▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետությունը «ձեռքերը լվանում» և մի կողմ է քաշվո՞ւմ Գյումրու անօթևանության խնդրից

Գյումրու ավագանին 2012 թ. տարեվերջյան նիստում ՝ դեկտեմբերի 27-ին, իր գործունեության ողջ պատմության մեջ առաջին անգամ ընդունեց ՀՀ կառավարությանը հասցեագրված, աղետի գոտում անօթևանության դեռևս չլուծված խնդրին վերաբերող ուղերձ, որը պատրաստվել էր ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի կողմից:

   Օրերս ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը հանրապետության վարչապետի 2013 թվականի մարտի 4-ի N 02/24.3/2894-13 հանձնարարությամբ պատասխանել է ուղերձին: Պատասխանում գրեթե նոր բան չի ասվում, բայց այս անգամ առավել բաց տեքստով հայտարարվում է, թե Գյումրու ժամանակավոր կացարաններում ու վագոն-տնակներում մի կերպ պատսպարված հազարավոր անօթևան ընտանիքները պետության վրա հույս չպետք է դնեն: Ուստի կարծում ենք` արժե, որ անօթևան ընտանիքներին բնակարաններ տրամադրելու ահա 25 երկար ու ձիգ տարիներ  ձգձգվող խնդիրը մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, ինչպես նաև լրատգրողները, դարձնենք մշտապես քննարկվող թեմա, քանի դեռ պետությունը չի ստանձնել պարտավորություն ու իսպառ լուծել այն:

   Ստորև ներկայացնում ենք Գյումրու ավագանու ուղերձն ու պատասխանն՝ ամբողջությամբ:

« ԳՅՈՒՄՐՈՒ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՒՂԵՐՁԸ

ՀՀ Կառավարությանը, ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանին

Հարգելի պարոն Տ.Սարգսյան,

 Լրացավ 1988 թվի Սպիտակի երկրաշարժի 24-րդ տարելիցը:

Գյումրու ավագանին նկատում է, որ չնայած անցած տարիներին աղետի գոտում իրականացված ծավալուն բնակարանաշինությունը, երկրաշարժից արդեն 24 տարի անց աղետի գոտին ամբողջությամբ դեռ չի վերականգնել. տարբեր տվյալներով միայն Գյումրիում երկրաշարժից անօթեւան է եւ տնակներում է ապրում ավելի քան 2.700 ընտանիք (աճած եւ կիսված անօթեւան ընտանիքներ, բնակարաններ կորցրած եւ չհաշվառված, սեփական տներ կորցրած ընտանիքներ), իսկ այլ անօթեւան ընտանիքների թիվը 1.600-ից ավելի է (տնակներում ապրող ներգաղթյալներ, սոցիալական պատճառներով բնակարանները օտարած ընտանիքներ եւ այլն): Գործազրկությունը, աղքատությունը Գյումրիում եւ Շիրակի մարզում կործանարար չափեր ունեն:

Անօթեւանության խնդիրը վերջնականապես կարգավորելու, մարդկանց տնակային անտանելի պայմաններից հանելու եւ քաղաքը տնակներից հիմնավորապես ազատելու համար, հասկանալով, որ մոտավորապես 3 մլրդ դրամ/տարեկան բյուջե ունեցող Գյումրի համայնքը չունի խնդիրը կարգավորելու սեփական միջոցներ, ուղերձով դիմում ենք Ձեզ, կոչելով.

 

1. Պետության ուշադրության կենտրոնում պահել 1988 թվի երկրաշարժից փաստացի անօթեւան դարձած, աճած, կիսված եւ մինչ օրս տնակներում
ապրող մոտ 2000 ընտանիքներին, անօթեւան դարձած, բայց չհաշվառված մոտավորապես 400 ընտանիքներին եւ սեփական տներ կորցրած ու չհատուցված մոտավորապես 300 ընտանիքներին, հատուկ պետական ծրագիր մշակել նրանց բոլորին պատշաճ կերպով հաշվառվելու եւ առաջիկա երեք տարում բնակարաններով փոխհատուցելու` ըստ անօթեւանության պայմաններում ապրող ընտանիքների անդամների փաստացի թվի:

2. Ուժը կորցրած համարել ՀՀ կառավարության 1999 թվականի համար 432 որոշումը: Երկրաշարժից անօթեւան դարձած, հետազգայում աճած եւ կիսված ընտանիքների այն մասերին, որոնք մնացել են ապրելու տնակներում, ճանաչել որպես պետության կողմից փոխհատուցման ենթակա անօթեւաններ:

3.Հատուկ պետական ծրագիր մշակել անօթեւանության պայմաններում ապրող մյուս ընտանիքներին (տնակներում ապրող ներգաղթյալներ, սոցիալական պատճառներով բնակարանները օտարած ընտանիքներ) հատուկ կարգավիճակ շնորհելու եւ առաջիկա երեք տարում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող սոցիալական բնակարաններով կամ դրանց հավասարեցված կացարաններով ապահովելու մասին, որոնցում նրանք անժամկետ եւ առանց վարձավճարի բնակվելու իրավունք կստանան, վճարելով կոմունալ ծախսերի համար միայն:

4. Բացի վերը բերված լուծումները, կիրառել այլընտրանքային լուծումներ, ինչպես օրինակ` անօթեւաններից ցանկություն ունեցողներին ընձեռել որոշակի արտոնություններ (անտոկոս վարկեր, էժան շինանյութ, աշխատուժի վճար կամ որպես աշխատուժ` ներգրավում սեփական տան կառուցման աշխատանքներում) տնակներից ազատվելու եւ իրենց համար սեփական տներ կամ կացարաններ կառուցելու համար:

 
Հարգելի պարոն վարչապետ, մեր պարտքն է հիշեցնել, որ այս մասին հասարակական գործիչներն ահազանգել են տարիներ շարունակ, սակայն խնդիրը լուծելու իշխանությունների փորձերը եւ ներդրված ջանքերը եղել են ոչ ամբողջական եւ անբավարար, իսկ խնդիրը մնացել է եւ զարգացել: Այժմ էլ, անօթեւանության այս խնդիրը շուտափույթ չկարգավորելու կամ դանդաղ կարգավորելու դեպքում, ճգնաժամը խորանալու է` անօթեւան ընտանիքների թիվը շարունակաբար մեծանալու է, աճելու է արտագաղթը, սոցիալական ճգնաժամն ու մշակութային օտարումը Գյումրիում դառնալու են անհաղթահարելի»:

« Գյումրու քաղաքապետ պարոն Ս. Բալասանյանին

ՀՀ վարչապետի 2013 թվականի մարտի 4-ի N 02/24.3/2894-13 հանձնարարական

Հարգելի պարոն Բալասանյան,

Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ շահագրգիռ մարմինների հետ համատեղ քննարկելով Գյումրի համայնքի ավագանու 2013 թվականի հունվարի 29-ի N 1/1-04/165 ուղերձով ներկայացված` Գյումրի քաղաքի անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկությունները, հայտնում եմ.

ուղերձում նշված, Գյումրի քաղաքում տարբեր պատճառներով անօթեւանի կարգավիճակում հայտնված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման խնդիրն առկա է նաեւ հանրապետության այլ բնակավայրերում: Ընդ որում, հաշվի առնելով բնակարանային պայմանների ու աղքատության կապը` խնդիրն առանձնացված է ՀՀ կառավարության կողմից ընդունված`«Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի» եւ ՄԱԿ-ի «Հազարամյակի զարգացման նպատակների» տեսանկյունից:

Խնդրի լուծմանն ուղղված զարգացումներն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ձեւավորվել է ծրագրային մոտեցում: Չնայած ընդունված եւ իրականացված ծրագրերին, որոնցից իր ծավալով առնձնանում է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը, հանրապետությունում դեռեւս պահպանվում է բնակարանային պահանջարկի բարձր մակարդակ: 

Ըստ փորձագիտական գնահատականների հանրապետության բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեն մոտ 60 հազար ընտանիք, որոնցից անօթեւանի կարգավիճակում են (բնակվում են տնակներում կամ այլ ժամանակավոր կացարաններում) մոտ 30 հազարը:

Ստեղծված իրավիճակում առաջարկվում է Գյումրի քաղաքում տարբեր պատճառներով անօթեւան մնացած մոտ 4300 ընտանիքների (ուղերձի համաձայն) բնակարանային պայմանների բարելավման հարցի քննարկմանը անդրադառնալ հանրապետությունում առկա նմանատիպ խնդիրների լուծմանն ուղղված նախապես մշակված եւ ընդունված ծրագրերի շրջանակներում, դրանցով սահմանված չափանիշների համաձայն` ներկայումս աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած, սահմանված կարգով հաշվառված ընտանիքների բնակարանային խնդրիների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացման փուլում գտնվող բնակապահովման ծրագրի ավարտից հետո:

Ընդ որում, կարեւորում է ծրագրերի համաֆինանսավորման (ՀՀ տարեկան պետական եւ համայնքային բյուջեներով այդ ուղղությամբ նախատեսված հատկացումների հաշվին, ինչպես նաեւ պետական-մասնավոր գործընկերության շրջանակներում` արտաբյուջետային աղբյուրների ներգրավման միջոցով) սկզբունքով իրականացումը` փուլային եւ տարածքային մոտեցումների կիրառմամբ:

Հարկ է նշել, որ «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքով (15.08.2001թ. ՀՕ-203) ձեւավորված պարտավորությունների կատարման ապահովման տեսանկյունից ուղերձում նշված խմբերից առանձնացվում է աղետի գոտու քաղաքային բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով սեփական բնակելի տուն կորցրած ընտանիքների խնդիրը: Ըստ ուղերձի այդ ընտանիքների թիվը Գյումրի քաղաքում կազմում է մոտ 300, իսկ նախնական տվյալենրի համաձայն Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան ու Դիլիջան քաղաքներում մոտ 1000: Նշված ընտանիքների բնակարանային Խնդիրների լուծման նկատմամբ առաջարկվում է կիրառել աղետի գոտու բնակավայրերում մինչ օրս իրականացված ծրագրերի շրջանակներում ձեւավորված մոտեցումները:

Ինչ վերաբերում է ուղերձով ներկայացված` մնացած խմբերում ընդգրկված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հետ կապված հարցին, ապա այն կարող է կարգավորվել ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից մշակված եւ ներկայումս շահագրգիռ կողմերի հետ քննարկման փուլում գտնվող` «Սոցիալական բնակարանային ֆոնդի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումից հետո` օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակներում ստեղծվող սոցիալական բնակարանային ֆոնդից սոցիալական բնակարանների հատկացմամբ:

Անդրադառնալով ուղերձում արված` ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N432 որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկությանը, անհրաժեշտ է նշել, որ նպատակ ունենալով աղետի գոտու բնակավայրերում ներկայումս իրականացման փուլում գտնվող ծրագրի շրջանակներում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած եւ սահմանված կարգով հաշվառված բոլոր ընտանիքների նկատմամբ կիրառել միանման մոտեցումներ, առաջարկության ընդունումը գտնում ենք ոչ նպատակահարմար:

Հարգանքով` Ս.Թադեւոսյան»

Աղբյուրը` shirakcentre.org

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее