Խմբագիր Հայկազն Ղահրիյանը lragir.am-ում գրում է. Ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, թե Պուտինը պատրաստվում է շտապ մեկնել Բաքու, եւ հրահանգ է տրվել պատրաստել նրա ինքնաթիռը: Սակայն մեկ օր անց կրկին ադրբեջանական մամուլը հայտնեց, որ այդ «շտապ» այցը չի կատարվելու, այն հետաձգվում է:
Ռուսաստանի պաշտոնական շրջանակներում այս այցի մասին որեւէ տեղեկություն չկա: Արդյոք այս տեղեկատվությունն ադրբեջանական կողմի «նախաձեռնությունն» էր, թե նախաձեռնված էր Մոսկվայից, օրինակ հայկական կողմին ինչ որ բան ակնարկելու համար:
Բանն այն է, որ արդեն մի քանի օր է տարբեր շրջանակներից «արտահոսքեր» են լինում ռազմական առաջիկա գործողությունների մասին: Ադրբեջանը կուտակումներ է կատարել շփման գծի երկայնքով, ինչը հաստատել են թե ադրբեւանական, թե հայկական աղբյուրները: Ավելին, հայկական կողմը հայտարարեց, որ Ադրբեջանն առաջին անգամ անցնում է խոր պաշտպանության:
Դիվանագիտական ոլորտում նույնպես բավական ինտենսիվ իրադարձություններ էին տեղի ունենում, որտեղ նախաձեռնությունը փաստացի հայկական կողմինն էր: Հայաստանի իշխանությունը առաջ քաշեց երեք պայման բանակցության վերադառնալու համար, իսկ ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ հայտարարեց, որ եթե Ադրբեջանը վերսկսի լայնածավալ ռազմական գործողություններ, Հայաստանը կճանաչի ԼՂՀ-ն:
Դատելով ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ հայկական ռազմա-քաղաքական ղեկավարության պահվածքից, դժվար է ասել, թե արդյոք հետեւողական կլինեն այս պայմանների հարցում: Օրինակ, ՀՀԿ խոսնակ Շարմազանովը հայտարարել է, թե «Լավրովը բավարարել է հայկական կողմի պահանջների մեծ մասը»: Թե ինչն է բավարարել, ինչպես, նա չի մանրամասնել, համապատասխան տեղեկատվություն չկա: Փոխարենը, նկատելի է, որ հայկական կողմի առաջ քաշած բոլոր պայմանները հակասում են Ռուսաստանի քաղաքականությանն ու դիրքորոշմանը:
Մյուս կողմից, այս օրերին նկատելի է, որ ռուսական կողմը հայկական կողմի առաջ քաշած պայմանները ձգտում է հնարավորինս թանկ վաճառել Ադրբեջանի վրա, նրան անընդհատ հավաստիացնելով, որ «խուճապի կարիք չկա», պաշտոնական Երեւանը իրեն հավաստիացրել է, որ ոչ մի ճանաչում էլ չի լինելու: Իր հերթին, ՀՀ պաշտոնական շրջանակների հայտարարությունները Լավրովի հավաստիացումների ապացույցն են:
Փոխարենը, Ադրբեջանում անցել է հետպատերազմյա էյֆորիան, եւ այստեղ ավելի ու ավելի են սկսում հասկանալ, թե ինչ խնդիրների առաջ են կանգնելու մոտ ապագայում, թեեւ այդ խնդիրներն արդեն իսկ կան: Այստեղ իսկական խուճապ է, քանի որ ապրիլյան լայնամասշտաբ հարձակման արդյունքում Ադրբեջանը ոչ միայն չի կարողացել իրականացնել իր ծրագիրը, այլեւ կորցրել է իր բոլոր հաղթաթղթերը: Նախ, նա արդեն չի կարող պատերազմը չվերսկսելը բանակցային գործընթացում ներկայացնել որպես փոխզիջում: Բացի այդ, պարզ է դարձել, որ ապրիլյան «կիսատ» պատերազմի արդյունքում ուժեղացած ու կրակի մեջ թրծված հայկական բանակն այս անգամ արդեն կանգ չի առնելու:
Հաջորդ, Ադրբեջանի համար մյուս էական հանգամանքն այն է, որ իր գործողություններով նա յուրատեսակ քարտ-բլանշ է տվել հայկական կողմի գործողությունների համար, եւ եթե հայկական բանակը սկսի «անվտանգության գոտին բարելավելու» գործողությունները եւ դուրս գա նոր սահմանագիծ, ոչ ոք աշխարհում հայերին չի մեղադրելու եւ չի զսպելու: Այդ թվում՝ դրա «բարոյական իրավունքը» եւ հնարավորությունը ապրիլյան իրադարձությունների արդյունքում կորցրած Ռուսաստանը:
Ադրբեջանն, այսպիսով, հայտնվել է իսկական փակուղում: Եվ երեւում է Բաքվում Պուտինի այցի խիստ կարիք է զգացվել, որպեսզի նրան հարցնեն՝ ասացեք խնդրեմ, այս ինչպես պատահեց: Եվ միասին մտածեն, թե ինչ կարելի է անել իրավիճակից դուրս գալու համար:
Սակայն Ռուսաստանն ինքն է հայտնվել փակուղում, եւ հասկանում է՝ եւս մեկ պատերազմ, եւ ստիպված է լինելու հավաքել Ադրբեջանից մնացածն ու քաշվել «խոր պաշտպանության»:
Հիմա Ադրբեջանի միակ հույսն այն է, որ Ռուսաստանը կշարունակի Հայաստանից պոկել հավաստիացումներ եւ վաճառել իրեն, ինչպես մասնավորապես տեղի ունեցավ «զինադադարի» ժամանակ:
Հայկական կողմի համար, այս տեսակետից, ստեղծվել է բավական շահեկան իրավիճակ, քանի որ աշխարհում բոլորն էլ հասկանում են, թե ինչ է կատարվում: Խնդիրը նոր իրավիճակի հնարավորություններն օգտագործելն է եւ հետեւողական քաղաքականությունը գոնե առաջ քաշված պայմաններն ապահովելու համար:
Առաջիկայում Հայաստանին այս առումով լուրջ փորձություն է սպասվում:
Իսկ մինչ այդ, Հայաստանում վերակենդանացվում են մադրիդյան սկզբունքներն ու նմանատիպ «լուծման» ջատագովներն՝ իրենց արխայիկ, հնացած, իրականությունից կտրված «գաղափարաբանությամբ»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում