Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմադոսն, Asekose.am-ի հետ խոսել է Արցախի, քաղաքական սպասվող հանդիպումի ու մեր օրերի մասին:
Մանկությունս ու պատերազմը հասակակիցներ են. դրա համար շատ են այդ օրերի հիշողություններս՝ անուններ, մարդիկ, դեպքեր, դեմքեր, հերոսներ, նրանց մասին լսում էինք համարյա ամեն օր: Ահա մի նման վառ հիշողություն է իմ հեռակա ծանոթությունը Կոմանդոսի(Արկադի Տեր-Թադևոսյան) հետ: Սկզբում ինձ թվում էր թե նա Ռեմբոյի, Վան Դամի ու Բրյուս Լիի նման մեկն է, որ եկել է պաշտպանելու մեզ, իսկ մի քանի տարի անց շատ ուրախացա, երբ արդեն դպրոցում հասկացա, որ այդ հերոսը հայ է ու իսկական, ոչ ֆիլմային:
Հիմա, երբ նորից վերապրեցինք պատերազմական ահասարսուռ օրեր, այս անգամ մոտիկից տեսա հերոսին, ով շրջապատված էր ազգի մասին մտահոգ հայրենասերների մտերմիկ շրջապատով: Հերոս, ով իր անվանն ու գործին ներդաշնակ համեստություն ուներ, նուրբ հումոր, երբեք չէր հիշում իր գործը, իսկ դրա մասին հիշեցումների կողքով անցնում էր աննկատ, մտազբաղ էր մեր ներկայով ու ապագայով : Ահա այս ծիրում էլ ստացվեց մեր փոքրիկ զրույցը.
- Շատերը գիտեն կամ չգիտեն Ձեզ տրված ժողովրդականացված անվան ծագումը, խնդրում եմ ևս մեկ անգամ հիշենք, թե ինչպես ստացաք այն:
- Պատմականորեն հայտնի մի անգլիական ջոկատ կար, որը հակառակ հարաբերականորեն քիչ քանակությանը, կարղանում էր կատարել մեծաթիվ ջոկատի աշխատանք. նրանք լուրջ հարցեր էին լուծում ու իրենց հայտնի գործողություններով ցայսօր հիշվում են Անգլիայի զինվորական պատմության մեջ: Ահա այս օրինակով, մեր փոքրաթիվ ջոկատն էլ տարբեր ռազմական խորամանկություններով կարղանում էր կատարել այնպիսի գործողություններ, որ թշնամուն թվում էր, թե դա մեծ թվով մարդկանց ձեռքի գործ է: Օրինակ,երբ սկզբնական շրջանում մեր ջոկատը քսանհոգանոց էր ու ամեն տանը հինգհոգանոց խմբերով էինք, որպեսզի շփոթեցնեինք թշնամուն, հաճախ հինգհոգանց խմբերով հավաքվում էինք մի տան մեջ կամ կատարում տարբեր ռազմական հնարքներ, ու թշնամին մեր մասին խոսելիս՝ ասում էր, որ իմ ջոկատը ունի մոտ տասը անգամ շատ մարդ (Զինվորական խրամանկությունը գիտություն է) . սրա համար զինակից ընկերս ու հետո տղաները ինձ տվեցին այս անունը:
- Այսօր էլ փոքրաթիվ ենք ուժերով ու կրկին ուժերի ու ռեսուրսների հարաբերականությունը տարբեր է, բայց դուք վստահ եք մեր հաղթող գենի վրա:
-Այո մենք մեր ուժը ստանում ենք մեր հողերից, մենք մեր հողի համար էինք կռվում. մեզնից դարեդար հողեր էին պոկել ու մենք չպիտի թույլ տայինք, որ Արցախն էլ պոկեին, եթե չպաշտպանվեինք, երկրորդ 1915 թիվը կլիներ: Ուզեինք - չուզեինք մեր վրեժը ու ցավը պիտի ծներ նման հաղթանակ: Իսկ թվային առումով՝ առաջին հայացքից է թվում մարդկային ռեսուրսների հարաբերական տարբերությունը, բայց չմոռանանք, որ իրենք բազմազգ պետություն են. շատ են, կրոնական -մշակութային, լեզվական տարբերությունները, ունեն օրեցօր հասունացող ներքին խնդիրներ:
- Այսօր մեր նոր սերունդն էլ ապացուցեց ձեր խոսքերի իրավացիությունը:
-Այսօրվա զինվորը հաղթող ծնողների սերունդն է ու դա թշնամուն հաճախ ընկճում է. իննսունականներից արդեն վախի սիմպտոմը կա թուրքերի մեջ, նրանք մեզ գազան են դարձրել ու դա լավ է...Իսկ մեր զինվորները արդեն մեզնից հզոր են ՝ կազմակերպվածությամբ, տեխնիկայով: Մեր մարտունակ բանակի մասին շատ են գրել ՆԱՏՕ-ի , ԱՄՆ_ի , Իսրայելի ամենատարբեր մասնագետներ: Այս օրերի կռվի ժամանակ իրենք ցույց տվեցին այս ամենը:
-Նման հարևանների դեպքում մեր պայքարը հավե՞րժ է, թե դիվանագիտությունը գուցե ելքեր գտնի, օրինակ առաջիկայում սպասվում է նախագահների մակարդակով հանդիպում:
-Ես չեմ կարող մտնել քաղաքական մտածումների մեջ, բայց կան համամարդկային չգրված օրենքներ՝ քեզ խփում են, դու էլ պիտի խփես, իսկ այժմյան դիվանագիտությանը չեմ հավատում. հույսը դնելը դրսի վրա մեզ օգուտ չի բերում:Կա միջազգային օրենք, որ յուրաքանչյուր երկիր ունի ինքնապաշտպանության իրավունք: Ես Սարգսյան-Ալիև հանդիպումից էլ ակնկալիք չունեմ:
Իսկ ռազմական մասով՝ մենք իրավունք չունենք համեմտության մեջ դնել մեր հարյուրի դիմաց նրանց տված մեծաթիվ զոհերը. մեր հարյուրը չենք կարող անգամ նրանց տասը հազարի հետ համեմատել: Իսրայելի օրինակով պիտի հակադարձել՝ մեկ կրակոցին երեք անգամ ավելիով պատասխանելով, իսկ մեր զինվորը մինչև օրս հաշվում է իր պատրոնները, մինչդեռ նրանք անհաշիվ կրակում են. չեմ հասկանում այս սպասողական վիճակը, ինչն է խանգարում մեզ հզոր հակադարձելու:
-Այսինքն դուք ելքը տեսնում եք լայնամասշտաբ պատերազմի մե՞ջ:
-Այսօր երկու կողմերն էլ չեն կարող դրան գնալ. խոսքս փոքր ուժերով հզոր հակադարձի մասին է, որ կոնկրետ տարածքներին հարվածելով՝ կարողանանք կաթվածահար անել նրանց տնտեսությունը, որ հասկանան թե ում հետ գործ ունեն. ճեղքել մի տարածք, որտեղով անցնում են նրանց տնտեսական երակները՝ գազը, նավթը, էլեկտրագիծը:
-Իսկ դա վտանգներ չի՞ պարունակում. նրանք օրինակ հակադարձում են մեր Ատոմակայանով:
- Իրենք շատ լավ գիտեն, որ դրանից Թուրքիան նույնպես կտուժի, իսկ մեր քթի տակ իրենց կարևոր տնտեսական կետերն են:
- Ի՞նչը դրդեց թշնամուն հղփանալ այս տարիներին:
-Տեղ-տեղ նաև մեր վստահությունը. շոուներ, հարստության մրցավազք. մենք կորցրին ժամանակը: Մենք փոքր ենք, քիչ ենք, ու միշտ պիտի պատրաստ լինեինք՝ մեր բոլոր ռեսուրսները բանակին ուղղելով: Մենք մենակ ենք, չունենք օգնականներ. միայն թղթի վրա են գրծընկերները ու այս օրերին էլ համոզվեցինք դրանում, իսկ իրենք սնվում են շատ երկրներից:
-Մեզ պետք է սթավե՞լ:
- Պետք է հայերս խելքի գանք:
Պատմությունը կերտում են անհատները, ահա նրանցից մեկն է իմ այսօրվա հերոսը, մեր օրերի հերոսը:
Զար Տելալյան-Դիլանյան
Հատուկ Asekose.am-ի համար