Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հայտարարեց, որ Սերժ Սարգսյանին ներկայացված իր առաջարկները (առանցքային պաշտոններին իր թեկնածուների նշանակում և այլն) մեկ ամբողջություն են և դրանք կարող են փոփարինվել միայն համարժեք առաջարկություններով:
Առաջին հայացքից դրական ընկալվող նախաձեռնությունն իրականում փակուղի տանող ընթացք է բռնել, քանի որ ի սկզբանե ակնհայտ էր, որ մի շարք պաշտոններ՝ ԱԱԾ, գլխավոր դատախազություն, ԱԳՆ, «սակարկման» առարկա չէին դառնա, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու Սահմանադրական հիմքեր չկան: Սերժ Սարգսյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված իր նամակում ներկայացնելով վերոնշյալ առաջարկների կապված իր վերապահումները, նշել էր, որ «գրավոր նյութը հեռու է պետության և պետական իշխանության ձևավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից և ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին, այն, այդուհանդերձ, կարող է օգնել արդյունավետ երկխոսություն սկսելու համար»:
Րաֆֆի Հովհաննիսյանի այս հայտարարությունը ցույց տվեց, որ նա չի պատրաստվում իր առաջարկների հարցում «զադնի դնել» կամ, այլ կերպ ասած, փոխզիջումների գնալ:
Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահի հետ հնարավոր հանդիպմանն ընդառաջ սեփական օրակարգն է ներկայացնում՝ տրամաբանական է, ինչն, ի դեպ, որպես քննարկման հիմք ընդունեց նաև Սերժ Սարգսյանը, սակայն երբ նա հայտարարում է, որ դրանք փոփոխման ենթակա չեն (կամ կարող են փոփոխվել միայն համարժեք փոխփոխությամբ), ստացվում է, որ Ր. Հովհաննիսյանը ոչ թե հանդիպման օրակարգ է ներկայացրել, այլ ուլտիմատում, ինչը հարվածի տակ է դնում դեռևս սաղմնային վիճակում գտնվող գործընթացը:
Ր. Հովհաննիսյանը, «համարժեք փոփոխությունների» գաղափարը շեշտելով, փորձում է ցույց տալ, թե ինքը շարժի հնարավորություն է թողնում, սակայն իրականում հասկանալի է, որ «համարժեք փոփոխություն» ասվածը որևէ ձևով չի փոխում իրավիճակի բարդությունը:
Այս իրավիճակում դժվար է ակնկալել, թե իշխանությունն ի դեմս ՀՀԿ-ի, զիջումների կգնա, քանզի չնայած սոցիալ-տնտեսական հարցերում որոշ խնդիրներին ու փոփոխությունների պահանջարկին, չկա մի այնպիսի իրավիճակ, ինչն իշխանությանը կստիպի զիջումների գնալ:
Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը
Ֆեյսբուք