««Ազգային միացյալ նախաձեռնությանը»-ը հետագայում փորձելու եմ իրավական ուժ տալ և դարձնել հասարակական կազմակերպություն: Մեր նպատակը պարզ է` պայքարել հանուն Հայաստանի Հանրապետության և նրա անկախության, անել հնարավորինը` սոցիալ-տնտեսական առումով ապահով երկիր ստեղծելու համար,-Asekose.am-ին ասաց քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը` անդրադառնալով նորաստեղծ նախաձեռնությանը, որի հիմնադիրն է հանդիսանում: Ի դեպ, Շահենը չի ցանկանում, որ իրեն անվանեն տվյալ նախաձեռնության ղեկավար, քանի որ այս նախաձեռնությանը միացողները պետք է համախմբվեն` «Մենք են տերն այս երկրի» գաղափարի ներքո, այսինքն` պետք է լինի հավասարություն և պայքար` հանուն մեկ գաղափարի:
Շահենը նշեց, թե որն է իրենց նախաձեռնության գաղափարը.
«Նախաձեռնության անդամների կարծիքով` Հայաստանում գործող հանցավոր ռեժիմի վարած ոչ հայանպաստ քաղաքականության հետևանքով մեր հայրենիքում տիրում է ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ: Երկրում առկա են վախի մթնոլորտ, քաղաքական հալածանքներ, ամենաթողություն, անպատժելիություն, փտած արժեհամակարգ, որը երբեք չի կարող երկիրը, պետությունը հզորացնել, շենացնել, այսինքն` մենք պետք է քայլեր ձեռնարկենք մեր ունեցած ներուժի չափով, ինչը կախված կլինի հանրության շրջանակներում մեր նկատմամբ վստահության, հավատի և մեր գաղափարների նկատմամբ մոտեցումներից: Եթե ունենանք մեծ ներուժ, կկարողանանք մեր առջև դրված նպատակներն իրագործել, այսինքն` այդ դեպքում կկարողանամ խոստանալ, որ արդյունքն էլ կտեսնենք, սակայն ներուժ չունենալու դեպքում մեր բոլոր նպատակները չենք կարող իրագործել: Ես ուղղակի կարող եմ հանրությանը խոստանալ այն, որ երբեք հետ չեմ կանգնի պայքարից, բայց արդյունք չեմ կարող խոստանալ, որովհետև դա միայն ինձնից չէ կախված»:
Այն հարցին` արդյո՞ք արդյունք գրանցել ասելով նկատի ունի իշխանափոխություն իրականացնելը, Շահենը պատասխանեց.
«Այնպես է ստացվել, որ երկրում առաջ եկած շատ լուրջ խնդիրների հիմնական մեղավորն իշխանությունն է, հետևաբար` եթե ցանկանում ենք ինչ-որ բան փոխել, նախևառաջ պետք է փորձենք ազատվել ոչ լիարժեք, ապօրինի, հանցագործ իշխանություններից: Միայն կարող եմ նշել, որ հարցը միայն իշխանափոխությունը չէ, այլև մարդկանց արժեհամակարգի փոփոխումն է, գիտակցության բարձրացումը: Ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ իրեն պետք է զգա քաղաքացի, պետք է մտածի հետևյալ, մի փոքր ծայրահեղ ձևով` «Այս երկրի տերն եմ, առանց ինձ այս երկիրը չի կարող լինել և առաջ գնալ»: Յուրանքանչյուր պետք է իրեն զգա երկրի հիմնադիր, պահապան, երկրի առաջնորդ»:
Պայքարի և արժեհամակարգի փոփոխման համար էլ Շահենը նշեց հետևյալը.
«Գոյություն ունի հայոց պատմություն, որը շատ ժամանակ կարող է օգուտ տալ կամ` հակառակը: Ինքս շատ եմ հիմնվում հայոց պատմության վրա, խոսքիս ընթացում հաճախ եմ օգտագործում դրվագներ հայոց պատմությունից: Այդ փաստը մենք կփորձենք օգտագործել: Առհասարակ, մեր նախաձեռնությունով փոորձելու ենք անել հնարավորինը, որ մարդկանց գիտակցությունը փոփոխվի, արժեհամակարգը բարձրանա: Այնպես չէ, որ մենք ասում ենք, որ ամենալավն ենք և ունենք ամենալավ արժեհամակարգը, բոլորս էլ ունենք սխալներ և շտկելու տեղեր»:
Շահենն ասաց, թե որոնք են իրենց առաջիկա ծրագրերը.
«Առաջին քայլերից են նոր անդամների հավաքագրումը: Արդեն մոտ 3 տարի է, ինչ գտնվում եմ այս պայքարի թոհուբոհում, ունեմ գաղափարական ընկերներ և փորձելու եմ նրանց ներգրավել այս գաղափարի շուրջ, ապա կփորձեմ նրանց հետ միասին այս ամենը ներկայացնել Հայաստանի բոլոր համայքներում, քաղաքներում, գյուղերում: Աշխատանքներ իրականացնելուց հետո նրանց էլ կփորձեմ համախմբել մեր գաղափարների շուրջ: Այդ ամենից հետո կանցնենք մեր ծրագրի հաջորդ հատվածին` կկազմակերպենք քննարկումներ, որոշակի ֆորումներ, բանավեճեր, միջոցառումներ և դրանց միջոցով կփորձենք պատճառահետևանքային կապերը հասկանալ և ոչ միայն: Երբ արդեն ունենանք բավավար արդյունք, կիրականացնենք նաև ծրագրի մյուս փուլը: Նախքան նախաձեռնությունը հիմնելը կազմել ենք մեր հստակ ծրագիրը, որն ունի երեք կամ առավելագույնը չորս հատված: Պետք է նաև ունենանք լավ կորիզ, որովհետև յուրաքանչյուրն էլ կարող է ասել, որ ցանկանում է մեզ միանալ, բայց քննարկումների միջոցով կհասկանանք, թե որքանով է համապատասխանում մեզ: Ի վերջո, նախորդ տարի Բաղրամյան պողոտայի պայքարի ժամանակ շատ մարդիկ կային, ովքեր գալիս էին զուտ ժամանակ անցկացնելու նպատակով, մաֆիա խաղալու, սակայն ոչ հանուն գաղափարի»:
Խոսելով իր ներկայիս թիմակիցների մասին` Շահենը նշեց, որ դրանց շարքերում իր ընկերներն են և ոչ միայն.
«Երիտասարներ են, ովքեր որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչներ չեն: Կան մարդիկ, ովքեր մեզ են միացել, սակայն ինձ պես անչափահաս են: Ոչ պաշտոնական տվյալներով արդեն մոտ 40-50 հոգի նախաձեռնության անդամ են: Ավելի հստակ թիվ դեռ չեմ կարող ասել, որովհետև պարբերաբար նամակներ եմ ստանում, որում նշում են, որ ցանկանում են անդամագրվել մեզ, բայց դեռ չգիտեմ դա անում են ուղղակի անելու համար, թե իսկապես կանդամագրվեն: Արդեն սկսելու եմ անդամագրել մարդկանց, իսկ կիրակի արդեն գնալու եմ Գյումրի: Շրջելու եմ Հայաստանով և փորձելու եմ համախոհներ գտնել: Արդեն արձագանքներ եմ ստացել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում ապրող հայերից, ովքեր առաջարկում են տեղում բացել մեր նախաձեռնության` Սփյուռքի գրասենյակները»:
Դիտարկմանը, որ ընդամենը 17 տարեկան է և իրեն տարիքից ելնելով` կարող են չվսհատել, ինչի պատճառով էլ, գուցե, չհաջողվի արժեհամակարգ փոփոխել, Շահենն ասաց.
«Ես կանխատեսում եմ, որ իշխանության հատուկ գործակալական ցանցը մեր դեմ, բնակաբար, գործելու է: Եթե մենք հիմա անչափահաս ենք, հետագայում, իհարկե, մեծանալու ենք և ուժ ենք ներկայացնելու, հո անչափահաս չենք մնալու: Պարզապես մենք այս տարիքից ենք աշխատանքներ իրականացնում` երկրի բարեփոխման համար: Անշուշտ, վստահության խնդիր ունենալու ենք, կասեն, որ անչափահաս ենք, մանկապարտեզ է, բայց պայքարի ընթացքում տարիքը կապ չունի: Նույն արցախյան պատերազմում 15-16 տարեկան տղաներ էլ են զենք վերցրել և պայքարել: Բացի այդ մեր նախաձեռնության անդամները չեն հավակնում փոխել օրինակ` 35 տարեկան մարդկանց արժեհամակարգը, անձամբ ես դա ինձ չեմ կարող թույլ տալ: Մենք ներկայացնելու ենք մեր գաղափարները, եթե մարդկանց դրանք դուր գան, նրանք կմիանան մեզ: Մենք մեր աշխատանքը կանենք, մնացածը թող ժողովուրդը որոշի և հասկանա տարիքի հանդեպ իր վերաբերմունքը: Գործով է որոշվում մարդու վճռականությունը և մարտական ոգին, ոչ թե տարիքով»,-իր խոսքը եզրափակեց Շահեն Հարությունյանը:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան