդամենը 2 թռիչք, որոնց ծանրաբեռնվածությունը, բնականաբար, հասնում է 100 տոկոսի: Սա այն դեպքում, որ թռիչքը տեւում է մինչեւ 1 ժամ, իսկ տոմսի գինը մեկ ուղղությամբ հասնում է 200 դոլարի: Անցած ձմռանը նույն տոմսը վաճառվում էր 50 դոլարով: Ինչպես արդեն նշեցինք, այս ուղղության վրա է աշխատում «Ռոսիա» ավիաընկերությունը, որը կատարելով ընդամենը 3-ժամյա թռիչք Սոչի-Երեւան-Սոչի ուղղությամբ 100 տոկոսանոց բեռնվածությամբ, բառացիորեն թալանում է հայկական ուղեւորներին: Նույն պատկերն է նաեւ այլ քաղաքների պարագայում: Շաբաթական 10-ական չվերթ իրականացվում է դեպի Կրասնոդար եւ Ռոստով: Սա ծայրահեղ քիչ է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ հարավի հետ, որտեղ կենտրոնացած է հայ համայնքը, Երեւանը կապվում է միայն 3 քաղաքների հետ: Ներկա պահին չունենք չվերթներ այնպիսի պահանջված ուղղություններով, ինչպիսին են Մինվոդին կամ Ստավրոպոլը: Մի քանի տարի առաջ դեպի Մինվոդի քաղաք 3 ընկերություն էր թռիչք իրականացնում ընդհանուր առմամբ շաբաթական 10 չվերթով:

Այս ամենի հետեւանքով ձեւավորվում է չբավարարված պահանջարկ՝ ներկա պահին մինչեւ օգոստոսի վերջ - սեպտեմբերի սկիզբ Երեւան-Սոչի-Երեւան ուղիղ չվերթի տոմս վաճառքում չկա:

Տոմսերի գները թռչում են օդ իրենց բախտավոր գնորդների հետ միասին: Միաժամանակ, Երեւանը Ռուսաստանի մայրաքաղաքի հետ կապում են շաբաթական մինչեւ 100 չվերթ, որոնցով տեղափոխվում է նաեւ տարանցիկ ուղեւորների մի ստվար զանգված: Նույնանման պատմություն է նաեւ այլ հետխորհրդային երկրների պարագայում, ինչի պատճառով Մոսկվայի օդանավակայանները արդեն խեղդվում են ուղեւորների հոսքից:

Ռուսական ավիաընկերությունները գերիշխում են Հայաստանի երկնքում եւ թալանում հայաստանցիներին մեկ պատճառով՝ իշխանությունների կողմից վարվող, այսպես կոչված, «բաց երկնքի» քաղաքականության պարագայում (ի դեպ, չգիտես ինչու, դրա ամենաեռանդուն ջատագովն էր Վաշինգտոնը) պետությունը ոչ մի կերպ չի միջամտում «ազատ» շուկային: Թեկուզ տեղական ավիափոխադրողի ստեղծման եւ խրախուսման կերպով:

Տվյալ պարագայում այս շուկայական «բեսպրեդելի» անտեսանելի ձեռքը ունի կոնկրետ անուններ եւ ազգանուններ:

Ռեգնում

Թարգմանությունը՝ Հայկական Ժամանակ օրաթերթի կայքից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее