«Հաստատ խմելու ջուր ծախող մի ֆիրմայի հետ Ջրմուղը փող է սարքում»,-այսպես էր Երևանի Կենտրոնի 24-ժամյա ջրազրկման փաստին ողջ օրվա ընթացքում արձագանքում մեր տարեց գործընկերներից մեկը, որն արդեն հաշիվը կորցրել էր, թե որերոդ «Նոյ»-ն էր գնում խանութից՝ խմելու, զուգարանի, ծաղիկները ջրելու համար:
Իմ երիտասարդ գործընկերը Ջրմուղի, այսինքն ՝ «Երևան Ջուր» ընկերության մասին ավելի վատ կարծիքի է, սակայն վստահ է, որ պետք է խելք ունենալ ջրազրկման միջոցով բիզնես անելու համար, իսկ «Երևան Ջուր»-ի ղեկավարության խելքը այսքան տարիների ընթացքում չի օգնել նույնիսկ մայրաքաղաքում 24-ժամյա ջրամաակարարում ապահովել:
Երիտասարդ գործընկերս, բնականաբար, փայլում է իր սարկազմով:
Իսկ երրորդ գործընկերը, որ իրավաբանությունով է տարված, ավելի պրագմատիկ է և Կենտրոնի ջրազուրկ ողջ օրվա ընթացքում առաջարկում էր «դատի տալ» «Երևան Ջուր»-ին, որ ամառվա այս շոգին մարդկանց զրկել է ջրից ու դրանից առաջ սահմանափակվել ինչ-որ հաղորդագրությամբ, որ տարածել է երևի հեռուստատեսությամբ կամ լրատվամիջոցով, որ միայն իր ղեկավարությունն ու իրեն լիցենզիայի տված չինովնիկն է նայում կամ կարդում:
«Երևան Ջուր»-ին դատի տալու գաղափարը ոչ միայն մյուս գործընկերներից, այլ մեր գրասենյակի հարևան ռեստորանի, սրճարանի ու հյուրանոցի տերերին դուր եկավ:
Նրանցից մեկը նույնիսկ հիշեց,որ Ֆրանսիայում նման մի դեպքի առիթով ձեռներեցները հայց են ներկայացրել ջրամատակարարող ընկերության դեմ, փոխհատուցում ստացել ու նաև որոշումով պարտադրել՝ ջրամատակարարման հաջորդ հնարավոր դադարեցումից առնվազն 3 օր առաջ տեղեկացնել բնակիչներին ու կազմակերպություններին:
«Բայց դա Ֆրանսիայում....»,-հոգոց հանեց հարևաններից մեկն ու քթի մեջ ինչ-որ բառեր փնթփնթաց ... երևի ողջ օրը իրենց ջրից զրկողի հասցեին, որն, ի դեպ, ֆրանսիական ընկերություն է:
«Նոր ես էդ բարձրաձայն ասացի ու իմը՝ վեցհարկանի էր....»,-ժպտաց կողքից դույլով ջուր տանող տարեց կինը:
Ու բոլորս մոռացանք «Ջրմուղին» դատի տալու մասին, բավարարվեցինք հայհոյելով՝ նայած ով որ հարկ էր ջուր բարձրացնում ու գոնե առավոտյան ջուր ունենալու ակնկալիքով:
Հ.Գ.
Խորհուրդ «Երևան Ջուր»-ին՝ աշխատանքները գիշերն իրականացրեք՝ թեկուզ ձեր աշխատակիցներին կրկնակի վճարելով ու քաղաքացիների նյարդերի հաշվին ձեր գումարները մի խնայեք:
Հեղինակ՝
Ատոմ Գրիգորյան